Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՌՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երկաթուղում պարբերաբար տեղի ունեցող վթարները վկայում են այն մասին, որ հայտարարված ներդրումների ծավալները իրականությանը չեն համապատասխանում:

Վերջին 3 ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԵ) միջոցով բեռներ տեղափոխող ընկերությունները պարբերաբար ընկնում են տհաճ պատմությունների մեջ: Երկաթուղու շարքից դուրս եկած շարժակազմի եւ հնամաշ ռելսերի պատճառով՝ բեռներով բարձված վագոնները դուրս են գալիս երկաթգծից՝ վնասներ պատճառելով ներկրողներին ու արտահանողներին:

Երեկ Հաղպատ-Ալավերդի հատվածում դարձյալ շրջվել է ցորենով բեռնված 5 վագոն: Ցորենը Հայաստան էր ներկրում «Մանչո գրուպ» ընկերությունը: Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ Հրազդան-Սոլակ հատվածում գնացքուղուց դուրս էր եկել ոսկու հանքաքարով բեռնված 7 վագոն, որը հանքաքարը Զոդից տեղափոխում էր Արարատի գործարան: Մեկ այլ վթար էլ տեղի ունեցավ Այրում-Ախթալա հատվածում: Ու երբ նախորդ ամիս տեղի ունեցած հերթական վթարից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը վերջապես բարձրաձայնեց այն, ինչի մասին մեկ տարի շարունակ խոսվում էր, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը բավականին կոպիտ արտահայտվեց: Ի պատասխան նախարարի հայտարարության, որ իրականությանը չի համապատասխանում ընկերության պնդումը, թե իբր նախորդ տարվա ընթացքում կատարել է շուրջ $100 միլիոնի ներդրում, եւ իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են ընդամենը 30%-ով, Շ. Շայդուլինն ասել էր, որ նախարարի հայտարարությունները կարող են «վարկաբեկել երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի մակարդակով իրականացվող նախագծի հեղինակությունը»: Բացի այդ, Շ. Շայդուլինը նախարարին խորհուրդ էր տվել ավելի զուսպ լինել, քանի որ վերջինիս կողմից ընտրված երկխոսության ձեւը «կառուցողականություն եւ արդյունավետություն չի ենթադրում»:

Մինչ Շ. Շայդուլինը բաց նամակով պաշտպանում էր իր ղեկավարած ընկերության հեղինակությունը, ընկերության հնամաշ շարժակազմերի եւ վարվող սակագնային քաղաքականության պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ շարունակում են տուժել: Նախորդ տարեսկզբին «Հայկական երկաթուղին» ռուսական կոնցեսիոներին հանձնելուց հետո, ըստ էության, որեւէ բան չի փոխվել: Ակնկալվում էր, որ ընկերությունը խոստացված ներդրումների միջոցով կկարողանա ապահովել երկաթուղու անխափան աշխատանքը: Սակայն մինչեւ հիմա պարզ չէ, թե ընկերությունը ինչի վրա է ծախսել այն գումարները, որոնք նշված են փաստաթղթերում: Հավաստիացումները, որ իբր հազարավոր դոլարներ են ծախսվել հոգեվարքի մեջ գտնվող «Հայկական երկաթուղին» ոտքի կանգնեցնելու, այսինքն՝ երկաթուղագծերի վերանորոգման, վագոնների եւ երկաթուղային կայարանների արդիականացման համար, մեղմ ասած՝ անիրատեսական են: Իր գործունեության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» փոխադրումների միջին արագությունը չի գերազանցել 15-20 կմ/ժամը: Եթե նախկինում, այսինքն՝ նախքան ռուսական կոնցեսիոների ի հայտ գալը, բեռները տեղ էին հասնում ընդամենը 1-2 օրվա ընթացքում, ապա այսօր, տնտեսվարողների հավաստմամբ, դրանք հասնում են լավագույն դեպքում 3-4 օր հետո, ինչը բեռների տիրոջ համար լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Ինչ վերաբերում է սակագներին, ապա բազմաթիվ անգամ ներկրողներն ու արտահանողները հայտարարել են, որ դրանք խիստ բարձր են: Վերջին մեկ տարվա ընթացքում երկաթուղին բարձրացրել է գրեթե բոլոր ծառայությունների գները, եւ տնտեսվարողները ստիպված են ամսեամիս ավելի շատ վճարել բեռների պահպանման, բաշխման, վագոնների բեռնաթափման ու օգտագործման համար: Խնդիրն այն է, որ ընկերությունը մենաշնորհային դիրքերում է ու քանի որ, կոնցեսիոն պայմանագրի համաձայն, սակագների որոշման հարցում մեր պետությունը «խառնվելու իրավունք չունի», «Հարավկովկասյան երկաթուղին» սահմանում է իր սրտի ուզած գինը: Արդյունքում, թե տնտեսվարողները եւ թե ոլորտի պատասխանատուները այդպես էլ չհասկացան, թե որտե՞ղ է ընկերությունը ծախսել նախկին տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի կողմից հայտարարված $100 միլիոն ներդրումները, եթե մնացել են նույն խարխլված շարժակազմերն ու շարքից դուրս եկած երկաթգծերը: Երեկ «Առավոտը» փորձեց «Հարավկովկասյան երկաթուղուց» ճշտել՝ վթարների ժամանակ տուժած տնտեսվարողներին գոնե փոխհատուցում տրվու՞մ է: Ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանի ներկայացմամբ, դեռեւս որեւէ տնտեսվարող այդ առնչությամբ իրենց դժգոհություն չի հայտնել: Նրա խոսքերով. «Գնացքը շուռ է եկել, բեռը հավաքվել է, դրվել վագոնների մեջ եւ գնացքը նորմալ շարունակել է իր ճանապարհը: Ներկրողները վնաս չեն կրել»:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենների խորհրդի որոշմամբ, այս տարի Հայաստանում կկատարվի 2 մլրդ 666 մլն ռուբլու ներդրում: Նախորդ տարի, ընկերության նախկին տնօրենի հավաստմամբ, կատարվել է 2,5 մլրդ ռուբլու ներդրում, որից իրացվել էր մոտ 1 մլրդը, իսկ միջոցների մնացած մասը փոխանցվել այս տարվա ներդրումային ծրագրի մեջ: Այսինքն, այս տարի ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ծախսել ավելի քան 4 միլիարդ ռուբլի, եւ եթե գոնե այս տարի ընկերությունը իր խոստումը կատարի եւ այդ գումարները նպատակին ծախսվեն, ապա, թերեւս, մեր տնտեսվարողների բեռները չեն մնա կես ճանապարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել