Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու համար

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Չխուսափեց պատասխանատվությունից

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու փաստը, որն առաջացրել է մարդու մահ:

Լ. Խաչատրյանն իրեն ամրակցված «Սամանտ» մակնիշի ոստիկանությանը պատկանող ավտոմեքենայով 2008 թվականի հուլիսի 7-ին, ոչ աշխատանքային ժամին՝ գիշերվա 1-ին, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկության ուղեմաս եւ բախվել դիմացից եկող «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Խաչատրյանը, որը «Արմենիա» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է, իսկ նրա կինը՝ Ե. Միրզոյանը, ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Դատարանը բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը եւ Լ. Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով նրան 3,5 տարի ժամանակով ազատազրկման: Միաժամանակ՝ ոստիկանը 3 տարի ժամանակով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Իսկ հօգուտ պետբյուջեի՝ նրանից բռնագանձվել է 1 750 000 դրամ՝ պետությանը պատկանող ավտոմեքենան վնասելու համար, հօգուտ տուժողի՝ 6 491 290 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

Այս քրեական գործը ուշագրավ է նաեւ նրանով, որ, բացի ամբաստանյալի նկատմամբ դատավճիռ կայացնելուց, դատարանը սույն գործով առանձին անդրադարձել է նաեւ վկաների վարքագծին, նրանց տված ցուցմունքներին եւ որոշում կայացրել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցելու մասին:

Վկա Մ. Իզմիրյանը դատարանում տվել է ակնհայտ սուտ ցուցմունքներ՝ պաշտպանելով ոստիկանին: Մեղադրող-դատախազն այլ ապացույցների օգտագործմամբ դատարանում հիմնավորել է ոստիկանին պաշտպանող վկայի ցուցմունքների կեղծ լինելը: Արդյունքում՝ դատարանը դա դարձրել է առանձին գնահատման առարկա եւ միջնորդել ՀՀ գլխավոր դատախազին՝ վկայի նկատմամբ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով, ինչը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել