Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհական ընթացիկ քննություններ

Ապրիլ 22,2009 00:00

Երեւանի պետական համալսարանում ընթացիկ քննություններն անցկացվում են 1995թ.-ից: Մի քանի տարի որոշ ֆակուլտետներում հիմնական մասնագիտական առարկաները հանձնում էին երկու ընթացիկ քննությունով, իսկ ոչ մասնագիտականները՝ մեկ: 4 տարի է, ինչ բուհերում մեկ փուլով ընթացիկ քննություն չի լինում: Ընթացիկ քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով (8-12՝ երեք, 13-17՝ չորս, 18-20՝ հինգ) եւ անցկացվում են գրավոր եղանակով:

Ուսանողը ցանկության դեպքում կարող է հանրագումարային քննությանը չմասնակցել եւ միջանկյալների արդյունքում հավաքած միավորներին համապատասխան գնահատական ստանալ: Սա չի վերաբերում այն ուսանողներին, ովքեր ուզում են հինգ ստանալ: Հանրագումարային քննությանը հինգ կարող է ստանալ նա, ում երկու ընթացիկի միջինը 12.5 միավորից բարձր է:

Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսներից մեկն ասաց, որ անգամ եթե ուսանողը երկու միջանկյալի արդյունքում հավաքել է առավելագույն 20 միավոր, բանավոր քննության ընթացքում լավ չպատասխանելու դեպքում նրա գնահատականը կիջեցվի. «Դե, երեք չենք նշանակի, բայց հինգ էլ չի ստանա»: Այս ֆակուլտետում 1-ին կուրսում հանձնում են չորս, 2-րդում՝ հինգ, 3-րդում՝ երեք, 4-րդում՝ չորս ընթացիկ քննություն: «Առաջին կուրսում վախենում էինք հանրագումարային քննություններից եւ միջանկյալները լավ էինք պարապում, իսկ հիմա՝ 4-րդ կուրսում, գրեթե բոլորը արտագրում են, ու միջանկյալը չի օգնում, ես կասեի՝ ավելորդ գլխացավանք է ուսանողների համար»,- ասաց արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Նարինե Հովհաննիսյանը:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում 1-ին կուրսում ընթացիկ քննություններ հանձնում են չորս, 2-րդում՝ հինգ, 3-րդում՝ վեց, 4-րդում՝ չորս առարկաներից: «Մենք ամեն օր դաս ենք պատասխանում ու երկու միջանկյալ հանձնելով՝ ավելի ենք ամրապնդում մեր գիտելիքները, շատերն էլ հանրագումարային քննությանը չեն մասնակցում»,- ասաց ռոմանագերմանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Օհանյան Թամարան:

Ընթացիկ քննություններին լուրջ չվերաբերվող ուսանողը կարող է նաեւ դուրս մնալ համալսարանից. «Ես լուրջ չէի վերաբերվում ընթացիկներին ու մտածում էի՝ հանրագումարայինին մի բան կպատասխանեմ՝ կստանամ: Այդ պատճառով մասնակցեցի յոթ լուծարքային շրջանի ու վերջում դուրս մնացի համալսարանից: Պատրաստվում եմ սեպտեմբերին վերականգնվել»,- ասաց աշխարհագրության ֆակուլտետի նախկին ուսանող Թաթուլը:

Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում եւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ընթացիկ քննություններ չկան: Այստեղ երեք տարի է, ինչ անցել են կրեդիտային համակարգի եւ հանձնում են մոդուլներ, որոնք գնահատվում են հարյուր միավորանոց համակարգով եւ ինչ-որ չափով նման են միջանկյալներին, սակայն մոդուլից հետո ուսանողները քննություն չեն հանձնում: «Ես չեմ ուզում, որ մեզ մոտ միջանկյալներ լինեն: Էսպես ավելի լավ է»,- ասաց Սլավոնականի ուսանող Սարգիսը:

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում՝ ԵՊՀ-ի նման, ընթացիկները հանձնում են երկու փուլով, եւ գնահատման համակարգը նույնպես նույնն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել