Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանի կտավները՝ թելով կախված

Ապրիլ 22,2009 00:00

Կամ ոչ մշակութային քաղաքականության հետեւանքները

«Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»: Իր ապագա տան մասին այդպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռեւս 1927-ին, եւ այն կառուցվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Արվեստանոցը նախատեսված էր երկրորդ հարկում այնպես, որ, դուրս գալով պատշգամբ, նկարիչը կարողանար տեսնել Արարատ լեռը եւ Սուրբ Զորավորի գմբեթները: 1965 թ. արդեն կայացվում է որոշում, ըստ որի՝ Սարյանի տանը կից պետք է կառուցվի թանգարան:

Թանգարանի ողջ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը լուծվել է, մյուս մասը՝ առ այսօր անհանգստացնում է թանգարանի տնօրենին եւ աշխատակիցներին: Մի քանի տարի առաջ թանգարանը չուներ ազդանշանային համակարգ, դռներն ու պատուհանները պատված չէին ճաղերով, ինչը առիթ դարձավ երեք կողոպուտի: «Փառք Աստծո, այժմ այդ խնդիրները կարգավորված են: Նախկինում չունեինք նաեւ պահակային ծառայություն: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը անձամբ կարգավորեց այդ հարցը, եւ այժմ շենքն ունի նաեւ ոստիկանական հսկողություն»,- ասում է թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Բայց արի ու տես, որ միայն ազդանշանային համակարգն ու ոստիկանները չեն կարող պահպանել Սարյանի նկարները: Թանգարանի հիմնական խնդիրը՝ ջեռուցման հարցը, մինչ օրս լուծված չէ: Սա հանգեցնում է նրան, որ Սարյանի գլուխգործոցները քիչ-քիչ կորցնում են իրենց փայլը: «Նկարները 18 աստիճանից ցածր ջերմաստիճանի պարագայում չի կարելի պահել, մինչդեռ անցած տարի սրահներում ջերմաստիճանը 10 աստիճան էր: Ցրտի հետեւանքով պայթել էին նաեւ ջրախողովակները: Լավ է, որ այս տարի ձմեռն այնքան էլ խիստ չէր»,- շարունակում է վիճակը ներկայացնել թանգարանի տնօրենը:

Նրա պատմելով, խոնավությունից Սարյանի մի քանի նկարներ այնպես են վնասվել, որ թանգարանի աշխատակիցները վախենում են դրանք տեղաշարժել: Տնօրենը ցավով է փաստում, որ նկարների (ոչ միայն Սարյանի) ռեստավրացիայի խնդիրը երբեք չի եղել պետության եւ կառավարության հետաքրքրությունների ոլորտում: Երեք տարի առաջ մի կերպ վերականգնվել են Սարյանի «Պարսկաստան» եւ «Ծաղիկներ» նկարները, բայց Հայաստանում չկա ո՛չ համապատասխան տեխնիկա, ո՛չ էլ մասնագետ: «Թե՛ ջեռուցման եւ թե՛ ռեստավրացիայի խնդիրներով արդեն երկրորդ տարին է՝ դիմում եմ կառավարություն, որտեղից խոստանում են օգնել, բայց ճգնաժամը փաստորեն ազդեց նաեւ մեզ վրա՝ գումարները սառեցվել են եւ կտրամադրվեն միայն տարեվերջին: Հիմա ոչ մի երկրում, բացի Հայաստանից, չես տեսնի թելից կախված նկարներ: Կցանկանայի, որ մեր թանգարանի տեսքը Սարյանին արժանավայել լիներ»,- նեղսրտում է տիկին Ռուզանը:

Թանգարանի տնօրենը դժգոհ է նաեւ այցելուների քանակից: Զարմանում է. «Ինչպե՞ս կարելի է համալսարանում ունենալ արվեստաբանության ֆակուլտետ եւ Սարյանի թանգարանում չտեսնել այդ բաժնի ուսանողներին»: Ըստ մեր զրուցակցի՝ երբ դասախոսները չեն պահանջում, ուսանողներն էլ չեն ոգեւորվում որեւէ աշխատանք կատարելիս: «Նույնը կատարվում է նաեւ կառավարությունում: Երբ դրսից հյուրեր են ունենում, ոչ ոք նրանց չի բերում Սարյանի տուն-թանգարան, ախր Սարյանը մեր մշակույթի վառ ներկայացուցիչներից է: Ցավով պիտի հիշեմ Հայաստանում Ֆրանսիայի տարվա միջոցառումները. Սարյանի ցուցահանդեսը մեծ դժվարությամբ հաստատվեց ծրագրում եւ նշվեց ոչ այնպես, ինչպես պետք էր»,- ասում է նա:

Այս տարի լրանում է Սարյանի 140-ամյակը եւ Տրետյակովյան պատկերասրահում նրա նկարների ներկայության 100-ամյակը: Նկարների զգալի մասն էլ գտնվում է Ռուսաստանի այլ թանգարանների պահոցներում եւ չի ներկայացվում հանրությանը: «Շահագրգռությունը պիտի լինի ոչ միայն թանգարանի կողմից, այլեւ մշակույթի նախարարության եւ կառավարության, միայն թանգարանի մակարդակով այս հարցերը չեն լուծվի»,- վստահ է տիկին Սարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել