Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սփյուռքում հայոց լեզուն վտանգված է»

Ապրիլ 23,2009 00:00

Լուծում կարող է լինել սփյուռքահայ երեխաների համար ՀՀ-ում գիշերօթիկ դպրոցի հիմնումը

«Խորհրդային միության տարիներին կապոցներով գրքեր ու թերթեր էինք ստանում, Հայաստանում ինչ որ տպագրվում էր՝ մեզ էլ էին ուղարկում: Ցանկացած գիրք կարողանում էինք գտնել գրախանութներում,- երանությամբ անցյալն է հիշում իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ազատ Մաթյանն ու ավելացնում:- Իսկ այն գրքերը, որոնց տպագրությունը Խորհրդային Հայաստանում արգելվում էր, մենք էինք հրատարակում՝ համայնքի միջոցներով: Հիմա գիրք հրատարակելը թանկ հաճույք է դարձել: Հիմա գրքերն էլ են նվազել, ընթերցողներն էլ»:

Ազատ Մաթյանի հավաստմամբ՝ ամենացավոտը շարունակում է մնալ դասագրքերի հարցը, որոնք կազմվում են տեղում՝ հնացած մեթոդներով: Իրանի հայկական դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են պարսկերեն: «Շաբաթական 1-2 հայոց լեզվի դասաժամ ենք ունենում, իսկ դասագրքերը չեն թարմացվում եւ շատ են տարբերվում հայաստանյան դասագրքերից: Այդ պատճառով էլ ուղղագրական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում»,- ասում է Ազատ Մաթյանը: Եվ սա դեռ այն դեպքում, երբ Իրանը Հայաստանին սահմանակից եւ արեւելահայերեն խոսող համայնքն է: Ու այս համայնքի ընտանիքներում դեռեւս հայերեն են խոսում: Ազատ Մաթյանի համոզմամբ, Սփյուռքի այլ գաղութներում՝ հատկապես Եվրոպայում ու Ամերիկայում, վիճակն ավելի վատ է:

Լեզվի, ինչպես նաեւ հայապահպանության խնդիրների լուծումը իրանահայ գրողը տեսնում է Հայաստանում սփյուռքահայ երեխաների համար գիշերօթիկ դպրոցներ բացելու մեջ: «Ժամանակին նմանատիպ դպրոցներ ստեղծվել են Սփյուռքում՝ Կիպրոսում, Կալկաթայում, Վենետիկում, Փարիզում, եւ դրանք սերունդ են տվել: Հիմա պիտի հակառակն անենք ու հայրենիքում ստեղծենք»,- առաջարկում է Ազատ Մաթյանը: Նա համոզված է, որ եթե անգամ այդ երեխաներից շատերը ուսումը հայրենիքում չշարունակեն, ապա Հայաստանից իրենց հետ կտանեն գոնե լեզուն, մշակույթի տարրեր, հողի, երկրի զգացողությունը, որը նրանցից խլելը հեշտ չի լինի:

Ազատ Մաթյանը դասավանդում է նաեւ Սպահանի պետական համալսարանի հայագիտության ամբիոնում, որը հիմա ավելի շատ ազգությամբ պարսիկ ուսանող ունի, քան՝ հայ: «10 տարի առաջ մեր ուսանողները հիմնականում հայեր էին, հետագայում դարձան հայեր եւ պարսիկներ, իսկ հիմա միայն պարսիկներ են»,- պատմում է հայագիտության ամբիոնի դասախոսը: Այս պահին Սպահանի համալսարանի հայագիտության ամբիոնն ունի 46 իրանցի ուսանող: Ամբիոնում արդեն նույնիսկ հայերեն դասավանդող ազգությամբ ոչ հայ դասախոս կա, ով դոկտորականը Հայաստանում է պաշտպանել:

«Մեր նպատակն արդեն ազգությամբ պարսիկ հայագետներ պատրաստելն է, ինչո՞ւ ամերիկացի կամ անգլիացի հայագետներ կարող են լինել, իսկ պարսիկներ՝ ոչ»,- ասում է Ազատ Մաթյանը:

Չնայած առկա խնդիրներին՝ գրողը մնում է լավատես ու շատ բան չի պահանջում «դժվարությունների» մեջ գտնվող պետությունից: Մի փոքր ուշադրությունն էլ բավական է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել