Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատական «թայմ-աութ»

Ապրիլ 23,2009 00:00

Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էին «Յոթի» գործից անջատված մասերով միանգամից երեք դատավարություններ, որոնք երեքն էլ հետաձգվեցին: Դրանցից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործի դատաքննությունը, շարունակվում էր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատական այս նիստը մինչեւ ապրիլի 27-ը հետաձգվեց, որովհետեւ դատարան չէին ներկայացել դատակոչված երկու վկաները:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի շենքում նույն ժամին՝ 12:30-ին, նշանակված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի գործով դատական նիստերը: Երկուսն էլ հետաձգվեցին ամբաստանվողների պաշտպան Մելանյա Առուստամյանի չներկայանալու պատճառով: Նա, որ միաժամանակ ե՛ւ Մ. Մալխասյանի, ե՛ւ Հ. Հակոբյանի շահերի պաշտպանն է, հիվանդության մասին համապատասխան տեղեկանք էր ներկայացրել, թեեւ առողջ լինելու պարագայում էլ դժվար էր պատկերացնել, թե կարող է մասնակցել միանգամից իր երկու պաշտպանյալների՝ նույն օրն ու նույն ժամին նշանակված դատավարություններին: Մ. Մալխասյանին, բացի փաստաբան Մ. Առուստամյանից, պաշտպանում է նաեւ փաստաբան Հովիկ Արսենյանը, բայց նա էլ երեկ մասնակցելու էր իր մյուս պաշտպանյալի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով դատավարությանը, որը դարձյալ մեկնարկելու էր երեկ, Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանում: Առաջացած խառնաշփոթը հենց այն է, ինչի մասին ապրիլի 1-ից եւ «Յոթի» գործի տրոհումից ի վեր ահազանգում էին «Յոթի» գործով պաշտպանները: Հիմա կա՛մ ամբաստանվողները պետք է ստիպված լինեն փոխել իրենց պաշտպաններին, կա՛մ նրանց դատավարությունները պարբերաբար պիտի հետաձգվեն՝ կախված այն բանից, թե պաշտպաններից ով ում գործի դատաքննությանը կմասնակցի, եւ ում գործով դատական նիստը կհետաձգվի պաշտպանի բացակայության պատճառով:

Համենայնդեպս, երեկ Հ. Հակոբյանը պահանջել է դատավարությունը սկսել իր պաշտպանի ներկայությամբ, իսկ Մ. Մալխասյանը դատարանից ժամանակ է խնդրել իր պաշտպանների հետ խորհրդակցելու եւ, գուցե, գործում այլ պաշտպան ներգրավելու որոշում կայացնելու համար: Մ. Մալխասյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը, իսկ Հ. Հակոբյանինը՝ ապրիլի 27-ը:

Երեկ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանում մեկնարկել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով դատավարությունը, որի ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի քանի միջնորդություններով, նախ՝ դատավորի ինքնաբացարկ հայտնելու, ապա՝ Ս. Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրգործը կարճելու, նաեւ՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ս. Միքայելյանը, սակայն, վերախմբագրել էր իր պաշտպանի միջնորդությունը՝ հայտարարելով, թե պատրաստ է մնալ քրեորեն հետապնդվողի կարգավիճակում, բայց պնդում է իր խափանման միջոց կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, եւ թեկուզ գրավի դիմաց ազատ արձակել, որովհետեւ ընտանիք ունի, եւ նրա հոգսերը հոգալ է պետք: Դատավոր Հ. Սարգսյանը երեկ միջնորդությունների մի մասը մերժել է, իսկ խափանման միջոցի առնչությամբ որոշում կայացնելու համար անցել է խորհրդակցական սենյակ եւ նիստը հետաձգել մինչեւ այսօր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել