Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 23,2009 00:00

ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները՝ հետեւյալ պատճառով. «Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ՝ 19:40-ին: 3 «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, որ իրենք հնարավորություն ունեն, լսել են համապատասխան երգը՝ «Սա Երեւանն է, այստեղ մենք տանն ենք», էս 3 մեքենաները՝ բարձր արագությամբ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կարմիր լույսի տակ անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, ժողովուրդը բոլորը դա նկատում է: Բնականաբար, ես արագ արձագանքում եմ, մեր խմբերը՝ ճանապարհային ոստիկանությունը եւ 6-րդ վարչության համապատասխան ծառայություններն ընդամենը 6-7 րոպեի ընթացքում հայտնաբերել են բոլորին, իրենց արժանի ձեւով բոլորին բերման ենք ենթարկել 6-րդ վարչություն: Բնականաբար, վարորդներն իրենց պատիժը կրում են, ավելին` մեքենաների ուղեւորներով էլ ենք զբաղվում»: Նա նշել է, որ բերման են ենթարկվել 3 մեքենաներ, որոնցից 2-ը պատկանում են Աշոտ Աղաբաբյանին. «Ինքն անձամբ չի եղել մեքենայում, Աշոտ Աղաբաբյանը նախարարության շենք բերման չի ենթարկվել»: Իսկ Լեւոն Սարգսյանի թիկնապահները չնայած բերման ենթարկվել են, բայց հետո ազատ են արձակվել, քանի որ պարզվել է, որ Լեւոն Սարգսյանի մեքենան այդ մեքենաների շարքում չի եղել:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս նիստում ընդդիմությանը խորհուրդ տվեց մոռանալ Հյուսիսային պողոտայի մասին եւ «քաղաքական զբոսանքների» համար այլ վայր փնտրել. «Քայլեք Երեւանով, զբոսնեք, զրուցեք, ձեր հարցերը քննարկեք իրար հետ, բայց մեկ վայր ստեղծել, որը արգելված է մնացածին քայլել, որովհետեւ էդ վայրում ամեն րոպե կարող են կոնֆլիկտներ լինել՝ մենք դա թույլ չենք տա: Հանգիստ թողեք Հյուսիսային պողոտան: Հրահրել ոստիկանին, մոտենալ, քաշքշել, ինչ-որ մի բան ասել, վիրավորել, վերջում էդ պահը օգտագործել՝ «տեսեք, ինձ հրեց», կարծում եմ, սա չի կարելի եւ ընդունելի չի: Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել