Անասնագողության հերթական դեպքը՝ Նոյեմբերյանում
Ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, «Առավոտը» «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում անասնագողությունը սովորական առօրյա է եւ չբացահայտվող հանցագործություն: Հրապարակումից հետո բան չի փոխվել: Կամ եթե փոխվել է, ապա՝ ոչ ի նպաստ գյուղացիների:
Տագնապի զանգը վաղուց՝ արդեն 17 տարի ղողանջում է, սակայն լսող-արձագանքող չկա: Սահմանագոտու բնակիչները տագնապած եւ զայրացած են: «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակման մեջ ներկայացված դեպքերից հիշեցնենք, մասնավորաբար, ոսկեւանցի Սեյրան Մելքոնյանի երկու կովը գողանալու դեպքը: Սեյրան Մելքոնյանն ասում է, որ գողության հետքերը դեպի Կմբրհատ կոչվող տարածք են տանում, Ադրբեջանի հետ սահման: Մելքոնյանները չգիտեն, թե այսուհետեւ ինչպե՞ս են ապրելու: 7 հոգանոց ընտանիքում ոչ մի աշխատող չկա, կովերի կաթով մի կերպ յոլա էին գնում: Սեյրան Մելքոնյանի որդին՝ Վարդանը, երիկամների հիվանդություն ունի, երեք անչափահաս երեխաների հայր է: Երեխաներից փոքրին կովի կաթով էին կերակրում, հիմա չգիտեն, թե ի՞նչ են անելու:
«Ուզում եմ թոռներիս վերցնել, գնալ Տավուշի մարզպետարան, թող տեսնեն մեր վիճակը: Մեր երկու ընտանիքը հավաքենք՝ հեռանանք Հայաստանից»,- սրտնեղում է Սեյրանի կինը՝ 73-ամյա Հեղուշ (Վերգուշ) Մելքոնյանը:
Գարդիշյանների ընտանիքն էլ տրտմելու բազում պատճառներ ունի: 51-ամյա Էդիկ Գարդիշյանը մայոր է, հարազատ գյուղի սահմանին տեղակայված գումարտակի թիկունքի պետ: 11 անասուն կորցնելուց հետո Էդիկ Գարդիշյանը իր անասնագոմն ամրացրեց, մի շաբաթ առաջ էլ ապառիկ (դեռ գումարը չեն տվել), 250 հազար դրամով կով ձեռք բերեց՝ հորթի հետ միասին: Մի հորթ էլ բերդավանցի ընկերը նվիրեց: Թվում էր, թե փորձանքն արդեն հետեւում է մնացել, սակայն… Ապրիլի 18-ի առավոտյան նոր պատուհաս եկավ. «Շան որդիքը հիմա էլ ձիերս տարան»,- պատմում է Է. Գարդիշյանը: «Այս դեպքից երկու օր առաջ Նոյեմբերյանից ոստիկաններ էին եկել, որպեսզի նախորդ գողության ապացույց «լոմիկը» տանեին, ոստիկաններից մեկը ինձ հանգստացրեց՝ մենք ձեր անասունների գողությունը «ջրի երես կհանենք»,- տխուր պատմում է Գարդիշյանների մայրը՝ 77-ամյա Աղուն տատը:
Գողությունները այլ հետեւանքներն էլ են ունենում: Գարդիշյանների հարսը՝ Գայանե Շիմալյանը, այլեւս զգուշանում է գիշերները տնից դուրս գալ, վախենալով, որ անասնագողերը կարող են նաեւ մարդ սպանել:
Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում գիշերները անասնագողերը դրության տերն են: Սահմանամերձ Կոթի գյուղում ապրիլի լույս 11-ի գիշերը գողացել են ուսուցիչ Ղազար Ազիբեկյանի կովը, երինջը, հորթը: Ազիբեկյանի ձին էլ հանգիստ թամբել են եւ ձիով հեռացել:
Հ. Գ. Ապրիլի 18-ի առավոտյան Ոսկեւանի բնակիչները, տեսնելով անասնագողության հերթական դեպքից հետո գյուղ ժամանած ոստիկանների մեքենաների մեծ շարասյունը, ասել են. «Ճիշտ կլիներ այդ մեքենաների ծախսած վառելիքի փողը անասնագողությունից տուժած ընտանիքներին տային, գոնե օգնած կլինեին, մեկ է՝ անասնագողությունները այդպես էլ չեն բացահայտվում»: