Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՊԱՆ ՈՐ ՉԼԻՆԵՐ…

Ապրիլ 23,2009 00:00

Երեկ, ժամը 15:45-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մի երկու շենքերի բնակիչներ, իրենց ասելով՝ «կեսժամանոց բոյեւիկի» կենդանի ականատեսն են եղել: Պարզվում է՝ այդ ժամին 08 080 համարանիշի մի սեւ «Ժիգուլի դեսյատկայի» վարորդ խախտել է երթեւեկության կանոնները եւ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգին եւ կանգ չի առել: Ոստիկաններն էլ ընկել էին կարգազանցի ետեւից եւ նրան հաջողացրել էին կանգնեցնել Լենինգրադյան փողոցի 48 եւ 50 շենքերի մոտ միայն: Ականատեսների պատմելով, «դեսյատկայից» դուրս էին թռել աքլորացած մի երիտասարդ եւ նույն մեքենայի էլի մի երիտասարդ ուղեւոր եւ հարձակվել էին ավտոճանապարհային ոստիկանների վրա: Էլ հայհոյանք, էլ ձեռնամարտ… Ականատեսների ասելով, Լենինգրադյան փողոցը այդ կռվի մոտ 30 րոպեի ընթացքում խցանված է եղել: Կենացները քաղցրացել էին, երբ դեպքի վայր էին հասել ոստիկանության օգնական ուժերը՝ մի կողմից, Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանն ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Դավիթ Օհանյանը՝ երիտասարդների կողմից: Բանից պարզվել էր, որ օրինազանց վարորդը ոչ այլ ոք, քան հենց թաղապետ Ռ. Հովսեփյանի որդին կամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր որդին է՝ Գառնիկը: Այս դեպքում, ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, կարգազանցներին, հակառակ երկու թաղապետերի միջամտությանը, մի կերպ հնարավոր էր եղել բերման ենթարկել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, իսկ մեքենաները տարվել էին տուգանային հրապարակ:

Ոստիկանությունում մասամբ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը: Այսինքն՝ մեքենան տուգանային հրապարակ տանելու մասը հաստատեցին, իսկ պետավտոտեսուչի արգելակելու հրահանգին չենթարկվելու, առավել եւս՝ ոստիկանության աշխատակիցներին հարվածելու կամ դիմադրելու մասը չհաստատեցին: Բա ի՞նչ էիք կարծում. Գլխավոր դատախազի եղբոր տղան կամ թաղապետի որդին հո ընդդիմության ներկայացուցիչներ չե՞ն, որ Քրեական օրենսգրքի 316 հոդվածով դատվեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել