Հայտարարում է վերապատվելի Գարիկ Խաչատրյանը
Վերջին օրերին Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի Հայաստան այցելության շուրջ կրքերը բորբոքված են: Մայր աթոռը եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես են եկել հայտարարություններով, կայացել է նաեւ մամուլի ասուլիս: Մայր աթոռը խստորեն դատապարտել է միջոցառմանը ներգրավված կազմակերպություններին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելու եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին անվանարկելու համար:
Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեցին հրավիրող կողմի ներկայացուցիչներ՝ վերապատվելի Գարիկ Խաչատրյանն ու ամերիկացի Գրեթչեն Բրաունը: Գ. Խաչատրյանը նշեց, որ երգչախմբի երգացանկում ոչ միայն եկեղեցական երգեր են, այլեւ հայրենասիրական, ժողովրդական, ու երբ նրանք իրենց եկեղեցիներից դուրս համերգներ են տալիս՝ հանդես են գալիս «Օկլահոմայի երգող տղամարդիկ» եւ ոչ թե «Օկլահոմայի երգող եկեղեցու մարդիկ» անունով, որպեսզի հակասություն չլինի իրենց անվան եւ երգերի բովանդակության միջեւ: «Ամերիկացի քրիստոնյայի համար անընդունելի կլինի, որ երգչախումբը կոչվի «Օկլահոմայի երգող եկեղեցու մարդիկ» ու իրենք երգեն, ասենք, սիրած յարի մասին: Ի դեպ, 10 տարի առաջ կայացած չինաստանյան, հետագայում էլ՝ Ավստրալիայի համերգների ժամանակ նրանք «Երգող տղամարդիկ» անունով են հանդես եկել, այնպես որ, ես չգիտեմ, թե ինչ աղբյուրներից է օգտվել Մայր աթոռը՝ ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցնելիս,- ասաց վերապատվելին ու շարունակեց,- մեղադրում են նաեւ պառակտություն մտցնելու կամ հոգեորսության մեջ: Մի՞թե դա հոգեորսություն է, երբ մեկը երգում է իր սիրած եւ պաշտած Աստծո մասին»:
Հետաքրքրվեցինք արդեն կայացած համերգների ծրագրով: «Բազմաժանր է եղել ծրագիրը՝ հնչել են ամերիկյան ճանաչված հոգեւոր երգեր, սեւամորթների սոուլ երգաոճից նմուշներ, ամերիկյան ուրախ ժողովրդական երգեր, դասական գործեր՝ Մոցարտ, Բեթհովեն, հայ կոմպոզիտորներից էլ՝ Եկմալյան, Էդգար Հովհաննիսյան, Առնո Բաբաջանյան եւ այլն»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Անդրադարձ եղավ Մայր աթոռի այն հայտարարությանը, թե երգչախմբի կայքէջերից մեկում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը հակասեմիտական տարրեր կրող երկիր է: «Վերցնել ինտերնետից քաշած ինչ-որ մեկի թույլ տված հիմարությունները ու փորձել խաբել, եւ մի ժողովրդի 270 ներկայացուցչի համարել աղանդավորներ համ հոգեորսներ՝ դատապարտելի է: Իրենց պաշտոնական կայքում նման ինֆորմացիա երբեք տեղադրված չի եղել»,- ասաց Գ. Խաչատրյանը: Այն դիտարկմանը, թե հանրության մեջ կարծիք կա, որ եթե ինչ-որ բան անվճար է արվում, ուրեմն այլ ենթատեքստ ունի, ո՞րն է երգչախմբի շահը, վերապատվելին պատասխանեց. «Ի՞նչ գիտեն խեղճ ամերիկացիները, որ այս երկրում, երբ բարեգործական ծրագրեր ես կատարում, մտածում են՝ շահ ունես: Մեղադրանքներից մեկն էլ այն էր, թե Ամերիկայում փող են հավաքել, որ գան Հայաստան… մեզանի՞ց էդ փողը հավաքեին… Վստահ եմ՝ համերգին ներկա, երաժշտությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուրը կասեր՝ պատրաստ եմ, ինչքա՞ն վճարեմ համերգի համար… Իսկ ինչ վերաբերում է երգչախմբի հատկապես ապրիլի 24-ի նախաշեմին ժամանելուն, այդ մասին էլ հետեւյալը կասեմ. եթե կարող էինք 270 հոգանոց երգչախումբը բերել Հայաստան, ապրիլի 24-ին բարձրացնել Ծիծեռնակաբերդ, տանել Ցեղասպանության թանգարան, որ մարդիկ ամեն ինչ իմանան ու գնան Ամերիկայում պատմեն դրա մասին, ինչո՞ւ չանել… Ափսոսում եմ, որ Մայր աթոռը ճիշտ չի ընկալել այս մարդկանց այցելությունը Հայաստան: Այն որեւէ նպատակ չի հետապնդում՝ բացի հարգանքի տուրք մատուցելուց: Ի դեպ, Մայր աթոռի ներկայացուցիչը հայտարարել է, թե իբր 50 000 DVD է բաժանվել: Դա իրականությանը չի համապատասխանում. «Հիսուս» ֆիլմի մի քանի DVD-ներ նվիրվել են ցանկացողներին, իսկ դա այն ֆիլմն է, որը 20 տարի է՝ ցուցադրվում է Հայաստանում ամեն Սուրբ Ծննդյանը եւ Զատիկին»: