Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԿԱՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա. Արզումանյանին եւ Ս. Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքի ապացույցների հետազոտումը: Արդեն հարցաքննվել է 10 վկա, որոնցից 8-ը հրապարակային դատավարության ընթացքում հաստատել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նախաքննական ցուցմունքներից հրաժարվել է 1-ը, իսկ մյուսը տվել է հակասական ցուցմունքներ՝ մեծամասամբ հաստատելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հրապարակում ենք հատվածներ հարցաքննված վկաների ցուցմունքներից՝ զերծ մնալով մեկնաբանություններից: Մեջբերումները կատարվում են միայն այն վկաների ցուցմունքներից, որոնք ամբողջությամբ պնդվել են դատարանում:

«Ինքնաբուխ» հանրահավաքները կազմակերպել է Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը

2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանը դատարանում հաստատել է նախաքննության ընթացքում՝ 2008 թվականի ապրիլի 5-ին եւ 6-ին տված իր ցուցմունքները: Հարցաքննության ժամանակ, ի թիվս այս հարցերի, Տ. Հակոբյանն անդրադարձել է 2008 թ. փետրվարի 20-29-ը՝ Երեւանի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքների կազմակերպման աշխատանքներին եւ կիրառված քարոզչական հնարքներին: Տ. Հակոբյանի վկայությամբ՝ «ինքնաբուխ» ներկայացվող օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրահավաքները կազմակերպվել են Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից:

«…Փետրվարի 20-ից մինչեւ փետրվարի 29-ը Օպերայի հրապարակում անդադար հանրահավաքներ էին անցկացվում, որոնք կազմակերպվում էին Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից: Թե ինչո՞ւ քաղաքապետարանը չէր իրազեկվում հանրահավաքների մասին, ես չգիտեմ: Այդ հանրահավաքները եւ նստացույցերը կրում էին անընդհատ բնույթ, ես պարբերաբար, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, հաճախ գալիս էի հրապարակ, նաեւ այդ ժամանակահատվածում ինձ վրա վերցրել էի Ռուսաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքը»,- 05.04.

08թ. հարցաքննության ժամանակ փաստել է Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչական խմբի ղեկավարը: Նույնը նա պնդել է նաեւ ապրիլի 6-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ՝ նշելով. «…Ինչ վերաբերում է նրան, թե ով է կազմակերպել փետրվարի 19-ից հետո հանրահավաքները, ապա դա արել է ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը եւ քաղաքական խորհուրդը»: Իսկ Կենտրոնական շտաբի անդամներին Տ. Հակոբյանը հայտնել էր ապրիլի 5-ի հարցաքննության ժամանակ: Նրանք են՝ Ա. Արզումանյանը, Ա. Զուրաբյանը, Մ. Պետրոսյանը, Դ. Մաթեւոսյանը, Ն. Փաշինյանը, Ա. Սարգսյանը, Գ. Հարությունյանը, Լ. Զուրաբյանը:

60-ից ավելի տոկոս ձայները՝ քարոզչական հնարքների արդյունք

Տ. Հակոբյանը վկայություններ է տվել նաեւ կիրառված քարոզչական հնարքների մասին: «… Մասնագիտացված կազմակերպության կողմից անցկացված exit-pool-ի տվյալներով (կազմակերպության անվանումը չեմ հիշում), հանրապետության ամբողջ տարածքով Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ձայները գրեթե հավասար էին (երկուսն էլ չէին անցնում 40%-ը): Թե ով էր զբաղեցնում առաջին տեղը՝ հստակ չեմ հիշում: Ամեն դեպքում երկուսն էլ չէին հաղթում 1-ին փուլով եւ անցնում էին երկրորդ փուլ»,- 06.04.08թ. հարցաքննության ժամանակ նշել է Տ. Հակոբյանը՝ այդպիսով փաստելով, որ ընտրություններում թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ ընդդիմությունը հայտարարություններ է հնչեցրել ոչ թե քվեարկության արդյունքներն արտացոլող արձանագրությունների թվային տվյալներն ամփոփելով, այլ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների վրա: Թե ինչու է Ա. Արզումանյանը հայտարարել, թե Լ. Տեր-Պետրոսյանը հաղթել է առաջին փուլում 60-ից ավելի տոկոս ձայներով հարցին ի պատասխան՝ քարոզչական խմբի ղեկավարն ասել է. «Չեմ կարող ասել: Միգուցե Ա. Արզումանյանն այլ տեղեկություններ կամ հարցման տվյալներ ուներ, կարող է եւ դա քարոզչական հնարք էր…»: Ապա նաեւ ավելացրել «…Դա նորմալ քարոզչական էլեմենտ է, որն օգտագործվում է ցանկացած երկրում ընտրությունների ժամանակ: Ի վերջո, պետք է նաեւ ընդունել, որ հանրահավաքային ելույթներն ունեն իրենց տրամաբանությունը՝ զանգվածներ գրավելու խնդիր»:

Իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի համակարգչային ցանցի ադմինիստրատոր, Պահպանողական կուսակցության փոխնախագահ, 2008թ. ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Զավեն Վարդանյանը, ով մշակել էր քվեարկության արդյունքների հաշվարկը մոնիտորինգ կատարող ծրագիրը Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի համար, 2008 թվականի ապրիլի 7-ի իր ցուցմունքում Լ. Տեր-Պետրոսյանի հավաքած ձայների մասին հայտնել է հետեւյալը. «…Ես կենտրոնական շտաբում աշխատել եմ ընտրության օրը՝ մինչեւ առավոտյան ժամը ութը: Այդ պահի դրությամբ չէին ստացվել տվյալներ մոտ 200 ընտրատարածքից, մեծ մասամբ՝ Երեւանից: Այդ պահի դրությամբ Սերժ Սարգսյանի ձայներն էին մասնակիցների մոտ 43 տոկոսը, իսկ տվյալ պահի դինամիկան հաշվի առնելով՝ պետք է կազմեին 48,5-49 տոկոս: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները, իմ գնալու պահին, Հայաստանի կտրվածքով կազմում էր 28 տոկոս»:

«Հիմա»-ն՝ բռնության կոչ

Ապրիլի 15-ին դատարանում հարցաքննության ժամանակ Տ. Հակոբյանը, պատասխանելով մեղադրող կողմի հարցերին, անդրադարձել է նաեւ հանրահավաքների ժամանակ օգտագործված որոշ կարգախոսների, որոնք իր կարծիքով պարունակել են բռնության կոչերի տարրեր: Նախաքննության ընթացքում Տ. Հակոբյանը մասնավորապես նշել էր, որ հանրահավաքների ժամանակ ծնված «Հիմա» վանկարկմանը ինքը դեմ է եղել, իսկ պատճառները մանրամասնել է դատարանում. «Մեր կարգախոսների մեջ «Հիմա» չկար: Քանի որ ես պեդանտ մարդ եմ, ամեն շեղում մեր ընդհանուր գծից նպատակահարմար չեմ գտնում: Եվ իմաստը «Հիմա»-ի չէի հասկանում… Նորից եմ ասում՝ ես դեմ էի խոսքին: «Հիմա»-ն որոշ ընթացքում, որոշ ցույցերի ժամանակ նաեւ նախատեսում էր, ենթագիտակցաբար, որոշ գործողություններ: Բռնության գործողություններ»,- դատարանում ասել է վկա Տ. Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել