Ժամանակին ֆուտբոլը հանրապետության երրորդ քաղաքում առաջատար մարզաձեւերից էր: Վանաձորցի տարիքով մարզասերները հիշում են, որ «Լոռի» թիմի հանդիպումներին, որ անցկացվում էին համանուն ստադիոնում, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում:
Հիմա պատկերը միանգամայն հակառակն է: Ֆուտբոլը, որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ, աստիճանաբար ետին պլան մղվելով, գրեթե մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով սիրողական մակարդակից էլ ցածր սակավաթիվ խմբերին:
Ստեղծված իրավիճակը, հասկանալի է, երկար շարունակվել չի կարող: Անհրաժեշտ է կտրուկ ու գործնական քայլերի դիմել, ինչին էլ ձեռնամուխ է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մարզաձեւը մեռյալ դիրքից հանելու առաջին նախապայմանը համապատասխան պայմաններ ստեղծելն է: Հենց այդ նպատակով էլ ՀՖՖ նախագահը ճանաչողական այցով մեկնեց Վանաձոր եւ քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ուղեկցությամբ եղավ «Լոռի» ստադիոնում: Շուտով նրանց միացավ նաեւ մարզպետ Արամ Քոչարյանը:
Ստադիոնի, եթե այն կարելի է այդպես կոչել, վիճակը պարզապես աղետալի է: Եթե ստադիոնի «գլխավոր» եւ մարզումային դաշտերի կանաչ խոտածածկն ինչ-որ չափով դեռ կարելի է օգտագործել, բայց միայն ոչ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու կամ մարզվելու, այլ, պարզապես, գնդակ «տշելու» համար, ապա տրիբունաները, լուսավորության աշտարակները թալանված են ու փլուզման եզրին հայտնված:
Ընդհանուր իրավիճակին (ներառյալ՝ շրջակա տարածքները) մանրամասն ծանոթանալուց հետո՝ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով եւ քաղաքապետի համաձայնությամբ որոշվեց անհապաղ ձեռնամուխ լինել ստադիոնի եւ հարակից մարզումային խաղադաշտի ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ՝ ստադիոնին կից արհեստական խոտածածկով նոր դաշտ կառուցելու աշխատանքներին: Դրա համար արդեն այս շաբաթվա ընթացքում ֆեդերացիա կներկայացվեն համապատասխան մանրամասն քարտեզագրումները, որոնց վրա կաշխատեն ՀՖՖ-ի մասնագետները եւ Վանաձորի ճարտարապետները: Դրանից հետո կկազմվեն նախահաշիվները, կընտրվեն կոնկրետ շինարարական կազմակերպությունները (ամենայն հավանականությամբ՝ դրանք կլինեն Վանաձորից) եւ աշխատանքները կսկսվեն:
Սակայն որպեսզի ստադիոնի հիմնանորոգումն ինքնանպատակ չլինի, անհրաժեշտ է Վանաձորում զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը եւ այն ամուր հիմքերի վրա դնել: Այդ նպատակով ՀՖՖ նախագահը եղավ նաեւ Տարոն-4 թաղամասում եւ խոստացավ այնտեղի խոպան հողերում մի քանի խաղադաշտով ֆուտբոլի մարզադպրոց կառուցել, որը հեռանկարում կարող է նաեւ մարզական համալիր ավանի հիմնադրման հիմք հանդիսանալ:
Շրջայցի ավարտին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց իրեն ուղեկցող մի քանի լրագրողների հարցերին:
– Ինչպիսի՞ տպավորություն ստացաք:
– Շատ ծանր: Աղետալի վիճակ է: Ամեն բան ինքներդ էլ ձեր աչքով տեսաք: Հատկապես մարզումային դաշտն օգտագործման համար պիտանի չէ: Այնտեղ մարզվող երեխաներն ամեն վայրկյան կարող են վնասվածքներ ստանալ:
– Հենց տեղում արդեն կոնկրետ անելիքների ուրվագծերը սահմանվեցին: Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի հիմնանորոգված «Լոռի» ստադիոնը դռները կրկին բացի թե ֆուտբոլիստների եւ թե ֆուտբոլասերների առջեւ:
– Նախապատրաստական եւ կազմակերպական հսկայական աշխատանքների անհրաժեշտություն կա: Բայց արդեն կարող եք համարել, որ դրանք սկսվեցին այս պահից: Մեր նպատակն է այստեղ ապահովել ՖԻՖԱ-ի պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան այնպիսի պայմաններ, որպեսզի հնարավոր լինի, ասենք, երիտասարդական հավաքականների հանդիպումները Վանաձորում անցկացնել: Եվ ինչո՞ւ չէ, հավատանք, որ ապագայում տեղի թիմերն էլ դուրս կգան միջազգային ասպարեզ ու եվրագավաթների խաղերը կանցկացնեն տանը: Կարծում եմ, որ ստադիոնի հիմնական եւ մարզումային դաշտերը, ինչպես նաեւ արհեստական խոտածածկով կառուցելիք նոր խաղադաշտը պատրաստ կլինեն մինչեւ այս տարվա վերջ:
– Նախահաշվարկները դեռ նոր պետք է կատարվեն: Բայց մոտավորապես ի՞նչ գումարների մասին է խոսքը:
– Իմ կարծիքով՝ մոտավորապես $1 մլն-ին համարժեք դրամի:
– Ո՞վ է այդ ներդրումը կատարելու:
– Ֆուտբոլի ֆեդերացիան:
– Իսկ տեղական ինքնակառավարման մարմինները չե՞ն աջակցելու:
– Աջակցում են եւ ամեն ինչով աջակցելու են:
– Ֆեդերացիան մարզերում ֆուտբոլը զարգացնելու, այդ թվում՝ եղած ստադիոնները հիմնանորոգելու ծրագրեր ունի: Նախապատվությունը Վանաձորին ինչո՞ւ տրվեց:
– Այդպես չէի ասի: Ստադիոն կառուցել ենք Տավուշում: Վանաձորի քաղաքապետը երկար ժամանակ ինձ հորդորում էր՝ գալ- տեսնել ստադիոնը եւ քաղաքում ֆուտբոլը համատեղ զարգացնելու ծրագրեր մշակել: Տարբեր պատճառներով այս այցը չէր ստացվում: Մոտ երկու ամիս առաջ, երբ հանրապետության նախագահը Վանաձորում էր, ժողովրդի պահանջով այս խնդիրը կրկին բարձրացվել էր, եւ նախագահը տվել է հստակ հանձնարարականներ: Հաջորդը լինելու է Գյումրիի ստադիոնը: Մոտ օրերս մեկնելու եմ նաեւ Կապան ու Արցախ: Կապանում, որքան տեղյակ եմ, «Գանձասարի» հետ կապված լուրջ խնդիրներ կան, որն ինձ անհանգստացնում է: Հանդիպելու եմ տեղի ղեկավարության հետ: Այնտեղից ճանապարհս կշարունակեմ Արցախ, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել: Գնալու եմ նրա հրավերով ու հետս բավականին գույք եմ տանելու: Կծանոթանանք, կտեսնենք, թե ֆուտբոլի զարգացման համար ի՞նչ է հարկավոր եւ ըստ այդմ էլ կորոշենք մեր հետագա անելիքները: