Շիրակում նպաստառուների ցուցակները ստուգելուց ու կարգի բերելուց հետո «Փարոս» ստացող մարդկանց թիվը նվազել է: Շիրակի մարզպետարանի սոցիալական բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նպաստառուների պակասելու պատճառն այն է, որ շատերը, բավականին մեծ եկամուտներ ունենալով, թաքցրել են այն ու, չքավոր ձեւանալով, ընդգրկվել ցուցակում: Այդ ապօրինությունը հայտնաբերել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
«Պետական նպաստների մասին» օրենքի 25 հոդվածը՝ «Ոչ հավաստի տեղեկությունների տրամադրումը, որը կբերի նպաստի չափի ավելացման կամ նպաստի ստացման», տվյալ դեպքում նախատեսում է անմիջապես զրկել նպաստից, ետ գանձել գումարը կամ գանձել դատական կարգով: Այս օրենքը կիրառվեց, եւ մեծ թվով ընտանիքներ նպաստի համակարգից դուրս մնացին: Կառավարության կողմից ընթացքում որոշակիորեն լուրջ աշխատանքներ իրականացվեցին՝ խստացնելու հսկողությունը գործակալությունների՝ նպաստների նշանակման եւ վճարման գործընթացների վրա: Տնային այցելություններն էսօր ձեւական բնույթ չեն կրում եւ ասեմ, թեեւ դուք տեղյակ եք, որ իրավապահ մարմինները որոշակի զբաղվում են նպաստների համակարգով, դրանց գործընթացներով, համայնքներում մենք արձագանքներ ունենք, վերահսկողության ուժեղացումը բերել է նրան, որ ոչ կարիքավոր ընտանիքներին համակարգից դուրս են բերել»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան: Մեր հարցին, թե իսկապե՞ս հսկողությունն այնքան ուժեղ է, որ սոցիալական ծառայության տեսուչները նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար այլեւս գումարներ չեն շորթում, Ռաֆիկ Փոթինյանը պատասխանեց. «Եթե ես ասեմ, որ կոռուպցիան բացառվում է, դուք կզարմանայիք, ես ինքս ինձ թույլ չէի տա նման պատասխան տալ, բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիան կա ու դրա դեմ անհրաժեշտ է պայքարել»: