Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ

Ապրիլ 22,2009 00:00

Բայց նրանց ներուժը չի օգտագործվում

\"\"
Վ. Փոշատյանը (ձախից)՝ դերասաններ Ա. Ասլանյանի եւ
Մ. Մխիթարյանի հետ, «Էտյուդ» ֆիլմի նկարահանման հրապարակում:

Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ օպերային թատրոնի ամենաթույլ տեղը ռեժիսուրան է, եւ քիչ են ծնվում վառ ու գունեղ օպերային բեմադրություններ: Ասվածը կապվում է Հայաստանում երաժշտական թատրոնի կամ օպերային ռեժիսորի մասնագիտության բացակայության հետ եւ նշվում է միայն պետերբուրգյան համապատասխան բարձրագույն կրթություն ստացած Արմեն Մելիքսեթյանի անունը: Սակայն մոռացության է տրվում այն հանգամանքը, որ 1996թ. հանգուցյալ Տիգրան Լեւոնյանի ղեկավարությամբ Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտում բացվեց օպերային ռեժիսուրայի բաժին, որն ավարտեց 5 հոգի, եւ մոռացության մատնվեցին ու անգործության դատապարտվեցին շրջանավարտները:

Վերջերս «Նարեկացի» մշակութային կենտրոնում կայացավ ռեժիսոր Վիկտորյա Փոշոտյանի «Կիսակայարան» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան: Արվեստագետի հետ զրույցում «Առավոտը» պարզեց, որ Վիկտորյան մեկն է այն հինգից, որոնք ժամանակին ավարտել են Տիգրան Լեւոնյանի արվեստանոցը՝ ստանալով օպերային թատրոնի ռեժիսորի մասնագիտացում: Նա ժամանակին Տ. Լեւոնյանի հետ աշխատել է Վերդիի «Օթելլո», Լեոնկավալոյի «Պայացներ», Տիգրանյանի «Անուշ», Դոնիցետիի «Պողիկտոս» օպերաների բեմադրությունների վրա: «Երբ Տիգրան Լեւոնիչից հետո օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Գեղամ Գրիգորյանը, նա ինձ հետ ծանոթանալ անգամ չցանկացավ, որից հետո ես պարզապես լուռ հեռացա թատրոնից: Ու թեեւ ես «հիվանդ եմ ու գժված» օպերային թատրոնով, ինձ «իրացնելու» նպատակով մտա կինոաշխարհ: Ժամանակին «Հայֆեստ» միջազգային փառատոնում կայացավ իմ ռեժիսուրայով Սոֆա Ազնաուրյանի «Հույս» մոնոօպերայի պրեմիերան: Ի դեպ, այս տարվա փետրվարին Ալեքսեյ Ռիբնիկովի «Թատրոնի երաժշտական սիրտը» միջազգային երաժշտական փառատոնից «Հույսը» ստացավ հրավեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացա մեկնել»,- ասաց Վ. Փոշոտյանը: Կինոաշխարհում իրեն «իրացնելու» մասին էլ հայտնեց, որ նկարահանել է 2 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Էտյուդ»՝ Կ. Խոդիկյանի պիեսի հիման վրա, եւ «Կիսակայարան»՝ Ս. Գալստյանի պատմվածքի մոտիվներով, որոնք մասնակցել են «Կին» միջազգային կինոփառատոնին, աշնանն էլ երկու նկարները ներկայացված են «Ես եմ» երիտասարդական փառատոնին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ դրամատուրգ Արմեն Վաթյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոկենտրոնում նկարահանել է «Մայրիկ, բայց…» ֆիլմը՝ «Գժուկ» մանկապատանեկան ֆիլմահանդեսի համար:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ են զբաղված ժամանակին Տ. Լեւոնյանի արվեստանոցն ավարտած մյուս 4 ռեժիսորները, եւ հետադարձ ճանապարհ չկա՞ դեպի օպերային թատրոն, Վ. Փոշոտյանը տեղեկացրեց. «Գործընկերներիցս 3-ը գտնվում են արտերկրում, մեկը՝ Ռուսաստանում: Հայաստանում էլ այսօր, կարծում եմ, օպերային ռեժիսորի պակաս չպետք է զգացվի, օրինակ, օպերային ստուդիայում են աշխատում ԳԻՏԻՍ-ն ավարտած օպերային ռեժիսորներ Նաիրե Ստեփանյանը, Վարդան Վիրաբյանը: Ինչ վերաբերում է իմ՝ օպերային թատրոն վերադառնալուն, թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը խոստացել է ինձ ներգրավել Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրական աշխատանքներում: Հույս ունեմ նաեւ, որ մշակույթի նախարարության աջակցությամբ կիրականացնեմ Միքայել Թարիվերդիեւի «Սպասում» մենաօպերայի բեմադրությունը, որին անհամբեր է սպասում կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիեւան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել