Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյո՞ք տղամարդիկ ժամանել են միայն երգելու

Ապրիլ 23,2009 00:00

Թե՞ թաքցնում են իրենց առաքելության բուն նպատակը

Խոստովանենք, որ հայերիս համար ապրիլի 24-ը զգայուն թեմա է։ Իսկ այս հարցում հայերիս ցուցաբերած յուրաքանչյուր զորակցություն միայն երախտագիտության զգացում է առաջացնում։ Նման զգացողություն էր նաեւ օրեր առաջ, երբ հայտարարվեց, որ Հայաստան է ժամանում «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ ամերիկյան երգչախումբը՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարով։

Սակայն արդո՞ք դա հենց այդպես էր։ Խնդիրը, անշուշտ, զուտ բարոյական հարթության վրա է։ Այսօր, ըստ իս, շարունակում է լուրջ մտահոգության առիթ լինել բապտիստական երգչախմբի կայքէջից քաղված եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կողմից հրապարակված փաստաթուղթը, որի նշանակությունը փորձում են մերժել ու անտեսել ավետարանական վերապատվելիները։ Ավելին՝ երգչախմբի «հյուրախաղերի» նախաձեռնողներից վերապատվելի Գարիկ Խաչատրյանը անգամ խաբեության մեջ մեղադրեց Հայ եկեղեցուն։

«Վերցնել ինտերնետից քաշած ինչ-որ մեկի թույլ տված հիմարությունները ու փորձել խաբել, եւ մի ժողովրդի 270 ներկայացուցչի համարել աղանդավորներ կամ հոգեորսներ՝ դատապարտելի է։ Իրենց պաշտոնական կայքում նման ինֆորմացիա երբեք տեղադրված չի եղել»,- հայտարարում է վերապատվելի Գարիկ Խաչատրյանը, ով, ի դեպ, ընդամենը մեկ օր առաջ «Արմենիայի» հեռուստաէկրանից հայտարարում էր այլ բան, ասելով, որ փաստաթղթի հեղինակը երգչախմբի անդամներից մեկն է, ում, որպես պատիժ, արգելվել է գալ Հայաստան։

Ինչ վերաբերում է այն բանին, որ նման ինֆորմացիա երբեք տեղադրված չի եղել պաշտոնական կայքէջում, ապա տեղին է հիշեցնել, որ, այո, այսօր նման փաստաթուղթ այլեւս չեք տեսնի որեւէ կայքէջում։ Սակայն այն հանվեց միայն այն բանից հետո, երբ նամակ ուղղվեց ամերիկացի բարերարուհի Գրետչեն Բրաունին, ում ֆինանսական աջակցությամբ էլ երգչախումբը ժամանել է Հայաստան։ Թերեւս վերապատվելիին ծանոթ է նաեւ նամակագիրը։ Իսկ ընթերցողներին հայտնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, տիկին Բրաունին փաստաթղթի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Վերադառնալով փաստաթղթին, մեկ անգամ եւս արժե նշել, որ այն, եթե չասենք վտանգավոր, ապա մերժելի գնահատականներ է հնչեցնում Հայաստանի եւ Հայ առաքելական եկեղեցու մասին. Հայաստանը համարվում է հակասեմիտական երկիր, իսկ առաքելական եկեղեցին որակվում է իբրեւ մի ուժ, որ «սպառնալիք է նոր առաքելությունների, եկեղեցիների» տարածմանը։

Առնվազն տարօրինակ է նման հերյուրալի մտքերի հանդիպել մի գրության մեջ, որ շրջանառվում է «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի Հայաստան այցի առիթով, առավել եւս, որ երգող տղամարդիկ, ըստ նույն աղբյուրի, Հայաստան են ժամանել «կիսելու հայ եղբայրների վիշտը եւ աղոթելու բոլոր այն մարդկանց խաղաղության եւ հանգստության համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ»:

Իրականում ո՞րն է այցի նպատակը. ազգամիջյան գժտության սերմանո՞ւմը, թե՞ ավանդական եկեղեցու նշավակումը։ Եվ, արդյոք, բարոյակա՞ն է, երբ հայտարարում ես, թե զորակցում ես մի ժողովրդի, անվանարկելով նրան ու ազգային եկեղեցուն։ Ի վերջո, ինչու իրերը չկոչել իրենց անուններով եւ շահարկել ազգային մեծ ողբերգությունը՝ թաքցնելով առաքելության բուն նպատակը, որ պարզորոշ շարադրված է հիշյալ փաստաթղթում. «Այս առաքելությունը խոշոր մի ձեռնարկ է, որ նշանակալի ազդեցություն կթողնի հայաստանցիների վրա։ Շատ հնարավոր է, որ սա դառնա այն կրակը, ինչը հարկավոր է այս ժողովրդին, որպեսզի սկսի տարածել Քրիստոսի շնորհները իր երկրում»։

Մեկնաբանություններն այստեղ, թերեւս, ավելորդ են։ Արդյո՞ք տղամարդիկ ժամանել են միայն երգելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել