Ամերիկահայ Քրիստ Հովույանը ապրիլի 18-ին Իտալիայի Մարոստիկա քաղաքում ստացել է «Ումորիստի ա Մարոստիկա» ծաղրանկարի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնը համարվում է ամենահեղինակավորն իր տեսակի մեջ:
Նշենք, որ Քրիստ Հովույանը գլխավոր մրցանակի է արժանացել ե՛ւ 2005, ե՛ւ 2007 թթ.: Մարոստիկան հայտնի է որպես շախմատի քաղաք, եւ ամեն 2 տարին մեկ քաղաքի գլխավոր հրապարակում շախմատ են խաղում կենդանի քարերով, ի հիշատակ 15-րդ դարում կայացած շախմատային մենամարտի, որին մասնակցեցին երկու ազնվական՝ Ռինալդո դը Անգարանոն եւ Վիեռի դա Վալլոնարան՝ Մարոստիկա ամրոցի տիրակալի գեղեցկուհի դուստր Լիոնորայի հետ ամուսնանալու նպատակով:
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԲԱՑՎԵՑ
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ երեկ Երեւանում բացվեց Ճարտարապետների համահայկական համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հարյուրավոր հայ ճարտարապետներ, արվեստագետներ: Ապրիլի 20-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը արդեն հյուրընկալել է համաժողովին մասնակցելու համար Երեւան ժամանած ֆրանսահայ ճանաչված քանդակագործ Թորոս Ռաստկելենյանին: Նախարարը շնորհավորել է վերջինիս Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւին՝ «Պատվո լեգեոն» շքանշանին արժանանալու կապակցությամբ: Ֆրանսահայ քանդակագործը պատրաստակամություն է հայտնել իր Սայաթ-Նովայի քանդակը քաղաքամայր Երեւանին նվիրելու:
«Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» համահայկական համաժողովի մասնակիցներին իր ողջույնն է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ հանրապետության նախագահի եւ կառավարության ծրագրերում կարեւոր տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական ուժի ամբողջացումը եւ այդ նպատակով կազմակերպվող Ճարտարապետների համահայկական համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ազգային ճարտարապետական ժառանգության պահպանման, ստեղծագործական յուրացման ու զարգացման, փոխանցման հիմնախնդիրները, երիտասարդ ճարտարապետների պատրաստման եւ վերապատրաստման ներկա հրամայականները, արդի ճարտարապետական ոճերի, մոտեցումների, նոր տեխնոլոգիաների եւ նյութերի ներդրումը հայկական ճարտարապետության մեջ, մասնագիտական ընկերակցության ստեղծումը, որը համահայկական մասնագիտական ցանցի ստեղծման նախապայման է: