Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի հայտ բերելու նպատակով այս պահին մեր հանրապետությունում գործում են երեք տարբեր խմբեր: Նախ, խորհրդարանում ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողովը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այնուհետեւ ընդդիմության նախաձեռնությամբ եւ նույն նպատակով ստեղծվեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը, եւ, վերջապես, անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ էլ ձեւավորվեց փաստահավաք խումբ, որի անհրաժեշտության մասին խոսում էին ընդդիմությունն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները: Բայց այս երեք հանձնաժողով-խմբերից առնվազն երկուսի՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեության արդյունքը այնքան էլ տեսանելի չէ: Ինչու չենք մատնանշում հանրային հանձնաժողովի անունը, որովհետեւ այն, որպես իշխանությունների եւ պետական կառույցների կողմից օժանդակություն չստացող մարմին, իր ուժերի եւ հնարավորությունների սահմանում իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում գոնե 2-3 առանձին զեկույցներ է հրապարակել: Ու եթե այսօր մենք ժամանակ առ ժամանակ տեղեկություններ ենք ստանում, մասնավորապես, Ս. Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի, թող որ ոչ այնքան արդյունավետ, աշխատանքների մասին, ապա փաստահավաք խմբի գոյության մասին ընդհանրապես մոռացել ենք:

Հիշեցնենք, որ այս խմբի ձեւավորումը նպատակ ուներ օժանդակելու խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը, օրինակ՝ «բացահայտել եւ հանձնաժողովին փոխանցել փաստեր, փաստաթղթեր եւ տեղեկատվություն» ե՛ւ հայտնի իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների որոշումների ու գործողությունների իրավաչափության եւ համաչափության գնահատման, ե՛ւ այդ դեպքերի ընթացքում անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ:

Թե իր 5-ամսյա գործունեության ընթացքում ի՞նչ բացահայտումներ է արել փաստահավաք խումբը՝ հայտնի չէ, որովհետեւ խմբի աշխատանքները, ՀՀ նախագահի կարգադրության համաձայն, որեւէ կերպ լուսաբանման ենթակա չեն: Ասել է թե՝ քանի դեռ «փաստահավաքը» իր գործունեության արդյունքների մասին խորհրդարանական հանձնաժողովին զեկույց չի ներկայացրել, ու այդ զեկույցն էլ չի հրապարակվել, մենք պետք է մոռանանք, որ նման խումբ է գործում: Իսկ քանի դեռ փաստահավաք խումբը «լռության երդումը» սրբորեն պահում է, նրա գործունեությունից դժգոհում են թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները: Նախօրեին Ս. Նիկոյանը հրապարակայնորեն դժգոհեց, թե ինքը փաստահավաք խմբի հետ խոսում է մամուլի միջոցով, որովհետեւ նրա կողմից շփման որեւէ ցանկություն չի տեսել, որ խումբն իրեն դեռեւս որեւէ հավելյալ տեղեկություն չի փոխանցել, որն ինքը կփորձեր հրապարակայնորեն հետաքննել եւ այլն: Մի խոսքով, ըստ Ս. Նիկոյանի, իր գլխավորած հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի միջեւ համագործակցություն չի՛ք:

Խմբից որոշակի դժգոհություն կա նաեւ ընդդիմության ներսում: Իհարկե, այդ դժգոհությունները հայտնվում են մասնավոր զրույցներում միայն՝ «կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու» տրամաբանությամբ: Իսկ դժգոհության պատճառները տարբեր են: Օրինակ՝ մեր հարցին, թե ինչու է լռում ընդդիմության կողմից ձեւավորված հանրային հանձնաժողովը, որը մինչ այդ ծավալուն զեկույցներ էր հրապարակում, պատասխանը մոտավորապես այս է լինում՝ դե, փաստահավաք կա, բան կա, թող աշխատեն, բացահայտեն: Մինչեւ հիմա հայտնի չէ, թե փաստահավաքն ինչ է արել այն զեկույցների հետ, որոնք նրան տրամադրվել է հանրային հանձնախմբի կողմից: Կան նաեւ այլ հարցադրումներ. ասենք՝ ընդդիմությանը կամ քաղկալանավորներին ի՞նչ օգուտ, որ «փաստահավաքում» ընդդիմության ներկայացուցիչներ կան: Միեւնույն է՝ նրանց «պեղումները» հասարակությանը չեն ներկայացվում, որ խումբը այս տեմպերով, նույն գաղտնիության պայմաններում, նաեւ կասկածելի արդյունավետությամբ կարող է աշխատել դեռ մինչեւ աշուն, մինչդեռ «Մարտի 1»-ի գործով դատվածներն ու «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ, դատվել շինծու, ինչպես նաեւ այն ցուցմունքների հիման վրա, որոնք ձեռք են բերվել քննությանը խորթ մեթոդներով: Այդ փաստերը, ըստ մեր զրուցակիցների, այնքան էլ չեն հետաքրքրում ո՛չ ժամանակավոր հանձնաժողովին, ո՛չ էլ փաստահավաք խմբին:

Խմբում ընդդիմության՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ համապատասխանաբար Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը, համաձայնեցին պատասխանել «Առավոտի» միայն մեկ հարցին, որն առնչվում էր փաստահավաք խմբի վերաբերյալ Ս. Նիկոյանի հրապարակային դժգոհությանը: Ս. Սաֆարյանն ասաց, թե համաձայն չէ պարոն Նիկոյանի հետ. «Մենք որոշ փաստեր, ինչ որ ունեինք, արդեն տրամադրել ենք: Այնպես ստացվեց, որ դա զուգադիպեց նրա արած այդ հայտարարությանը»: Տիկին Սաֆարյանը պարզաբանեց, որ խումբը միջանկյալ զեկույց ներկայացնել չի կարող, բայց Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը կարող է իրեն փոխանցված նյութերը իր հայեցողությամբ հրապարակել: «Ինչ-որ արդյունքներ արձանագրվել են, թեեւ դրանք մեր ակնկալիքները չեն բավարարում»,- հավաստիացրեց Ս. Սաֆարյանը: Նա խմբում իրենց գործունեությունը արդյունավետ է համարում, թեեւ կան որոշակի դժվարություններ ու խոչընդոտներ: Նրա կարծիքով, «Մարտի 1»-ի գործով ամբաստանվողների եւ դատապարտվածների ճակատագրի վրա իրենց աշխատանքը որոշակիորեն արդեն ազդում է. «Գուցե ձեզ համար դա տեսանելի չէ, բայց անուղղակիորեն ազդում է»: Ա. Քոչարյանն ավելի սակավախոս էր: Ս. Նիկոյանի արած հայտարարության մասին նա միայն ասաց, թե, իր կարծիքով, պիտի լիարժեք գործեն ե՛ւ ժամանակավոր հանձնաժողովը, ե՛ւ փաստահավաքը, որ այդպես եւ համագործակցված աշխատանքն էլ ավելի արդյունավետ կլինի:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաստիացրեց, թե փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների գործունեության առնչությամբ իրենք որեւէ դժգոհություն չունեն: Փոխարենը դժգոհություններ կան խմբի առջեւ արհեստականորեն առաջացվող խոչընդոտների վերաբերյալ: Թե ինչի մասին է խոսքը, պարոն Զուրաբյանը չմանրամասնեց՝ խոստանալով, որ առաջիկայում այդ մասին կիմանան բոլորը: Որ «փաստահավաքում» իր ներկայացուցչին գործուղած «Ժառանգություն» կուսակցությունն էլ նույնատիպ դժգոհություն ունի, փաստեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Մեր երկու զրուցակիցներն էլ չբացառեցին, որ առաջիկայում իրենք հանդես կգան փաստահավաք խմբի վերաբերյալ հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել