Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինսուլին չեն տալիս

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Գրեթե մեկ ամիս է՝ շաքարախտով հիվանդները չեն կարողանում պոլիկլինիկաներից ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ինսուլին դեղամիջոցը, որը նրանց է տրամադրվում անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաներում բազմաթիվ հիվանդներ ժամերով հերթ են կանգնում, սակայն բժիշկները դեղը բոլորին չեն բաժանում: «Առավոտին» դիմած մի խումբ հիվանդների հավաստմամբ՝ բժիշկները դեղ չտալը այսպես են պատճառաբանել.«Ճգնաժամ է, բյուջեում կրճատումներ են եղել ու արդեն դեղ քիչ են տալու, այնպես որ, պիտի յոլա գնաք»: Հիվանդներն էլ տարակուսում են.« Բայց մենք ո՞նց կարող ենք յոլա գնալ, ինսուլինը հո ցավազրկող չի, որ մի կերպ դիմանանք, օդ ու ջրի պես անհրաժեշտ բան է մեզ համար: Ինչո՞ւ հենց ինսուլինի հաշվին են կրճատում անում: Թող իրենց աշխատավարձերը կրճատեն, ոչ թե՝ մեր դեղերը: Թոշակառու մարդիկ ենք, ո՞րը հասցնենք՝ հաց առնե՞նք, թե՝ դեղ»:

«Առավոտին» դիմած մի տիկնոջ խոսքերով՝ «Վերջին կոպեկս տվել եմ՝ ինսուլին եմ առել: Միայնակ թոշակառու եմ, ի՞նչ եմ ստանում, որ մի բան էլ դեղն իմ հաշվին առնեմ: Ծախսերս ծերը ծերին հազիվ եմ հասցնում: Իսկ պոլիկլինիկայի բժիշկն ինձ ասում է՝ դեղ չկա, գնացեք դեղատնից առեք, մինչեւ կստանանք»:

Այս առնչությամբ՝ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանն «Առավոտին» վստահեցրեց, որ պոլիկլինիկաներում ինսուլինի դեֆիցիտը ամենեւին էլ ճգնաժամի ու բյուջեի կրճատման հետ չի կապված. «Պարզապես, քանի որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը փոփոխվել էր եւ դեռ հստակ չէր, թե ինչ գնով է վաճառվելու դեղը, մրցույթն էլ հայտարարված չի եղել: Բայց մրցույթն արդեն եղել է, ֆիրմայի հետ պայմանագիր կա, գումարը կա եւ մայիսի սկզբներին դեղն արդեն կբաժանվի հիվանդներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել