Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հույս տվեց Թուրքիային

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երեկ Եվրամիություն ձգտող Թուրքիան դրական ազդանշաններ ստացավ ԵՄ ղեկավար կառույցներից: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ Պրահայում կայացած ԵՄ-Թուրքիա հանդիպման ժամանակ այդ կազմակերպության մեջ նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարլ Շվարցենբերգը (առաջինը՝ աջից) հայտարարեց, որ սկզբունքորեն աջակցում է Անկարայի ջանքերին: Ըստ նրա՝ Թուրքիայի անդամության համար սկզբունքային խոչընդոտներ չկան, սակայն այդ երկիրը պետք է կատարի որոշ կարեւոր պայմաններ եւ մասնավորապես անցկացնի սահմանադրական բարեփոխումներ: Նույն օրը Անկարային աջակցելու մասին հայտարարեց Շվեդիայի վարչապետը: Թուրքիան ունի ԵՄ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ դեռեւս 1999 թվականից: Բրյուսելը ջանքեր է գործադրում, որ Անկարան պաշտոնապես ճանաչի Կիպրոսի Հանրապետությունն իր ներկայիս սահմաններով (այնինչ՝ Թուրքիան ճանաչում է միայն կղզու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը), ինչպես նաեւ ընդունի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Զուգահեռաբար Եվրամիությունը անհրաժեշտ է համարում Թուրքիայի իրավապահ համակարգի բարելավումը, քրդական փոքրամասնության համար ավելի լավ պայմանների ստեղծումը եւ խոշտանգումների վերացումը: ԵՄ պահանջներից մեկի հետ Թուրքիայի խորհրդարանը համաձայնեց. այդ երկրում քաղաքացիներն այլեւս քրեորեն չեն հետապնդվում՝ ամուսնական անհավատարմության համար: Թուրքիայի անդամակցությանը բացասաբար են վերաբերվում Արեւմտյան Եվրոպայի հիմնական երկրները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի: Սակայն վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որով նա աջակցել էր Անկարայի եվրոպական ձգտումներին, Թուրքիայի կողմն է թեքել Լեհաստանին եւ Չեխիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել