Արտաքին եւ ներքին «թշնամիները» հայ իրականությունում
«Կերպարի մասին խոսելիս մի քանի նրբերանգ պետք է հաշվի առնել. նախ, թուրք ասելով, մենք կոնկրետ ո՞ւմ նկատի ունենք: Մեզ համար թուրքն այն էր, որ յաթաղանով մեր նախնիների՞ն էր կոտորում ջարդի ժամանակ, թե՞ թուրքը Թուրքիայի բոլոր բնակիչներն են, թե՞ թուրքը Ադրբեջանի բնակիչներն են, թե՞ թուրք ասում ենք յուրաքանչյուր այն մարդուն, ով պոտենցիալ կամ իրական դավաճան է, կամ երբ ուզում ենք անպատվել մարդուն՝ անկախ արարքից»,- ասում է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Նվարդ Մելքոնյանը:
Ըստ Ն. Մելքոնյանի՝ այդ կերպարը ձեւավորվում է սոցիալականացման ընթացքում եւ շատ լուրջ նստած է մեր գենետիկ հիշողության մեջ: «Սերունդ, որը չի մեծացել ղարաբաղյան հակամարտության ժամանակ, չգիտի դա ինչ է, ու Ղարաբաղն իր համար «էկզոտիկ» բառ է, միեւնույն է՝ թուրք հասկացությանը ծանոթ է: Եվ նոր թշնամու կերպար ձեւավորելու կարիք չկա: Արհեստականորեն ասել, որ մեր հակառակորդն ԱՄՆ-ն է կամ Իրանը, միտք չունի: Թշնամու կերպարը թարմացնելն ավելի հեշտ է, քան նորը ձեւավորելը»,- ասում է նա: Ն. Մելքոնյանը չի ժխտում, որ փոխվել են ընկալումները, եւ սերունդների տարբերությունը ակնհայտ է, բայց նշում է, որ կա քաղաքական դիրքորոշումներից կախված տարբերություն: «Մարդիկ, որոնք եթե կուսակցական էլ չեն, բայց համակրում են, օրինակ, դաշնակներին, ավելի կտրուկ են իրենց դիրքորոշումներում, մինչդեռ ընդդիմադիր կեցվածք ունեցողներն ավելի մեղմ են վերաբերվում: Ազգայնական կեցվածք ունեցողները բնականաբար դեմ են: Այստեղ նաեւ ինքնապահպանության խնդիր կա. եթե սկսեմ խոսել թուրքերի հետ բարեկամանալու մասին, կկորցնեմ իմ «ես լինելը» տվյալ քաղաքական դաշտում»,- շեշտում է սոցիոլոգը: Այն, որ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներն սկսեցին միմյանց մեղադրել Թուրքիայի հետ բարյացկամ հարաբերություններ հաստատելու, Թուրքիայի դրածո կամ այդ երկրի ցանկալի թեկնածու լինելու մեջ, Նվարդ Մելքոնյանի խոսքերով, նույնացվում էր դավաճանության հետ: Ըստ նրա՝ այստեղ նախ «ցեխ շպրտելու» տեխնոլոգիան է, ապա՝ երբ փորձում ես սեւացնել հակառակորդիդ ցանկացած ձեւով:
Քաղաքական հոգեբան Արմինե Ղազարյանի կարծիքով՝ այս երեւույթը գալիս է հայերի առանձնահատկություններից եւ ինչ-որ առումներով կարող է կապվել ինքնապաշտպանության, ինքնարդարացման հետ. «Մենք մեր տեսակի մեջ, ինչքան էլ թշնամանանք, միեւնույն է, նույն ոխերիմությունը չենք կարող ունենալ, ինչ արտաքին թշնամու հանդեպ է: Այո, թշնամին թշնամի է: Միգուցե արտաքին թշնամու կերպարին ենք դիմում՝ «ներքին» թշնամուն նվաստացնելու համար, թեեւ դրանք նույն կերպարները չեն: Մենք այդպես ենք անում, որ կարողանանք կերպարը նսեմացնել, ինչքան հնարավոր է հետը վատ վարվենք, քանի որ մենք մեր արյունակցին չենք կարող նույնն անել»:
Ն. Մելքոնյանը հետաքրքիր է համարում այն փաստը, որ թեեւ Հայաստանն ուներ արտաքին թշնամիներ՝ Ադրբեջան, Թուրքիա, բայց երկար տարիներ թշնամու կերպարը ներքին խոհանոցից էր ձեւավորում: «Մինչեւ այս վերջին ընտրությունները «հակահերոսի» կերպարը ՀՀՇ-ն էր, եւ «ցեխ շպրտելը» ՀՀՇ-ի շրջանակներում էր՝ դու ՀՀՇ-ի կողմնակից ես, նա ՀՀՇ-ի հետ կապեր է ունեցել: Ի դեպ՝ միֆը իր ֆունկցիոնալությունը կորցրել էր. ժողովուրդը արդեն այդպես վախենալու չէր ընկալում, բայց քաղաքական մրցակցային դաշտում շարունակվում էին միմյանց հանդեպ մեղադրանքները՝ ՀՀՇ-ի հետ կապերի մեջ»,- ասում է Ն. Մելքոնյանը: Սակայն, ըստ նրա, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այդ միֆը կորցրեց հրատապությունը, ավելին՝ ՀՀՇ-ի ներկայացուցիչները նույնիսկ քաղաքական որոշակի հաջողություններ դրսեւորեցին, եւ նոր «հակահերոսի» կարիք եղավ: «Զուր չէր, որ գրեթե նույն բանն արտասանող նախագահի երկու թեկնածուները միմյանց մեղադրում էին Թուրքիայի դրածո լինելու, Թուրքիայի համար ցանկալի թեկնածու լինելու մեջ եւ մեջբերում թուրքական թերթերից հրապարակումներ»,- ասում է Ն. Մելքոնյանը: Ըստ նրա՝ ավելի տրամաբանական է, եթե դու ունես արտաքին թշնամի կամ ոչ դաշնակից երկիր, թշնամին լինի այդտեղ, այլ ոչ թե ներքին դավաճանի կերպարով: Ընդ որում, նա վստահ է, որ եթե ընդդիմության թեկնածուն լիներ մեկ այլ քաղաքական գործիչ, նույն աղմուկը կբարձրացվեր նրա շուրջ:
Հոգեբան Գայանե Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի որ մեր ժողովրդի համար շատ ակտիվ թշնամու կերպարներից մեկը թուրքի կերպարն է, դիմացինին նույնացնելով այդ կերպարի հետ, փորձ է արվում արժեզրկել: «Քանի որ մեր ընտրություններն անցնում են ոչ իդեալական քարոզարշավի պայմաններում, ժողովրդի առաջ մեկը մյուսին արժեզրկելու համար օգտագործում է նաեւ այս հնարքը: Իսկ դա ենթագիտակցականի վրա ազդող մեխանիզմ է: Եթե մենք նույնիսկ գիտակցաբար ենք մոտենում հարցին, միեւնույն է՝ ենթագիտակցական ինչ-որ հույզեր են առաջացնում: Սա թուրք է: Սա վատն է, սա մեզ համար վտանգավոր է»,- ասում է Գ. Մարտիրոսյանը:
«Վերջին հաշվով, դա չպիտի մարդուն հետաքրքրի: Չեմ կարծում, որ ընտրելիս առաջնորդվում են թեկնածուների՝ Թուրքիայի համար ցանկալի կամ ոչ ցանկալի լինելու հանգամանքով: Չնայած, որպես մարդ, ինձ վրա էլ նկատել եմ այդ ազդեցությունը. երբ Գյուլը պիտի գար, մեծ հաճույքով էի հետեւում ադրբեջանական կայքերի հիստերիային»,- ասում է Նվարդ Մելքոնյանը: