Արդեն մի քանի օր է՝ Աբովյան-Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկին հարող հատվածում կանաչապատ տարածքը ինչ-որ մարդիկ սալիկներով պատել են՝ տեղում հավանաբար փոքրիկ կրպակ, պաղպաղակի սարք կամ «մինի» սրճարան հիմնելու նպատակով: Նույն պատկերն է նաեւ Սայաթ-Նովայի փողոցի մեկ այլ հատվածում՝ «Անի» հյուրանոցից դեպի Խանջյան տանող փողոցի եզրին: Չնայած սալիկները շարված են առանց «ցեմենտ-բետոնի», բայց արդեն գազոնին վնաս է հասցվել:
Երեկ «Առավոտն» այս առնչությամբ փորձեց Կենտրոն համայնքի կանաչապատ տարածքների համար պատասխանատու «Կենտրոն կանաչապատում» ընկերությունից պարզել, թե գազոնապատ տարածքներն ի՞նչ նպատակով են սալիկապատվել: Ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանը մեր ահազանգից հետո այցելելով նշյալ հասցե, ժամը մոտավորապես 17-ի դրությամբ, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սալիկները հանված են: Պարոն Մարուքյանն ասաց, որ դրանք հանվել են մի քանի օր առաջ, սակայն նկատենք, որ մեր տեսախցիկը այդ պատկերը ֆիքսել էր նախօրեին: Պարոն Մարուքյանը նաեւ հայտնեց, որ քաղաքապետի նախաձեռնությամբ ու հանձնարարությամբ, նշյալ փողոցում պետք է ավելացվեն ծաղկային ու սիզամարգային տարածքները: