Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻՑ՝ ՄԵԾ ՀԱՐԿԵՐ

Ապրիլ 22,2009 00:00

Մայրաքաղաքի «Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականները երեկ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ խիստ կրճատվել են առեւտրի ծավալները, ինչի հետեւանքով իրենք չեն կարողանում վճարել ոչ տեղի վարձը, ոչ էլ հարկայինի գումարը: Բացի այդ, առեւտրականների ներկայացմամբ, իրենք ապրանքների ձեռքբերման համար վարկ են վերցրել «Արդշինինվեստբանկից» եւ հիմա շատերը չեն կարողանում փակել վարկի տոկոսները: Տոնավաճառի աշխատակիցներից մեկի խոսքերով. «Բանկի տոկոսներն ու հարկայինի փողը փակելու համար՝ ամսվա վերջին շատ ապրանքներ ստիպված իրենց գնով ենք վաճառում: Բայց անգամ էդ ժամանակ էլ առեւտուր անող չկա: Մարդկանց ձեռքին շոր ու կոշիկ առնելու փող չկա, հազիվ օրվա սննդի մասին են մտածում»: Առեւտրականներից մեկի ներկայացմամբ էլ. «Մենք պատրաստ ենք հենց հիմա թողնել մեր աշխատատեղերն ու գնալ, բայց եղած ապրանքն ի՞նչ անենք, կամ հետո մեր պարտքերը ո՞նց փակենք»: Մեզ հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցները գոհ էին միայն մի բանից՝ իրենց «տնօրենը շատ խղճով մարդ է». «Նա մտնում է մեր դրության մեջ, գիտի, որ չենք կարողանում վճարել, տեղի փողը քչացրել է: Ուրիշները 1500-2000 դրամ են վերցնում, իսկ մենք օրական 1000 դրամ տեղի վարձ ենք մուծում»: Ինչ վերաբերում է հարկեր մուծելուն, ապա, ըստ առեւտրականների. «Մեր պետությունը մեզ դրել է լծի տակ: Եթե հանկարծ մի օր փող չունենանք ու մուծումները ուշացնենք, անմիջապես 20 հազար դրամով տուգանում են: Փոխանակ մեծահարուստներից հարկեր պահանջեն, գալիս մեր փոքր սեղանիկներից մեծ հարկեր են պահանջում»: Նշենք, որ առեւտուր չլինելու պատճառով արդեն իսկ մի քանի տասնյակ առեւտրականներ հրաժարվել են իրենց տեղերից:

Տարեց առեւտրականներից մեկն էլ դժգոհեց, որ իրենք պարտավոր են սոցվճարումներ կատարել. «Ես էլ եմ թոշակառու, օրական 500 դրամի համար առավոտից իրիկուն էստեղ կանգնում եմ, բայց չգիտեմ, թե ինչի համար ամսական 5500 դրամ փող եմ մուծում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել