ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին կողմ արտահայտվեց, այսպես կոչված, հարցաքննության «ոչ ստանդարտ» մեթոդներին, որոնք կիրառել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)՝ ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ: Չեյնիի կարծիքով, այդ պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը, քանի որ թույլ տվեց հատուկ ծառայություններին երկրի անվտանգության համար կարեւոր ինֆորմացիա հայթայթել, հաղորդում է «Գազետա» թերթը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Չեյնին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը պետք է հրապարակի փաստաթղթեր, որոնք կլուսաբանեն նման հարցաքննությունների արդյունավետությունը եւ դա հնարավորություն կտա անաչառ գնահատել նման պրակտիկայի կիրառումը: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գաղտնազերծել է 4 փաստաթուղթ, որոնցում Ջորջ Բուշի վարչակազմը հիմնավորում էր ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ քննության հատուկ մեթոդների կիրառումը, այդ թվում նաեւ ջրի մեջ ստիպողական սուզումը: Իրավապաշտպաններն այդ մեթոդները գնահատում են որպես խոշտանգում: Այդ փաստաթղթերի հրապարակումը ոչ միանշանակ ձեւով ընկալվեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Հեյդնը կարծիք էր հայտնել, որ այդպիսով կասկածի տակ է դրվում երկրի ազգային անվտանգությունը, քանի որ ահաբեկիչները տեղեկատվություն են ստանում ԱՄՆ-ում ընդունված հարցաքննությունների մեթոդների վերաբերյալ: