Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երեկ ՀՀ ԳԱԱ-ում արտասահմանյան նորընտիր 79 անդամների մասնակցությամբ շարունակվեց նախորդ օրը սկսված եւ այսօր ավարտվող ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը:

«Չի կարելի մտնել, ուշացել եք»,- ՀՀ նախագահի թիկնապահները երեկ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին մասնակցել չէին արտոնում ԳԱԱ անդամներին, որոնք 5-10 րոպե ուշացել էին իրե՛նց իսկ ընդհանուր ժողովից: Մեր ակադեմիկոսները ըմբռնումով էին մոտենում նախագահի անվտանգության աշխատակիցների պահանջներին եւ ներս մտնելու ձեռնարկներ չէին անում: ԳԱԱ նիստերի մեծ դահլիճից դուրս մնացածների թվում էին հայտնի գիտնականներ 91-ամյա Թինա Ասաթիանին, Ֆրանսիայից ժամանած աստղաֆիզիկոս Զադիկ Մուրադյանը եւ այլք: Եվ միայն այն բանից հետո, երբ ԳԱԱ երիտասարդ աշխատակցուհիները երկար-բարակ բացատրեցին դռների մոտ ժպտադեմ կանգնած եւ գլուխն անվրդով թափահարող (իբր՝ «Չէ, էլի, չէ՛: Ո՛չ: Նե՛տ: Ն՛ո: Նա՛յն») երիտասարդին, որ «գիտեք, այս պարոնը Ֆրանսիայից այս ժողովին մասնակցելու համար է եկել երկու օրով, նա պետք է դիպլոմ ստանա, եւ այս 91-ամյա կինը, որ դժվարությամբ է տեղաշարժվում, նույնպես հատուկ տանից դուրս է եկել եւ հասել այստեղ՝ այս ժողովին ներկա լինելու համար», եւ երբ մյուս՝ տեղացի եւ ոչ այնքան ծեր ակադեմիկոսները վստահեցրին, որ իրենք «չեն նախանձի» ներս մտնողների բախտին, երիտասարդը որոշեց հարցնել իր վերադասին՝ թողնե՞լ նրանց ներս, թե՞ ոչ: Ի վերջո, այս հարցը դրական լուծում ստացավ, եւ համոզվելուց հետո, որ ԳԱԱ աշխատակցուհիները չեն ստում, երբ ասում են, թե՝ «չէ՜, այս պահին ձե՛ր նախագահը չի ելույթ ունենում, մե՛ր նախագահն է ելույթ ունենում», նկատի ունենալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, երիտասարդը բարեհոգաբար բացեց դռները: Թերեւս այդ երիտասարդը չի էլ պատկերացնում, որ տարիներ անց ոչ ոք չի հիշի, թե ով է եղել ՀՀ նախագահը 2009 թվականին, այնինչ այս եւ այլ գիտնականների անունները միշտ կմնան պատմության մեջ: Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշենք, որ Սերժ Սարգսյանի սրտացավությունը գիտության հանդեպ երեւաց գոնե այնքանով, որ նա, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չլքեցին նիստերի դահլիճը ավելի քան 3 ժամ շարունակ, համբերատար լսեցին ոչ միայն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մեկ ժամանոց ելույթը, այլեւ դրան հաջորդած բազմաթիվ գիտնականների ելույթները, ընդ որում, նախագահը պարբերաբար հարցեր էր տալիս ելույթ ունեցողներին, ճշտում դետալներ: Այդ դրվագը նկատել էր եւ ներկաների ուշադրությունը դրա վրա հրավիրեց ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամ, ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ, իրավագետ Գարեգին Թոսունյանը, ում կարծիքով՝ դա գնահատականի արժանի փաստ էր:

Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց 2008թ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: Պարոն Մարտիրոսյանի հիմնական դիտարկումներին՝ գիտնականների միջին տարիքին, աշխատավարձին, դրամաշնորհների քանակին, նրանց վարկանիշներին եւ գիտության առջեւ ծառացած բազում խնդիրներին «Առավոտը» պարբերաբար այլ առիթներով անդրադարձել է, այդ իսկ պատճառով այս անգամ ժողովի այդ մասը բաց կթողնենք:

Նկատենք միայն, որ պարոն Մարտիրոսյանի բարձրացրած հարցերի մեծ մասը, ի վերջո, հանգում էր մի վերջաբանի՝ «օգնեք, խթանեք, աջակցեք, պայմաններ ստեղծեք»՝ ուղղված կառավարությանը: Իսկ ոչ ֆինանսական բնույթի մի հարց՝ Ակադեմիայի իրավական կարգավիճակի մասին, ՀՀ նախագահն արդեն սկսել է լուծել՝ կառավարությանը հանձնարարել է օրենք մշակել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին: Այս տեղեկությունը դահլիճը ընդունեց բուռն ծափահարություններով: Նույն կերպ ընդունեց նաեւ ՀՀ վարչապետի ելույթի վերջնամասը. «Կառավարությունը պետք է հասնի նրան, որ հասարակության կողմից գիտությունն ընկալվի որպես արժեք, գիտությունը պետք է դառնա մեր էությունը, կենսական անհրաժեշտություն, մեր կյանքի անբաժան մասը»:

ԳԱԱ թղթակից-անդամ, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, որ երկար տարիներ աշխատել է բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ), խոսեց այդ ոլորտի բացթողումների մասին՝ «պաշտպանության անցկացումը որեւէ կանոնակարգ չունի, ահավոր սողանցքներ են բացված արկածախնդիրների համար: Գիտությունը արժեզրկվել է, իսկ ասպիրանտուրան դարձել է դասալիքների որջ»: Նրա բարձրացրած մյուս հարցը վերաբերում էր պատմական Արտաշատի տարածքում մի բիզնեսմենի նախաձեռնած ռեստորանի կառուցմանը: Սակայն նրան ընդհատեց Սերժ Սարգսյանը, ասելով, որ այս մեկ տարվա ընթացքում պատմական Արտաշատի տարածքում «մի քլունգ չի շարժվել»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը միանգամից գործնական հարցեր բարձրացրեց՝ կառավարությունից խնդրեց ֆինանսավորել երկու ծրագիր:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նկատեց, որ այն գիտական օջախներում, որտեղ արտադրություն կա, ինչպիսին իրենցն է, եւ որոնք, ըստ էության, կարող են գումարներ աշխատել, հարկավոր է պետական ներդրումներ կատարել՝ գոնե սկզբնական շրջանում: Նա անդրադարձավ նաեւ մի անհեթեթության՝ 2007-ին Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը վաճառել է այս ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանը, ավելին՝ Սեւանից եկող ջրատարի մի հատվածը:

Հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանը անդրադարձավ մի ցավոտ հարցի՝ ԱՄՆ-ում գործող մի քանի հարյուր համալսարաններում կա ընդամենը 15 հայագիտական ամբիոն, դրանք էլ՝ փակման վտանգի տակ են, այնինչ ԱՄՆ տարբեր բուհերում մեծ թափով բացվում են ադրբեջաներենի եւ ադրբեջանագիտության ամբիոններ:

Ելույթ ունեցան նաեւ ՌԴ-ից ժամանած ԳԱԱ նորընտիր մի քանի անդամներ, որոնց ասելիքի հիմնական մեխն այն էր, որ իրենք շատ զգացված են, շատ պարտավորված այդ մեծ պատվի համար, ու նաեւ հասկանում են, որ իրենց՝ ՀՀ ԳԱԱ անդամ դառնալը նաեւ նշանակում է՝ «ժամանակն է վերադարձնել պարտքը»՝ նկատի ունենալով Հայրենիքի հանդեպ պարտքը: Նրանք հիմնականում խոստացան դա անել: Իսկ ժամանակին ՍՍՀՄ երկրաբանության նախկին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, պատմելով, թե ինչպես է իր ղեկավարած կազմակերպությունը մասնակցում ՀՀ եւ Արցախի օգտակար հանածոների հետազոտություններին, ըստ էության, ցույց տվեց, որ ինքն արդեն սկսել է պարտքերը վերադարձնել:

Նկատենք, որ այսօր ԳԱԱ-ն ունի արդեն 115 արտասահմանյան անդամ: Եթե նրանք բոլորը նույնքան պարտաճանաչ պարտատու լինեն հայրենիքի հանդեպ, ապա մեր գիտությունն իսկապես կզարգանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել