Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցող սփյուռքահայ ճարտարապետներ՝ Ռուսաստանից եկած Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհ են Երեւանի այսօրվա տեսքից: Վերջին ժամանակներս Երեւանում կառուցված նոր շենքերի եւ Հյուսիսային պողոտայի մասին խոսելով՝ Հրաչյա Արմենակյանն ասել է. «Ինձ շատ են դուր գալիս մեր մայրաքաղաքի նորակառույցները, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտան: Սակայն քաղաքում առանց այդ էլ քիչ են ծառերը, իսկ եղածներն էլ հատվում են: Կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է Երեւանի համար»:
Կարեն Բալյանն էլ նշել է, որ Երեւանը վերջին ժամանակներս փոխվել է: «Մայրաքաղաքում տիրող քաոսը ապօրինի կառույցների հետեւանք է: Երեւանը կորցրել է սիմետրիան: Դա մայրաքաղաքի արհեստական աճի հետեւանք է»,- կարծում է Կարեն Բալյանը: