Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն գնում է Վատիկան

Ապրիլ 22,2009 00:00

Ապրիլի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, դա կլինի Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցը Արեւմտյան Եվրոպա՝ 1995 թվականից հետո, երբ նա այցելել էր Ֆրանսիա: Մինչեւ վերջին ժամանակներս արեւմուտքի դռները փակ էին Բելառուսի առաջնորդի համար, որին համարում էին Եվրոպայի վերջին կոմունիստական դիկտատոր: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Բելառուսի իշխանությունների հարաբերությունները երկրի կաթոլիկ համանքի հետ՝ բավականին լարված են: Մինսկը հաճախ էր կասկածում Լեհաստանից եկող կաթոլիկ հոգեւորականներին՝ երկրի դեմ դավադրությունների մեջ, եւ սովորաբար գործն ավարտվում էր այդ քահանաների արտաքսմամբ: 2006-ին նախագահական ընտրություններում պաշտոնական քարոզչությունում լուրեր էին շրջանառվում, որ ընդդիմության թեկնածուն կաթոլիկ է, չնայած վերջինս բազմիցս շեշտում էր իր ուղղափառ լինելը: Սակայն անցած տարվանից հարաբերությունները Վատիկանի հետ սկսել են բարելավվել, Բելառուսը նշանակեց իր դեսպանին Վատիկանում, իսկ ամռանը Մինսկ էր ժամանել Վատիկանի ներկայացուցիչը: Հենց այդ ժամանակ էլ, հավանաբար, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա այցի վերաբերյալ: Լուկաշենկոյի այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Բելառուսի նախագահը ցանկանում է հանդիպեցնել Հռոմի պապին եւ Ամենայն Ռուսիո պատրիարքին եւ կարծում է, որ այդ հանդիպման լավագույն վայրը Մինսկն է: Բելառուսի իշխանությունները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ինքը՝ Լուկաշենկոն, մարտնչող աթեիստ է, եւ դա չի թաքցնում: Իսկ, ընդհանրապես, նման հանդիպման հեռանկարները բավականին աղոտ են այն պատճառով, որ 2 քրիստոնեական եկեղեցիների միջեւ կան խոր հակասություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել