Դամբարանում գտնվող Լենինի դիակն այս տարի նոր կոստյում չի ունենա: Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, 2 ամիս տեւած պրոֆիլակտիկայից հետո Իլյիչին այդպես էլ չզգեստափոխեցին, չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է: Լենինը 17 տարի դամբարանում պառկած էր ռազմական համազգեստով, սակայն հետագայում այն փոխարինվեց քաղաքացիական կոստյումով: Զմռսված դիակը անհրաժեշտ է վերազգեստավորել 3 տարին մեկ անգամ, սակայն այժմ դրա համար միջոցներ չկան: Իր վերջին կոստյումը Լենինը «հագել» է դեռեւս 2003 թվականին: Մասնագետները պատմում են, որ սկսած 1992 թվականից, պետությունը զմռսման համար որեւէ գումար չի հատկացրել եւ ամեն ինչ կատարվում է բարեգործների միջոցներով: Դիակն ամեն տարի ենթարկվում է կենսաքիմիական մշակման եւ այդ տեխնոլոգիայի շնորհիվ, ըստ նույն մասնագետների, Լենինը պահպանվելու է եւս 100 տարի: Նոր կոստյում Լենինի համար կարում են պատվերով՝ շվեյցարական թանկարժեք բրդե գործվածքից, հենց այդ գործվածքն էր Վլադիմիր Իլյիչը գերադասում իր կյանքի օրոք: Կոստյումի ձեւը միանգամայն ժամանակակից է: Այսօր նման հագուստ կրում են բազմաթիվ տղամարդիկ: Սակայն տնտեսական ճգնաժամը թույլ չտվեց պատվիրել նոր կոստյում, այդ իսկ պատճառով հինը արդուկվեց եւ մշակվեց գոլորշու միջոցով: