Օրերս ԵԱՀԿ 2 խաղաղապահ ձերբակալվել է Հարավային Օսեթիայում: Այդ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, դիտորդները մեքենայով ապօրինաբար անցել են Հարավային Օսեթիայի սահմանը՝ Ցխինվալիի շրջանում: Ըստ BBC-ի, Կոկոյտին դիտորդների գործողություններն անվանել է սադրիչ եւ խոստացել, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Անցած տարի Ռուսաստանը խոչընդոտել է Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ժամկետի երկարացմանը, պահանջելով, որ վերջիններիս մանդատը համապատասխանեցվի հանրապետության անկախ կարգավիճակին, սակայն քանի որ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը՝ խնդիրը փակուղի մտավ: Դանիել Օրտեգան՝ Նիկարագուայի նախագահը, հայտարարել է, որ ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, սակայն առայժմ պաշտոնական քայլերի չի դիմել: Նույնատիպ խնդիրների առջեւ կանգնել է Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելությունը: Սուխումում հայտարարել են, որ դրա գործունեությունը պետք է արտացոլի Աբխազիայի անկախ կարգավիճակը: Երեկ հայտնի դարձավ, որ Ցխինվալիի իշխանությունները անօրինական են համարել եվրոպական խաղաղապահների ներկայությունը եւ նրանց արտաքսել են Վրաստան: