Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել այն նախաձեռնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Երեկ բացելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը խորհրդանշական բնաբան ընտրեց. «Կապված վերջին զարգացումների հետ՝ այսօր առավել քան ճիշտ է հնչում հետեւյալ խոսքը. «Նա, ով չի կարողանում հստակ, պարզ հարգանքով գնահատել եւ արժեւորել իր անցյալը՝ ապագային նայելու է վախով եւ կասկածանքով»։

Առաջին իսկ ելույթում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Թուրքիային այսօր պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը, այլ ոչ թե դրա տրամաբանական արդյունքը: Եվ պետք է ընդունել, որ այսպիսի մարտավարությամբ նրան առայժմ քիչ բան չի հաջողվել: Նրան մասնավորապես հաջողվել է միջազգային հանրության եւ ԱՄՆ վերնախավի մոտ տպավորություն ստեղծել, թե գոյություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, եւ այն կառուցողական ընթացքի մեջ է: Երկրորդ՝ հայտ ներկայացնել հանդես գալու որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համար նպատակահարմար կողմ եւ գործոն: Երրորդ՝ հայտ ներկայացնել՝ ստանձնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական դերակատարություն: Դրանք երեքն էլ մեզ համար վտանգավոր են»: Ըստ նրա՝ առաջնահերթ խնդիրը, որ ծառացած է Հայաստանի առջեւ՝ թույլ չտալն է Թուրքիային խորացնելու «իր այս երկդիմի մարտավարությունը. կառուցողական եւ բարեհաճ երեսով՝ ուղղված միջազգային հանրությանը, սակայն անպտուղ, շահադիտական ու հաճախ նաեւ կողմնակալ բնույթով՝ ուղղված Հայաստանին»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետապնդի մասնավորապես հետեւյալ խնդրի լուծումը. «Բացահայտի, որ Թուրքիայի նպատակը ոչ այնքան կարգավորումն է, որը նրա ծրագրերի մեջ չի մտնում, այլ այդ գործընթացը որպես միջոց օգտագործելը, մի կողմից՝ իր նկատմամբ սաստկացող միջազգային ճնշումները չեզոքացնելու, իսկ մյուս կողմից՝ Հայաստանից անհամաչափ զիջումներ կորզելու շնորհիվ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը սպասարկելու համար»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր ելույթում նշեց, թե գրեթե մի տարի է անցել հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից. «Մեկ տարի առաջ հայտարարում էինք, որ Հայաստանը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների ստեղծմանը, սակայն առանց որեւէ նախապայմանների, իսկ Թուրքիան ներկայացնում էր նախապայմաններով: Մենք աշխարհին առավելությամբ էինք ներկայանում՝ իբրեւ բարյացակամ ու դրական ժողովուրդ, իսկ Թուրքիան համարվում էր կոպիտ, անհասկանալի պետություն»: Իսկ այսօր, ըստ նրա՝ հետեւյալ իրավիճակում ենք. «Թուրքիան արդեն աշխարհով մեկ խոսում է, որ Ցեղասպանության հարցը քննության նյութ է դառնալու»: Հրանտ Մարգարյանը գրեթե բառացի կրկնեց այն, ինչ արդեն ասել էր Վարդան Օսկանյանը, սակայն հավելեց շատ կոշտ եզրակացություններ. «Մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով ընդհանրապես տեսակետ հայտնելու բարոյական իրավունքը չուներ, կողմ չէր համարվում: Այսօր արդեն իսկ ներկայացվում է կողմ, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ ինչու պետք է Ղարաբաղի հարցը նաեւ լուծվի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Այսինքն՝ Թուրքիան շահագրգիռ կողմ է դառնում: Մենք վնասո՛վ ենք դուրս եկած այս պահին: Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտվա՛ծ է»:

Եվ չնայած Սերժ Սարգսյանի բազմիցս արած հայտարարություններին՝ Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կառուցելու մասին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պնդեց, թե առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին սկզբունքը խախտվել է. «Եվ խախտվել է իբրեւ շատ պարզունակ մոտեցման հետեւանք, որովհետեւ ազգային հարցերը մեկ ընդհանրություն են, ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի: Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել: Իսկ երբ մենք մտածում ենք, որ Ղարաբաղի հարցով կարելի է ոչ մի բան չզիջել, բայց մյուս ազգային հարցերում ինչ-որ բան զիջել՝ դա հենց այն ծուղակն է, որ մենք ընկնում ենք եւ զիջում ենք ամեն ինչ: Եվ ես կարծում եմ՝ հենց այս է, որ պետք է հասկանանք՝ Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության հարցը, Արեւմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Եվ ճիշտ ազգային մոտեցումով է, որ պետք է կարողանանք այս հարցերին լուծում գտնել: Ոչ մի հարց մյուս հարցերի զոհը չենք կարող դարձնել»: Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Ես հավատում եմ՝ ազգային հարցերը, Հայոց ցեղասպանության խնդիրը, հայ-թուրք հարաբերությունների խնդիրը հայ ժողովրդի բաց ներվն է: Ով կպավ այդ ներվին՝ անակնկալ հակազդեցության կհանգի»:

Հ. Գ. Հրանտ Մարգարյանի հարցազրույցն «Առավոտին»՝ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ, կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել