Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Ապրիլ 23,2009 00:00

ՌԴ Պետդումային վրդովեցրել է, որ Ադրբեջանը, Մոլդովան եւ Հայաստանը մասնակցելու են Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «հակառուսական» զորավարժություններին: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն»՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, երեկ ռուսական խորհրդարանի ստորին պալատի նիստի ընթացքում Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը («Սպրավեդլիվայա Ռոսիա») նշել է, որ մայիսին նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններն իրենց աշխարհագրական դիրքով եւ մասնակիցների կազմով հակառուսական բնույթ են կրում, «ինչպես նաեւ ուղղված են Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում մեր դաշնակիցների դեմ»: Բաղդասարովի խոսքերով. «Ամենազարմանալին այն է, որ այդ զորավարժությունների կազմում կան ԱՊՀ երկրներ՝ Ադրբեջանը, Մոլդովան, որի կառավարությանը մենք վերջերս պաշպանում էինք իբր Արեւմուտքի բանսարկություններից, այժմ նա մասնակցում է այդ միջոցառումներին: Սակայն էլ ավելի է զարմացնում այն, որ զորավարժությունների կազմում է նաեւ Հայաստանը, որը մտնում է ՀԱՊԿ մեջ. դա ընդհանրապես անհեթեթություն է: Երկիր, որը վերջերս մեր ակնառու դաշնակիցն էր, մասնակցում է հակառուսական զորավարժություններին»: Պատգամավորը արձանագրային հանձնարարություն է տվել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեին, ինչպես նաեւ Պետդումայի պաշտպանության կոմիտեին՝ «պահանջել Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության կարծիքը»: «Այդ մասին լռել չի կարելի»,- ամփոփել է Բաղդասարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել