Ասում է արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը:
– Պարոն Նավասարդյան, ի՞նչ գործառույթներ ունեն ՔԿԱԳ գործակալությունն ու համանուն բաժինները:
– Քաղաքացիական կացության ակտով սահմանվում է անձի իրավական կարգավիճակը, ինչը եւ թույլ է տալիս անհատականացնել մարդուն այլ քաղաքացիների միջավայրում (անունը, տարիքը, ազգությունը եւ այլն): Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության առումով եւս: Այս ամենով հանդերձ, պետք է նշեմ, որ մեր ազգաբնակչության մի ստվար խմբի մոտ մեր ոլորտի վերաբերյալ դեռեւս որոշ թյուրըմբռնումներ կան: Այսպես, մինչ օրս որոշ քաղաքացիների մոտ թյուրիմացաբար ձեւավորվել է կարծիք, թե Հայաստանում գործող ՔԿԱԳ տարածքային բաժինները պատկանում են արդարադատության նախարարությանը եւ ղեկավարվում են վերջինիս կողմից: Այս առումով ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով, իսկ վերջերս նաեւ «Երեւան քաղաքի մասին» օրենքի համաձայն, ՔԿԱԳ տարածքային բաժինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում է համապատասխան կառույցը: Արդարադատության նախարարությունը՝ գործակալության միջոցով, իրականացնում է տարածքային այդ բաժինների մեթոդական ղեկավարումը եւ վերահսկողությունը, ուսումնասիրում է նրանց գործունեության դեմ ուղղված բողոքները, կատարում գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ, ամփոփում է ոլորտին վերաբերող վիճակագրությունը եւ այլն:
Ի՞նչ եք անում ստուգումներից հետո:
– Արդեն ունենք դեպքեր, երբ ստուգումների արդյունքներով որոշ բաժինների պետեր ու աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, մի քանի դեպքում էլ՝ ընդհուպ մինչեւ զբաղեցրած պաշտոնից հեռացման: Չեմ կարող չանդրադառնալ նաեւ այն փաստին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2007թ. հուլիսի 1-ից, միջազգային որդեգրումների եւ երեխաների առեւանգման խնդիրների հետ կապված, հանդես է գալիս որպես կենտրոնական մարմին, ուստի մեր գործակալությունն որոշակի գործառույթներ է կատարում նաեւ այս գործերի ուսումնասիրություններով:
– Պարոն Նավասարդյան, պարզեցվե՞լ են այն ընթացակարգերը, որոնք դժվարացնում են քաղաքացիների հետ հարաբերությունները:
– Այսօր, ինչպես դատական համակարգում, այնպես էլ մեր ոլորտում, նկատվում է փաստաթղթաշրջանառության կտրուկ աճ: Քաղաքացիները սկսել են հաճախակի դիմել ՔԿԱԳ բաժիններ՝ սկսած ծննդյան վկայականների բնօրինակները տրամադրելու պահանջներից մինչեւ ամուսնության վկայականներ ստանալը: Սա ունի մի քանի հիմնավորում. նախ հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ազատ հնարավորություն է տրված տեղաշարժվելու, երկրից ինչպես ազատ դուրս գալու, այնպես էլ մուտք գործելու, որով էլ պայմանավորված է քաղաքացիա-իրավական հարցերի ակտիվ շրջանառությունը: Մյուսն էլ, կարծում եմ, քաղաքացիների իրավագիտակցության աճն է եւ պետական մարմինների հանդեպ ունեցած վստահությունը: Իրականում մեզ մոտ որոշ խնդիրներ կային տարածքային բաժինների կողմից նախկինում տրված վկայականներում պարունակող գրառումների եւ ակտային գրանցամատյաններում հակասությունների ուղղման, փոփոխման, ճշգրտման աշխատանքներում: Ուստի այս առումով պատրաստել ենք ՔԿԱԳ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մի շարք օրենսդրական առաջարկություններ, որոնք ԱԺ-ում ընդունվել են առաջին ընթերցմամբ: Մասնավորապես, եթե նախկինում քաղաքացուն տրված որեւէ վկայագրում ցանկացած մի տառի կամ բառի պատճառով տարածքային բաժնում կազմվում էր եզրակացություն, այնուհետեւ այն ուղարկվում էր գործակալություն՝ հաստատման համար եւ նորից ետ էր ուղարկվում տարածքային բաժին, ապա օրենքի նախագծում առաջարկվող նոր լրացումների շնորհիվ հնարավոր կդառնա քաղաքացիների համապատասխան փաստաթղթերում այդ ուղղում-փոփոխումների կատարման լիազորությունը վստահել տարածքային բաժիններին:
Պատրաստում ենք նաեւ մի շարք օրենսդրական առաջարկություններ, որոնք նախատեսում են պարզեցումներ մահացած ծնված կամ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխաների, գտնված եւ ընկեցիկ երեխաների ծննդյան գրանցումներում: Առաջիկայում հնարավոր կլինի կիրառել համապատասխան լիազորագրով ամուսնալուծությունների իրականացում, երբ անհրաժեշտ չի լինի կողմերից որեւէ մեկի ներկայությունը եւ բավարար կլինեն միայն նրա ներկայացուցչի տրամադրած փաստաթղթերը: Արդեն իսկ իրականացված բարեփոխումներից մեկի արդյունքում՝ 2007թ. նոյեմբերին ՀՀ կառավարության N 1031 որոշման համաձայն, քաղաքացիներին՝ ՀՀ տարածքում ամուսնության բացակայության եւ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրվում է միայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Նախկինում նման տեղեկանք տրվում էր տարածքային բաժնի կողմից, այն էլ միայն այդ տարածքի մասով, իսկ այժմ նման տեղեկանքը տրվում է ողջ հանրապետության տարածքի հաշվառմամբ: Այս տեղեկանքի կարեւորությունը ընդգծվում է հատկապես օտարերկրացիների հետ ամուսնությունների գրանցման ժամանակ: Նման կարգի սահմանումը հնարավորություն տվեց կանոնակարգել տվյալ բնագավառի աշխատանքները, ինչպես նաեւ սահմանել տրվող տեղեկանքի միասնական նմուշը: Հավելեմ նաեւ, որ ի գիտություն մեր քաղաքացիների, նրանք, ովքեր բնակվում են արտերկրում, համանման տեղեկանքներ ձեռք բերելու համար կարիք չունեն անձամբ ներկայանալու նախարարություն եւ ձեռք բերելու այդ տեղեկանքը: Նրանք կարող են այդ հարցով դիմել իրենց բնակության վայրում գործող ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ներկայացուցչություններ, որոնց միջոցով եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հարցման շնորհիվ մենք տրամադրում ենք այդ տեղեկանքները: Իսկ նման հարցումների եւ տեղեկանքների տրամադրումը այսօր բավականին զգալի թիվ է կազմում:
– Պարոն Նավասարդյան, իմ համոզմամբ՝ շատերին կհետաքրքրի ձեր ոլորտին առնչվող որոշ վիճակագրական տվյալների հրապարակումը:
– Վիճակագրական թվեր եւ փաստեր թվարկելիս, անշուշտ, չեմ կարող ուրախությամբ չհիշատակել այն փաստը, որ հանրապետությունում անհամեմատ ավելանում է ծնունդների թիվը: Այսպես, եթե 2000-2007թթ. մենք չէինք կարողանում հաղթահարել ծնունդների 40 000-ի շեմը, ապա 2007-ին հանրապետությունում գրանցվել է 40 844, իսկ 2008-ին՝ 41 406 ծնունդ: Ավելացել են նաեւ ամուսնություններն ու որդեգրման դեպքերը: 2008թ. ունեցել ենք 18 236 ամուսնություն՝ ի տարբերություն նախկին տարիների, երբ գրանցվում էր 10-15 հազար ամուսնություն: Անցած տարի արդեն գրանցվել է 180 որդեգրում: