Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՄՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉ ԴԵՂ ՊԱՏԱՀԻ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Մեր երկրում դեղերը հայերեն մակնշում չունեն եւ վաճառվում են նաեւ առանց բժշկի դեղատոմսի, ինչն էլ «նպաստում» է, որպեսզի սպառողը ինքնաբուժմամբ զբաղվի:

Նախորդ տարվանից ներկրվող մի շարք պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակներ՝ օրենքի պահանջով, պարտադիր հայերեն մակնշմամբ են վաճառվում: Այսինքն՝ հայաստանցի սպառողը կարողանում է ծանոթանալ տվյալ ապրանքի պարունակությանը, պիտանելիության ժամկետին, բացի այդ՝ արտադրողի մասին տեղեկություններ է ունենում: Մեր երկրում, չգիտես ինչու, պարտադիր մակնշման մասին պահանջը չի տարածվում այնպիսի լայն սպառում ունեցող ու մարդկանց առողջության համար խիստ կարեւոր նշանակության ապրանքատեսակի վրա, ինչպիսիք են դեղամիջոցները: Դեղերի ներդիր թերթիկներում, ճիշտ է՝ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներով գրված են թե՛ պարունակության, թե՛ ժամկետի եւ թե՛ արտադողի մասին տեղեկություններ, սակայն կան բազմաթիվ սպառողներ, որոնց համար անգամ ռուսերեն մակնշումը հասկանալի չէ: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ հայերը սիրում են ինքնաբուժմամբ զբաղվել, եւ շատ հաճախ կարող են հարեւանի կամ հարազատի ասելով, առանց բժշկի խորհրդի, վազել դեղատուն եւ գնել որեւէ հակաբորբոքիչ կամ ավելի «լուրջ» դեղ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգավոր հետեւանքների առաջ կարող են կանգնել: Հատկապես, ռուսերեն կամ այլ լեզվով գրված դեղատուփի վրայի ցուցումները մարդիկ ջանք չեն գործադրում ընթերցել: Նկատենք, որ հայերեն գրված լինելու դեպքում, մարդիկ գոնե կկարդան, թե տվյալ դեղամիջոցը ինչ հիվանդությունների պարագայում է հակացուցված:

Նշենք, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածն ասում է. «Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի, նրա աշխատանքային ռեժիմի եւ իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով»: Ըստ օրենքի, նշված տեղեկատվությունը մատչելի ձեւով ներկայացվում է սպառողներին, ի գիտություն՝ առուվաճառքի պայմանագրերի միջոցով եւ սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով եւ այլ եղանակներով: Սակայն այս պահանջները բացակայում են «Դեղերի մասին օրենքում»:

«Առավոտի» հետ զրույցում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանն ասաց. «Դեղերի մասին օրենքով, իսկապես, նման պահանջ չկա, ինչը ես շատ սխալ եմ համարում: Սակայն կարծում եմ, որ դեղերն էլ պետք է մտնեն սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի տակ եւ դեղերն էլ սկսեն հայերեն մակնշվել»: Պարոն Եղոյանի խոսքերով, իրենք մի քանի անգամ այդ խնդրի վերաբերյալ դիմել են համապատասխան մարմիններին, սակայն՝ անարդյունք. մոտ ապագայում եւս պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ կատարեն: Անհրաժե՞շտ է դեղամիջոցների վրա հայերեն մակնշում, թե՞ ոչ, «Առավոտին» մի շարք բժիշկներ եւ դեղատան աշխատակիցներ տարբեր կարծիքներ հայտնեցին: Մեզ հետ զրույցում «Էրեբունի» բուժկենտրոնի բժիշկներից մեկն ասաց, որ հայերեն մակնշումը այնքան էլ պարտադիր չէ, քանի որ բժիշկն արդեն տեղյակ է լինում տվյալ դեղի պարունակությանը. «Նախ պետք է հարց առաջ քաշվի, որ առանց բժշկի թույլտվության հիվանդը չկարողանա դեղատնից դեղ գնել: Քանի որ, շատ են լինում դեպքեր, երբ հիվանդներն իրենք իրենց նշանակումներ են կատարում, իսկ դեղատունն էլ շատ հանգիստ վաճառում է այդ դեղերը»: Որոշ բժիշկներ էլ գտնում են, որ հայերեն մակնշումն անհրաժեշտ է, քանի որ հիվանդն իրավունք ունի ծանոթանալ, թե ինչի՞ համար է նախատեսված տվյալ դեղամիջոցը. «Ճիշտ է, որպես կանոն, նման հետաքրքրասեր հիվանդները ռուսերեն եւ անգլերեն էլ են կարողանում կարդալ, սակայն մասնագիտական տերմինները չեն հասկանում, իսկ եթե հայերեն ու մատչելի գրված լինի, կարծում եմ՝ մարդիկ գոնե կիմանան, թե ինչ դեղ են ընդունում»: Պարզվում է, դեղատան աշխատողները ցանկանում են, որ հայերեն մակնշում լինի դեղերի վրա, որպեսզի հաճախորդների ավելորդ հարցերից գլուխներն ազատեն. «Շատ հաճախորդներ կան, որ դեղի ներդիր թերթիկը կարդում են ու հարցնում, էս բառն ի՞նչ է նշանակում, սա ինչի՞ համար է եւ այլն: Եթե հայերեն լինի, կկարդան ու հավանաբար հարցեր քիչ կտան»,- մեզ հետ զրույցում ասաց մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակից Սուսաննա Սիմոնյանը:

Նշենք նաեւ, որ եվրոպական մի շարք երկրներում արգելված է առանց դեղատոմսի ուրեւէ դեղ վաճառել, նույնիսկ սովորական գլխացավի դեղը տրվում է միայն բժշկի դեղատոմսով:

Առողջապահության նախարարի իրավախորհրդատու Սուրեն Քրմոյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ կառավարության որոշմամբ կա դեղերի ցանկ, որոնք տրվում են միայն դեղատոմսով, կան դեղեր, որոնք ազատ վաճառվում են առանց դեղատոմսի. «Ճիշտ է, չարաշահումներ լինում են, սակայն պարտադիր չէ բոլոր դեղերը միայն դեղատոմսով վաճառել»: Ինչ վերաբերում է դեղերի հայերեն մակնշմանը, Ս. Քրմոյանն ասաց. «Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքներ արդեն հայերեն մակնշվում են, մենք քայլ առ քայլ գնում ենք դրան: Եթե մեր օրենսդիրը որոշի, որ դեղերն էլ պետք է պարտադիր հայերեն մակնշվեն, դա անպայման կարվի»:

Նշենք, որ մի շարք դեղագործական ընկերություններ հայերեն չմակնշելը բացատրում են նախ՝ որ օրենքը նման պահանջ չի դնում, բացի այդ, հայաստանյան շուկան փոքր է, իսկ իրենց ապրանքների վաճառքի ծավալներն այնքան էլ մեծ չեն, որպեսզի դրսի արտադրողները գումար ծախսեն եւ ռուսերենի եւ անգլերենի հետ միասին նաեւ հայերեն մակնշում ավելացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել