Այլմոլորակայիններ գոյություն ունեն եւ նրանք բազմիցս շփման մեջ են մտել մարդկանց հետ, սակայն ԱՄՆ-ի եւ այլ երկրների իշխանությունները դա թաքցնում են: Երեկ ուֆոլոգների միջազգային կոնֆերանսում հայտարարել է ամերիկյան տիեզերագնաց Էդգար Միտչելը: 1971 թվականին Միտչելը «Ապոլլո 14» տիեզերանավով հասել էր Լուսին: Հետագայում նա դուրս է եկել NASA-ից եւ զբաղվում էր հոգեբանությամբ: Այժմ 78-ամյա տիեզերագնացը շարունակում է պնդել, որ այլմոլորակայինների գոյությունն անվիճելի է: Հետաքրքիր է, որ ապագա տիեզերագնացն իր մանկությունն անց է կացրել Ռոզուել քաղաքում, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 1947 թվականին վայրէջք էր կատարել «թռչող ափսեն»: Սակայն, Միտչելի խոսքերով, զինվորականները, ահաբեկելով տեղի բնակիչներին, ստիպեցին նրանց լռել այդ իրադարձության մասին: Միտչելը պնդում է, որ ամերիկյան բարձրաստիճան զինվորականներից ոմանք ընդունում էին այլմոլորակայինների գոյության փաստը, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվում էին իրենց խոսքերից: NASA-ն Միտչելի մասին խոսում է հարգանքով, սակայն հերքում է նրա բոլոր հայտարարությունները: «Միտչելը մեծ ամերիկացի է, սակայն տվյալ հարցում մենք չենք կիսում նրա տեսակետը»,- երեկ կրկին հայտարարեց այդ կազմակերպության մամուլի քարտուղարը: