ԲՀԿ ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական Նատալիա Լափաուրիի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակումը պետք է թողնել ապագա քաղաքապետի միանձնյա հայեցողությանը:
– Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:
– Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրվելը, ըստ էության, իմ գործունեության շարունակությունն է, քանի որ 1996 թվականից՝ տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումից, ես աշխատում եմ այս ոլորտում, 12 տարի է Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենն եմ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության քարտուղարն ու նաեւ Նոր Նորք համայնքի ավագանու անդամ։ Իսկ Երեւանի ապագա ավագանին գործունեության լայն հնարավորություններ կտա, մանավանդ որ, իր որակով այն ընդգծված կառանձնանա մինչ այս Երեւանի թաղերում գերազանցապես «նիստից նիստ» գործող ավագանուց, ու ավագանու անդամ լինելով՝ կարող եմ ավելի արդյունավետ զբաղվել համայնքային խնդիրներով։ Ուրեմն, սա իմ գործունեության բնական շարունակությունն է։
– Դուք այս ընտրությունների մասին խոսում եք տեղական ինքնակառավարման տեսանկյունից, բայց դրանք այս պահին ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն: Այս իմաստով՝ ինչպե՞ս եք գնահատում կողմերի հնարավորությունները:
– Այս ընտրությունների համատեքստը, իսկապես, յուրօրինակ է, եւ ես համամիտ եմ այն փորձագետների հետ, ովքեր կարծում են, որ սա հնարավորություն է՝ լարված մթնոլորտը թուլացնելու համար: Ավելին, եթե արմատական ընդդիմությունը մասնակցում է այս ընտրություններին, իմ գնահատմամբ, դա արդեն մթնոլորտի թուլացում է: Ընտրություններն անկասկած քաղաքական են եւ ընդդիմության մասնակցությունը ընտրողների շրջանում քաղաքական ակտիվություն կբերի, բայց չեմ կարծում, թե որեւէ քաղաքական ուժ Երեւանում կարող է միայնակ դառնալ մեծամասնություն, այդ թվում՝ ընդդիմությունը: Միգուցե ընդդիմությունը հավաքի ամենաշատ ձայները, բայց դա բավարար չի լինի, որպեսզի կարողանա ինքնուրույն մեծամասնություն կազմել: Ես ելնում եմ այն սկզբունքից, որ քաղաքականությունը հնարավորությունների օգտագործման արվեստ է ու այդ իմաստով՝ կարծում եմ, որ ԲՀԿ-ն շատ ավելի մեծ հնարավորությունների դաշտ ունի իր առջեւ, որ պիտի ռեալիզացնի։ Ի դեպ, դա նաեւ նպաստավոր կլինի քաղաքական լարված մթնոլորտի փոփոխության համար։ ԲՀԿ-ի իմ ընտրությունը նաեւ սրանով է պայմանավորված։
– «Հայաստանի համայնքների ասոցիացիան» եւ անձամբ Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել «Երեւանի մասին» օրենքի մշակմանը եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համատեղ աշխատանքում։ Օրենքի կամ օրենքի կիրարկման հետ կապված մտահոգություններ մնացե՞լ են։
– Ես բաց մնացած երեք խոշոր խնդիր եմ տեսնում։ Կարծում եմ, օրենքով Երեւանին վերապահված լիազորություններն ապահովված չեն համարժեք եկամուտներով, ըստ որում՝ հարկային եկամուտներով։ Ենթադրում եմ, որ խնդիրը իրեն զգացնել կտա հենց առաջին ամիսներին, եւ օրենսդրական նոր փոփոխությունների անհրաժեշտություն կծագի։ Երկրորդ հիմնախնդիրը կապված է Երեւանի կառավարմանը քաղաքացիների մասնակցության հարցին։ Թաղային համայնքների վերացմամբ մենք տեղական կառավարումը հեռացնում ենք քաղաքացուց։ Վարչական շրջանները չեն ունենա բյուջե եւ ընտրովի մարմին։ Երեւանի ավագանու ամենաառաջին խնդիրներից մեկը, ըստ իս, պետք է լինի հատուկ կանոնակարգի ընդունումը, ըստ որի՝ վարչական շրջաններում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պետք կլինի ձեւավորել խորհրդակցական մարմիններ՝ բնակչության հետ հետադարձ կապը պահելու համար։
Պետք է ներդնել նաեւ սոցիալական գործընկերության համակարգը։ Իմ առաջարկությամբ Նոր Նորքի ավագանին այս տարի հաստատել է սոցիալական գործընկերության կանոնակարգ եւ համայնքի բյուջեում նախատեսել միջոցներ։ Այդ միջոցները մրցույթների միջոցով պետք է տրամադրվեին համայնքի հասարակական կազմակերպություններին՝ տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար։ Այս պրակտիկան անհրաժեշտ է համատարած կիրառել Երեւանի ամբողջ տարածքում։
Իսկ ամենակարեւոր խնդիրը Երեւանի նոր կառավարման համակարգին սահուն անցումն է։ Ցավոք, ընտրությունները նշանակվեցին տարվա կեսին, երբ գործող թաղապետարանները ընդունել են ու իրագործում են իրենց բյուջեներն ու ծրագրերը։ Այս պարագայում տարվա կեսին նոր կառավարման համակարգին, նոր մարմիններին ու լիազորություններին անցումը անհարթություններ կառաջացնի։
Անցումը հնարավորինս սահուն անելու համար կոչ կանեի այն քաղաքական ուժին, ով կստանձնի Երեւանի կառավարումը, ապագա վարչական շրջանների ղեկավարների պաշտոններում առաջին մի քանի ամիսներին նշանակել գործող թաղապետերին։ Սա կուժեղացնի նաեւ նրանց պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը։ Ի վերջո, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը չարժե ավելորդ քաղաքականացնել։ Այդ նշանակումները պետք է թողնել ապագա քաղաքապետի միանձնյա հայեցողությանը՝ քաղաքում արդյունավետ միասնական կառավարում ապահովելու համար։
– Բոլոր քաղաքական ուժերը գնում են պայքարի՝ առավելապես տղամարդկային ռեսուրսներով. դա ձեզ չի՞ կաշկանդում:
– Ափսոսում եմ, որ ԱԺ-ում «Երեւանի մասին» օրենքն ընդունելիս, չնայած բոլոր քաղաքական ուժերը կողմ էին դրան եւ Եվրոպայի խորհրդի պահանջներում էլ դա կար, այնուամենայնիվ, գենդերային հավասարության սկզբունքը օրենքում տեղ չգտավ: Ես ենթադրում եմ, որ որոշ կուսակցություններ, թեեւ հրապարակայնորեն դրան կողմ էին, բայց խուսափեցին, քանի որ պատրաստ չէին։ Դրական է, որ ՕԵԿ-ը իր ցուցակի առաջին տեղում ընդգրկել է կին, բայց բավարար չի: Կանանց առավել մեծ ներգրավվածությունը կառաջացներ առավել հանդուրժող քաղաքական մթնոլորտ ու համայնքային խնդիրները լուծելիս՝ հավասարակշռված որոշումներ ընդունելու հնարավորություն: Մանավանդ որ, տեղական ինքնակառավարման խնդիրների մեծ մասը սոցիալական բնույթի է: Իսկ դրանք շատ ավելի հոգեհարազատ են կանանց: