Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սնահավատությունը՝ միստիկ մտածողության արդյունք

Ապրիլ 22,2009 00:00

Մոգական հիմք ունեցող սնահավատություններն իրականում տրամաբանական բացատրություն չունեն

«Չեմ կարծում, որ շատ սնահավատ եմ, բայց կան բաներ, որոնց նկատմամբ որոշակի նախապաշարումներ ունեմ: Դրանք հիմնականում այն երեւույթներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, հասել են մեզ: Օրինակ, տատս թույլ չէր տալիս, որ գիշերով տունը ավլենք: Ասում էր՝ «խերը» տնից հանում եք: Գիտեմ, որ դժվար թե դրանից մեր տան «խերը» կորչի, բայց, միեւնույն է, մինչեւ հիմա հետեւում եմ տատիս ասածներին: Ամեն դեպքում մտածում եմ, որ մեծ կին էր, մի բան գիտեր, որ ասում էր: Եվ հետո, տարիներով եկած բան է, գուցե ինչ-որ իմաստ ունի»,- ասում է 35-ամյա Վարդուհին:

28-ամյա Արմենն էլ կարծում է, որ սնահավատությունն ավելի բնորոշ է կանանց. «Տղամարդիկ հիմնականում առաջնորդվում են բանականությամբ, իսկ կանայք՝ բնազդներով: Կարծում եմ, որ սնահավատությունն էլ հենված է բնազդների վրա եւ հիմնականում բանականության բացակայության կամ ինչ-որ բանի չիմացության արդյունք է: Կան գործողություններ, որ առաջին հայացքից թվում են սնահավատության արդյունք, բայց իրականում պարզապես գործողություններ են, որոնք արվում են ռեֆլեքսորեն՝ առանց դրանց կարեւորություն տալով: Օրինակ, երբ սեղանին աղ է թափվում, ես անկախ ինձնից խաչ եմ անում վրան, բայց դա անում եմ ենթագիտակցաբար, որպես մեխանիկական գործողություն եւ ոչ թե նրա համար, որ դրա արդյունքում ինչ-որ վատ բան չլինի»,- ասում է Արմենը:

Եթե վերլուծենք «սնահավատ» բառը իմաստաբանական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այն կազմված է «սին», որը նշանակում է դատարկ, եւ «հավատ» բառերից: Այդ «հավատալիքները» սին են, թե ոչ, դա այլ հարց է, բայց այն, որ դրանք բազմաթիվ են՝ փաստ է: Երբ տանը բաժակ է կոտրվում, ասում են՝ հաջողության նշան է, իսկ հայելիի դեպքում՝ հակառակը: Եթե սեւ կատու է կտրում ճանապարհդ՝ փորձանք է պատահելու, պետք է կանգ առնել եւ երեք անգամ պտտվել: Դռանը պայտ կախելու դեպքում՝ ընտանիքում հաջողություն կլինի: Աղը թափվում է, ուրեմն վեճ է սպասվում, պետք է խաչ անել վրան: Պատուհանից տուն թափանցած թռչունը մահվան նշան է: Եթե տնից դուրս գալիս ինչ-որ բան եք մոռացել ու վերադառնում եք՝ անպայման պետք է նայել հայելուն, հակառակ դեպքում գործը «թարս» կգնա: Երկու նույն անունն ունեցող մարդկանց մեջտեղում նստես՝ ցանկությունդ կկատարվի եւ այլն: Սրանց ճշմարտացիությունը բնականաբար հաստատված չէ, սակայն հոգեբանները հավաստիացնում են, որ սնահավատ մարդիկ ավելի հաճախ են հայտնվում դեպրեսիոն վիճակներում ու ավելի հոռետես են, քան նրանք, ովքեր հեռու են այդ ամենից: Պարզելու համար, թե իրականում ի՞նչ հիմք ունի սնահավատությունը, ինչո՞վ է այն պայմանավորված, զրուցեցինք հոգեբան Նարե Գրիգորյանի հետ:

«Մարդիկ, անկախ իրենց կամքից, ունենում են տագնապային ֆոներ: Դա ոչ այնքան վախ է, որքան անվստահություն արտաքին աշխարհի նկատմամբ: Այդ ամենի հիմքում մահվան կամ անորոշության վախն է: Նման երեւույթը հատուկ է սնահավատ կամ կպչուն, նյարդային մարդկանց: Սնահավատ մարդիկ նախապաշարումներ ունեն որոշակի երեւույթների նկատմամբ ու որոշ գործողություններ կատարելով՝ ապահովագրում են իրենց: Եվ կարծում են, որ դրանով կառավարում են իրենց ապագան, ուզում են մտածել, որ ինչ-որ բան իրենց ձեռքերում է եւ դրանով էլ իրենց ավելի ապահով են զգում»,- ասում է հոգեբանը:

Նրա խոսքերով՝ կպչուն, նյարդային մարդիկ, բացի համընդհանուր սնահավատություններից, իրենց համար հորինում են որոշակի բաներ եւ հետեւում դրանց: Հակառակ դեպքում՝ բարձրանում է նրանց տագնապայնությունը:

«Ի տարբերություն համընդհանուր սնահավատությունների՝ հորինվածների դեպքում մարդն ինքն իր համար որոշում է՝ ինչ անել, որ մի վատ բան չպատահի, բայց թե ինչու հենց այդ գործողությունն անել, ինքն էլ չգիտի: Դա անում է անգիտակցաբար, դա նրա առօրյայի մի մասն է, նա դրան հատուկ ուշադրություն չի էլ դարձնում: Այդ գործողությունները, ընդհանուր առմամբ, հատուկ արարողություններ են, կարելի է ասել՝ ծեսեր, որոնք իջեցնում են սնահավատ, նյարդային մարդկանց տագնապայնությունը»,- բացատրում է հոգեբանը:

Ն. Գրիգորյանի խոսքերով՝ սնահավատություններն առհասարակ միստիկ մտածողության արդյունք են ու մոգական հիմք ունեն: «Որոշ առասպելներում, էպոսներում, կրոնական գրքերում գուցե կարելի է գտնել դրանց որոշակի մեկնաբանություն, բայց դրանք իրականում որեւէ տրամաբանական բացատրություն չունեն»,- նշում է հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել