Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձախլիկությունը պաթոլոգիա չէ

Ապրիլ 23,2009 00:00

Ձախլիկներին հատուկ է անսովոր մտածելակերպը

Կարենն առաջին դասարանում է, սիրում է ավելի շատ կարդալ, քան գրել: Ձեռագիրը խառն է, դժվարընթեռնելի: Երբ նկատում է զայրացած մայրիկին՝ գրիչը ձեռքին, թաքնվում է բազկաթոռի կամ դռան հետեւում: «Երբ Կարենը փոքր էր՝ չէի հասկանում, որ ձախլիկ է, թեպետ պատառաքաղն ու գդալը ձախ ձեռքով էր բռնում»,- պատմում է տղայի մայրը՝ տիկին Հասմիկը: Ըստ նրա, Կարենի դպրոց գնալու առաջին շաբաթվա ընթացքում նկատել էր, որ որդին ձախ ձեռքով է գրում եւ սկսել է անհանգստանալ: Հետագայում անհանգստությունը վեր է ածվում բարկության ու նույնիսկ՝ ծեծի. «Գրիչը դնում եմ աջ ձեռքում, մի քանի տառ է գրում, բայց երբ խոհանոց եմ մտնում կամ աչքս թեքում եմ՝ սկսում է նորից ձախով գրել, ջղայնանում եմ, սկսում լացել, որ վերջապես հասկանա, որ չի կարելի ձախ ձեռքով գրել…»:

Հոգեբան Կարինե Նազարյանը խորհուրդ է տալիս ոչ միայն տիկին Հասմիկին, այլեւ ձախլիկ երեխաներ ունեցող բոլոր ծնողներին, որ մեկընդմիշտ հասկանան՝ ձախլիկությունը պաթոլոգիա չէ, այլ՝ հետաքրքիր առանձնահատկություն: «Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին ոչ թե «ճիշտ» բռնել մատիտը կամ գրիչը, այլ օգնեն նրանց հարմարվել աջլիկության աշխարհում: Ծնողներից չի պահանջվի ոչ մի առանձնահատուկ տաղանդ, այլ միայն համբերություն եւ հանգստություն»,- ասում է հոգեբանը:

Հաճախ նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները եւ դաստիարակները ուշադրություն չեն դարձնում այն փաստի վրա, թե որ ձեռքն է երեխային առաջնորդում: Հոգեբանն ասում է, որ երեխաները միշտ եւ ամեն ինչում ընդօրինակում են մեծերին, եթե, օրինակ, մանկապարտեզի դաստիարակն ասում է, որ վերցնեն գդալը աջ ձեռքով եւ ցույց է տալիս՝ բոլորը կատարում են «հրամանը», բայց նրանց մեջ լինում է «մեկը», ում անհարմար է աջ ձեռքով պատառաքաղ օգտագործելը: Ծնողները չեն հասկանում, որ այդ տարիքում ստիպողաբար վերափոխում են ձախլիկ երեխային, ով հետագայում կարող է դպրոցում խնդիրներ ունենալ ոչ միայն ուսման, այլեւ իր հասակակիցների հետ շփվելու ժամանակ: «Դա ապացուցված փաստ է՝ ձախլիկ երեխաները տարբերվում են իրենց աջլիկ տարիքակիցներից: Այդպիսի երեխաները սովորաբար տպավորվող են, դյուրագրգիռ, անվստահ, սիրում են առանձնանալ եւ թաքնվել բոլորից»,- նշում է մեր զրուցակիցը:

Նման երեխաները դժվար են գրել եւ կարդալ սովորում, սակայն, ի տարբերություն իրենց հասակակիցների, զարգացած են նրանց երաժշտական ունակությունները: Ըստ Կարինե Նազարյանի՝ հաշվի առնելով նրանց բնածին յուրահատկությունները, պետք է մշակել դաստիարակության ճիշտ մեթոդներ՝ ազատել երեխաներին հետագա խնդիրներից:

Ըստ հոգեբանի. «Իրականում դժվար չէ որոշել, թե որն է երեխայի առաջնորդող ձեռքը, ծնողները պետք է երեխայի հետ անցկացնեն թեստային վարժություններ՝ նախքան դպրոց հաճախելը: Պետք է հետեւել, թե որ ձեռքով է երեխան մաքրում ատամներն ու խաղալիքներ վերցնում: Երբեք պետք չէ երեխայի հետ պայքարի մեջ մտնել, եթե նա համառում է, չպետք է նյարդայնանալ, որ երեխան դանդաղաշարժ է: Չպետք է երեխային անընդհատ նախատել, որ նա ինչ-որ բան սխալ ձեռքով է անում»: Հոգեբանը խորհուրդ է տալիս ընդհանրապես չխոսել այդ թեմայով եւ հիշել, որ ձախլիկ երեխաներին կօգնեն դպրոցում իրենց ուսուցչուհիների եւ ընկերների ուշադրությունը եւ համբերությունը, տանը՝ ծնողական քնքշանքը:

Կան երեխաներ, ովքեր չեն կողմնորոշվում իրենց աջլիկության կամ ձախլիկության մեջ եւ ողջ կյանքի ընթացքում շարունակում են գլուխ չհանել իրենց առաջնորդող ձեռքը գտնելու հարցում:

Իրականում ձախլիկները, որոնք կարող են շատ լավ աշխատել ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ձեռքով, որպես անհերքելի սկզբունք, ավելի տաղանդավոր են, քանի որ հավասար չափով են աշխատում ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը: Ձախլիկ երեխաները երբեք չպետք է զգան ծանրաբեռնվածություն, թեպետ կյանքում նրանք լավ մարզիկներ են դառնում:

Վերջում Կ. Նազարյանը հավելեց. «Ձախլիկներին հատուկ է հիմնականում ոչ սովորական մտածելակերպը, նրանք իրենց հասակակիցներից տարբերվում են շարժուձեւով, իրերի նկատմամբ իրենց մոտեցմամբ, իսկ առաջին դասարանցիները լինում են մի քիչ ծույլ եւ ալարկոտ, որը ժամանակավոր բնույթ է կրում: Մեկ-երկու տարի անց նրանք, որպես կանոն, սթափվում են եւ սկսում օգտագործել իրենց ներսում ամբարված էներգիան…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել