Հրազդանի թիվ 5 գրադարան մտնելու համար փոքր-ինչ ճարպկությունը չի խանգարի: Կրթամշակութային սույն հաստատությունը երկհարկանի շենքի առաջին հարկում է, բայց ընդամենը երեք աստիճանը «հաղթահարել» է պետք, որովհետեւ աստիճանների փոխարեն պարզապես քարեր են դրված: Ներսում էլ մտահոգվելու տեղ կա: Պատերն ու հատակն իրենք էին պատմում իրենց մասին՝ կաթոցներից էլ առաստաղի ծեփը թափվել էր: Հրազդանցի գրքասերների բախտից, շենքի երկրորդ հարկում, գրադարանի ճիշտ գլխավերեւում, տեղավորվել է քաղաքի հեռուստաընկերություններից մեկը: Շենքի տանիքին տեղադրված են ալեհավաքները, իսկ դրանց տակ՝ թանկարժեք տեխնիկան է ու, բնականաբար, կաթոցները բացառել է պետք եւ հեռուստաընկերության ղեկավարությունը վերանորոգել է շենքի տանիքի իր հատվածը՝ փրկելով նաեւ գրադարանը:
Ըստ թիվ 5 գրադարանի պատասխանատու Լուսինե Ամիրշատյանի՝ Հրազդանի քաղաքապետարանը հիմնականում ֆինանսավորում է տեղում անցկացվող մշակութային միջոցառումները: Նոր գրականությամբ գրադարանը վերջին անգամ թարմացվել է երկու տարի առաջ՝ «ժամանակակից հեղինակների մի քանի կտոր գրքերով», ասաց տնօրենը, ով վստահեցնում էր, որ «չնայած խոնավ պայմաններին, 19 320 կտոր գրականությանը քայքայման որեւէ վտանգ չի սպառնում»:
Թե ով է հրազդանցի ամենաընթերցասեր պաշտոնյան՝ գրադարանի աշխատակիցները դժվարացան ասել: Չի բացառվում, որ պաշտոնյաները գրադարանի ծառայությունից ուղղակի չեն օգտվում: Փոխարենը գրադարանի աշխատողները շատ լավ ճանաչում են իրենց ամենատարեց ու նաեւ ամենաակտիվ ընթերցողին՝ Կաքավաձորից Հրազդանի թիվ 5 գրադարան հասնող՝ 86-ամյա Անուշավան Միքայելյանին: