Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոչիում վրացական լրտես են բռնել

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երեկ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Սոչիում վրացական հատուկ ծառայությունների գործակալ Մամուկա Մայսուրաձեի հայտնաբերման մասին: Ըստ ռուսաստանյան իրավապահների՝ Մայսուրաձեն Սոչիում բացել էր ինտերնետ-սրճարան, որն օգտագործում էր որպես կապի ալիք՝ վրացական հատուկ ծառայությունների հետ: Այդ վարկածի համաձայն՝ Մայսուրաձեն տեղեկատվություն էր հաղորդում Սոչիում օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին, ինչպես նաեւ գործակալական ցանց էր ստեղծում: Ռուսաստանյան չեկիստները պնդում են նաեւ, որ ավելի վաղ Մայսուրաձեն ակտիվ կապեր էր պահպանում չեչեն գրոհայինների հետ: Չնայած այդ բոլոր ծանր մեղադրանքներին՝ վրացի բիզնեսմենին լրտեսության մեղադրանք չառաջադրվեց եւ նրան ընդամենը արտաքսեցին ՌԴ-ից, ինչպես դա սովորաբար անում են դիվանագետների եւ ոչ թե շարքային քաղաքացիների հետ: Թե ռուսաստանյան եւ թե վրացական հատուկ ծառայությունները հրաժարվեցին «Կոմերսանտ» թերթին հավելյալ տեղեկատվություն հաղորդել, սակայն ռուսաստանյան իրավապաշտպաններից ոմանք գտնում են, որ դա պարզապես պատասխան գործողություն էր Գորիում «Նաշի» երիտասարդական շարժման ակտիվիստ Ալեքսանդր Կուզնեցովի ձերբակալությանը: Վերջինս պատմում էր, որ վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նրան ծեծի են ենթարկել եւ ստիպել հեռուստախցիկի առջեւ խոստովանել, որ նա սադրանքներ էր պատրաստում վրաց-հարավօսեթական սահմանում:

Ինչ մնում է Մայսուրաձեին, ապա նա երեկ Թբիլիսիում լրագրողներին հայտարարեց, որ չէր ձերբակալվել եւ չէր արտաքսվել Ռուսաստանից՝ այդ ամենն անվանելով թյուրիմացություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել