Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԳՆԱՑՔԻ ՎՐԱ

Ապրիլ 23,2009 00:00

Հնդկաստանում արգելված Կոմունիստական կուսակցության գրոհայինները երեկ առավոտյան գրավել են մի գնացք, որը տեղափոխում էր 700 ուղեւոր, մի քանի տասնյակ ուղեւոր պահում են որպես պատանդ: Գնացքն անցնում էր Հնդկաստանի արեւելյան նահանգներից մեկում գտնվող խիտ անտառով, որտեղ էլ ավելի քան 200 լավ զինված մաոիստներ իրականացրին իրենց հարձակումը: Ըստ Newsru.com-ի, իրավապահները հայտնում են նաեւ, որ գրոհայինները պայթեցրել են երկաթուղային կայարանը եւ դպրոցը: Գիշերը նույն նահանգում պայթյուն է տեղի ունեցել նաեւ բժշկական կենտրոնում: Կոմունիստական կուսակցության գրոհայինները խիստ ակտիվացել էին խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլից առաջ, որը տեղի կունենա այսօր: Ապստամբները հայտարարել են, որ բոյկոտում են այդ ընտրությունները: Նրանք ահաբեկչական գործողություններ էին իրականացրել ընտրությունների առաջին փուլի ժամանակ: Մասնավորապես հրկիզել էին ընտրական տեղամասերը: Այդ ժամանակ բռնությունների զոհ դարձավ 18 հոգի: Մաոիստները հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակն են համարում գյուղական չքավոր խավի ազատագրումը կապիտալիստների կեղեքումից: Հնդկաստանի որոշակի շրջաններ գտնվում են գրոհայինների լիակատար վերահսկողության տակ: Ըստ որոշ տեղեկությունների, երկրում գործում է 9300 գրոհային եւ վերջին 8 տարվա ընթացքում նրանց գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 1500 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել