Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատել են

Ապրիլ 22,2009 00:00

Անվանափոխում, ոչ թե հաստիքների կրճատում

Լուսինե Բաբագուլյանը 2004 թ. դեկտեմբերի 8-ին աշխատանքի է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր: 2005-ի մարտից նրան տեղափոխել են «Հասցեավորման եւ ծառայությունների մատուցման բաժին»՝ որպես առաջատար մասնագետ: 2008 թ. փետրվարի 7-ին նրան զգուշացրել են հաստիքի կրճատման մասին եւ նույն թվականի ապրիլի 7-ին ազատել աշխատանքից: Ազատելու հրամանի հիմքում նշված է եղել, որ, համաձայն Երեւանի քաղաքապետի 2008 թ. փետրվարի 1-ի Հ 373-Ա որոշման, ընկերության կառուցվածքում կատարվել է փոփոխություն եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ կետի համաձայն, Լուսինեին ազատել են աշխատանքից: Սակայն նույն օրը աշխատանքի է ընդունվել նոր աշխատող, այսինքն՝ նրա աշխատանքից ազատելը հաստիքի կրճատում չէր: Լ. Բաբագուլյանը դիմում էր ներկայացրել քաղաքապետին եւ 2008 թ. հունիսի 2-ին ստացել մերժող պատասխան, իսկ աշխատանքից ազատման մասին նրան վերջնական հայտնվել է 2008 թ. հունիսի 2-ին:

Լ. Բաբագուլյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ պարտադրել պատասխանողին, որպեսզի վճարի հարկադիր պարապուրդի համար: 2008թ. օգոստոսի 4-ի դատական նիստում քննվել է քաղաքացիական գործը: Պատասխանողի՝ Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ ներկայացուցիչ Տ. Խուրշուդյանը առարկել էր հայցի դեմ, նշելով, որ հաստիքի կրճատման մասին պատշաճ նախազգուշացվել է, հաշվապահությունը կատարել է վերջնահաշվարկ եւ տրամադրել ազատման նպաստ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1-ին կետի համաձայն էլ, աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում, աշխատողը համապատասխան հրամանը ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում իրավունք ունի դիմել դատարան, իսկ Լ. Բաբագուլյանը դատարան է դիմել 2 ամիս 10 օր անց: Դատարանը Լուսինե Բաբագուլյանի հայցը մերժել է:

Լ. Բաբագուլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Մանուկյանը բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, նշելով, որ քաղաքապետի վերոհիշյալ որոշմամբ՝ ընկերությունում պետք է իրականացվեին զուտ կառուցվածքային փոփոխություններ, բայց բաժինը պարզապես անվանափոխվել է, իսկ իր վստահորդի զբաղեցրած պաշտոնն ընդհանրապես չի փոխվել, այլ նրա փոխարեն ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը (Է. Զարգարյանը) աշխատանքի է ընդունել մեկ ուրիշին, նույնիսկ երկուսին, որոնք կատարում են Լ. Բաբագուլյանի աշխատանքը, եւ պարզապես փոփոխություններ են արվել զուտ զբաղեցրած պաշտոնների անվանումներում: Բաժնի անունը փոխվելուց բացի, այդ բաժնում ուրիշ ոչինչ չի փոխվել: Փաստորեն, Լ. Բաբագուլյանին աշխատանքից ազատելը չունի ոչ մի իրավական հիմք, պարզապես տնօրենը նրա փոխարեն աշխատանքի է ընդունել իր քարտուղարուհու քրոջը: Ա. Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, որոնք ազդել են գործի ելքի վրա: Օրինակ, դատարանը, տեսնելով, որ հայցվորի համար անհնար է քաղաքապետարանից ստանալ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ-ի վերակազմավորման վերաբերյալ փաստաթղթերը, աշխատակիցների հաստիքացուցակը, եւ չնայած իրենց բազմաթիվ պահանջներին, հարկ չի համարել իր անունից պահանջել նշված փաստաթղթերը, որոնք էական նշանակություն կունենային գործի ելքի վրա: Սակայն վերաքննիչը, այս փաստարկները նույնպես հաշվի չառնելով, մերժել է վերաքննիչ բողոքը: Ի դեպ, Լ. Բաբագուլյանի ներկայացուցիչ Ա. Մանուկյանը մի քանի անգամ դիմել էր նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար, որոնցով նա կարող էր հիմնավորել իր վստահորդի նկատմամբ կատարված անօրինականությունները, սակայն որեւէ պատասխան չէր ստացել: Փաստաբան Արմեն Մանուկյանի կարծիքով, քաղաքապետարանի միտումնավոր անգործության հետեւանքով է իր վստահորդը զրկվել դատական պաշտպանությունից: Նա ստիպված քաղաքապետին էր ներկայացրել դիմում-բողոք, որում մանրամասն ներկայացրել էր, որ բարեխիղճ աշխատող է եղել եւ տնօրենի ժ/պ Էդմոն Զարգարյանի քմահաճույքն է եղել իրեն աշխատանքից ազատելու պատճառը: Քաղաքապետի համար նշանակություն չի ունեցել նույնիսկ այն հանգամանքը, որ Լ. Բաբագուլյանի ամուսինը արցախյան պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ եւ բուժման կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել