Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍՆ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է

Ապրիլ 23,2009 00:00

Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ՖԻԴԵ-ի «Grand Prix» չորրորդ մրցաշարին, որ ընթանում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի «Սինդիկա» հյուրանոցում, մեծ հետաքրքրությամբ են հետեւում ամբողջ աշխարհում:

\"\"\"\"

Այդ հանրապետության նախագահի մամուլի կենտրոնը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ շախմատային խաղատախտակների առջեւ ծավալվող պայքարին ամեն օր ինտերնետի on-line ռեժիմով «մասնակից» են դառնում ավելի քան 120 երկրների շախմատասերներ:

Հայաստանցիներիս համար ուրախալի է, որ Նալչիկում հանդես եկող մեր երկու գրոսմայստերները («Grand Prix»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 մլն ռուբլի է) հաջող մրցելույթներ են ունենում: Ասվածն առաջին հերթին վերաբերում է Լեւոն Արոնյանին, որը վեցերորդ տուրում պարտության մատնելով Ուկրաինայի լավագույն շախմատիստ, բազմափորձ Վասիլի Իվանչուկին՝ իրեն վերադարձրեց միանձնյա առաջատարի հաճելի դերը: Անգլիական սկզբնախաղում Լեւոնից հաղթանակի համար պահանջվեց ընդամենը 40 քայլ, ճիշտ այնքան, որքան կանոնակարգով հատկացված է շախմատիստներին երկու ժամում կատարելու համար:

Համեմատաբար անվստահ մեկնարկից հետո աստիճանաբար իր խաղն է գտնում Վլադիմիր Հակոբյանը: Մեկնարկային չորս տուրերում ընդամենը մեկ միավոր վաստակելուց հետո՝ նա հինգերորդում եւ վեցերորդում հաղթական միավորներ վաստակեց ամերիկացի Գատա Կամսկուց, այնուհետեւ՝ երրորդ տուրում Արոնյանին «նեղացրած» ուկրաինացի Սերգեյ Կարյակինից եւ, մրցաշարային աղյուսակում զգալիորեն բարելավելով դիրքերը, 3,0 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական:

Երեկ յոթերորդ տուրում Լեւոնը խաղում էր ֆրանսիացի Էտյեն Բակրոյի, իսկ Վլադիմիրը՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերն էին. Սվիդլեր-Կասիմջանով, Ալեքսեեւ-Մամեդյարով, Իվանչուկ-Լեկո, Կարյակին-Կամսկի, Գելֆանդ-Էլյանով:

Արոնյանը առաջատար է մնում

Երեկ Նալչիկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Էտյեն Բակրոյի ու Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Արոնյանը 4,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքերը, իսկ Հակոբյանը 3,5 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել