«Արմինֆոն», հղում կատարելով թուրքական «Ռադիկալ» թերթին, տեղեկացնում է, որ Վանի վիլայեթի Գեւաշ գավառի Այդընօջաք գյուղում 3 օր առաջ սկսվել է նոր դպրոցի շինարարությունը, եւ հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային գանգեր եւ ոսկորներ, որոնք բանվորները հավաքել ու նետել են մոտակա փոսի մեջ: Գյուղացիների վկայությամբ, որոնց նախնիներն ավելի քան 200 տարի ապրել են այդ գյուղում, դպրոցի շինհրապարակի տեղում եղել է հին հայկական գերեզմանատուն, որի շիրմաքարերը ժամանակի ընթացքում տեղահանվել են՝ կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Գյուղացիները ճիշտ չեն համարում դպրոցի կառուցումը հին գերեզմանատան վայրում, հայտարարելով, որ անկախ այնտեղ թաղվածների հավատից եւ կրոնից, դա անհարգալից վերաբերմունք է հանգուցյալների հիշատակի եւ պատմության նկատմամբ: Գեւաշի կառավարիչ Թահսին Աքսուն հայտարարել է, թե նշված վայրում գերեզմանոցի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, սակայն խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե ուսումնասիրությունից հետո պարզվի, որ իրոք այդ վայրում գերեզմանոց է եղել: