Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Հարցազրույց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանի հետ:

– Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայ-թուրքական սահմանի բացումն օրակարգային հարց է դարձել: Սակայն վերջին օրերին փորձագետների շրջանում ավելի են ակտիվացել հոռետեսական մոտեցումներն այդ ուղղությամբ, համաձայն որոնց՝ սահմանի բացումն անիրագործելի է: Ըստ Ձեզ, այսօրինակ մեկնաբանությունները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ:

– Անշուշտ, յուրաքանչյուր մեկնաբանություն ունի հիմք: Թուրքական կողմում դրանք պայմանավորված են մի քանի գործոններով՝ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների նկատմամբ Ադրբեջանի խիստ դժգոհությունը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, վերջին ՏԻՄ ընտրություններում Թուրքիայում այժմ կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հավաքած ձայների ոչ բացարձակ մեծամասնության հանգամանքը եւ թուրքական ընդդիմության քննադատության աճը: Սակայն, կարծում եմ, որ Թուրքիան ավելի շատ կօգտագործի եւ օգտագործում է այդ դժգոհությունները՝ իր նկատմամբ արտաքին ճնշումների կրճատման եւ Հայաստանի հետ ավելի սահմանափակ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, այն է՝ դեռեւս չհաստատել դիվանագիտական հարաբերություններ, բայց, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց գրանցել այդ հարաբերություններում: Նույն մոտիվացիան առկա է նաեւ թուրքական պաշտոնական հայտարարություններում՝ ակնկալելով Հայաստանից գոնե որոշ փոխզիջումների գնալ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում: Հատկապես այս վերջին հանգամանքն էլ մտահոգիչ է դարձել մեզանում, որոնք կա՛մ քաղաքական շահարկման են ենթարկում այդ, կա՛մ ուղղակի չեն հավատում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ առանց Հայաստանի զիջումների: Ըստ իս, սահմանի բացումը Թուրքիայի պարտականությունն է, Թուրքիան ինքն է փակել սահմանը, ուստի Հայաստանի կողմից որեւէ զիջում լինել չի կարող: Մեր նախագահը, արտգործնախարարը մի քանի անգամ հայտարարել են ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերություններին չկապելու եւ այդ համատեքստում որեւէ զիջման չգնալու մասին եւ նույնիսկ սպառնացել սառեցնել հարաբերությունները, եթե նման նախապայմաններ առաջարկվեն: Չեմ կարծում, որ ներկայիս գործընթացը մատնված է վախճանի, ինչպես գտնում են շատ փորձագետներ: Կարծում եմ՝ կգործի հարաբերությունների զարգացման փուլային տարբերակը, որն օգտակար է երկու կողմերին էլ: Առաջին քայլը կարող է լինել ավտոմայրուղու բացումը երկու երկրների միջեւ, իրատեսական եմ համարում նաեւ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա երկաթգծի շահագործումը, որը բխում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի շահերից: Վատագույն դեպքում կարող է ստորագրվել երկկողմ հարաբերությունների բարելավման մասին գործողությունների կամ սկզբունքների վերաբերյալ գոնե հռչակագիր կամ հուշագիր: Առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու ՀՀ-ի պատրաստակամությունը, թուրքական կողմի լավատեսական արձագանքները, նաեւ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ճնշումները սահմանի բացման հարցում՝ Թուրքիային դրել են մի փակուղու մեջ, որից դուրս գալու համար Թուրքիան մի քայլ պիտի անի:

– Սահմանի բացումն, ըստ Ձեզ, ի՞նչ դրական եւ բացասական անդրադարձ կունենա մեր երկրի կենսագործունեության վրա:

– Սահմանի բացումը տնտեսապես եւ քաղաքականապես ձեռնտու է ՀՀ-ին, որը կարող է մուտք գործել Միջերկրական ծով, արաբական երկրներ ու Եվրոպա, հնարավոր է, որ անդամակցի երկաթգծային ու էներգառեսուրսների տեղափոխման նախագծերին՝ դառնալով կարեւոր դերակատար տարածաշրջանում: Ինչ վերաբերում է բացասական հետեւանքներին, ապա դրանք երբեմն չափազանցվում են. խոսքը հիմնականում թուրքական ընկերությունների կողմից հայկական շուկայի գրավման, թուրքական մեծ ներգաղթի մասին շրջանառվող կարծիքների մասին է: Ժողովրդագրական համակարգի անվտանգության տեսանկյունից ավելի շատ պետք է կարեւորել քրդական ներգաղթի հիմնախնդիրը: Պաշտոնական հարաբերություններ լինելու դեպքում, երբ ներգաղթ կլինի, որպես կանխարգելիչ, պետք է հստակ վիզային ռեժիմներ ու այլ մեխանիզմներ հաստատվեն: Թուրքիայի կողմից շուկայի գրավման վտանգի դեպքում էլ հարց է ծագում՝ կարո՞ղ է, արդյոք, թուրքական ապրանքը մրցել մեծաքանակ չինական կամ ռուսական ապրանքի հետ, կամ կա՞ մի ենթակառույց, որը սպասում է թուրքական մոնոպոլիայի հաստատմանը: Կտրականապես պետք է մերժել հայկական կողմի հրավերը թուրքական ընկերություններին, որ դառնան հայկական նոր ատոմակայանի բաժնետեր:

– Ինչո՞վ է պայմանավորվում այն, որ աշխարհաքաղաքական ուժային 3 բեւեռները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների հապճեպ սերտացմամբ:

– Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ու սահմանի բացմանն ուղղված քայլերը միշտ հովանավորվել են ԱՄՆ-ի կողմից, ջանալով Թուրքիային ու ՀՀ-ին ինտեգրել Եվրոպա՝ կտրելով ՌԴ-ից: Սակայն ուժային բոլոր բեւեռների ու նաեւ Թուրքիայի շահագրգռությունը այս հարցում հատկապես ակտիվացավ անցյալ տարվա օգոստոսյան վրաց-օսեթական պատերազմից հետո: Ստեղծված ռեգիոնալ վակուումից փորձեց օգտվել Թուրքիան, որն առաջադրեց իր «Արեւելյան նախաձեռնությունը» դեպի Կովկաս: Այստեղ Թուրքիայի շահերը համընկել են Ռուսաստանի հետ, որը, գրեթե կտրվելով հարավից, անհրաժեշտ է համարում 2 նոր ուղիների ակտիվացումը, որոնք նպատակ ունեն շրջանցել Վրաստանը, այն է՝ Թուրքիայի միջոցով ՀՀ-ին կապելու տնտեսական նոր կամուրջը եւ Ադրբեջան-Իրան ճանապարհը, դիցուք՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծի նախագիծը: Իսկ ԵՄ-ն հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը տեսնում է՝ իբրեւ Թուրքիայից եկող էներգառեսուրսների անվտանգության երաշխիք: Միաժամանակ, ՀՀ-ի միջոցով Թուրքիային կապելով Կովկասին՝ սառեցվում են Թուրքիայի եվրաինտեգրման հավակնությունները: Վրացական դեպքերից հետո հայ-թուրքական մերձեցման շուրջ ԱՄՆ շահագրգռության ակտիվացումը եւս պայմանավորվեց դեպի Եվրոպա էներգապաշարների ոչ ռուսական ճանապարհների անվտանգության հանգամանքով: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի շահերից է բխում Թուրքիային տեսնել ռուսական շահերով գոտի Կովկասում՝ իբրեւ վերահսկողի: Վերոհիշյալը հաստատում է այն, որ Հայաստանն այժմ մասնակցում է աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների: Ի վերջո, հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները նոր հնարավորություն են տվել մեր երկրին՝ դառնալ տարածաշրջանային կարեւորագույն դերակատար, եւ հաշվարկված քաղաքականություն վարելու դեպքում այդ հնարավորությունը կդառնա իրականություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել