Չնայած ցրտի պատճառով պտղատու այգիներին հասցված վնասի չափերը դեռ ճշտվում են, մարզպետարաններում արդեն գիտեն, թե որ պտուղներն են հատկապես ցրտահարվել:
Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով մի շարք մարզերում գյուղացիների այգիները ցրտահարվեցին: Հողի հետ գործ ունեցող մարդիկ վստահեցնում էին, որ ցրտից հիմնականում տուժել են ծիրանենին եւ դեղձենին, որոնք ապրիլի առաջին կեսի բարձր ջերմաստիճանի պատճառով հասցրել էին ծաղկել: Հակառակ մարզերի բնակիչների հավաստիացումներին, որ իրենց այգիները տուժել են՝ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները համոզիչ ելույթներ են ունենում, թե՝ ցրտահարությունից գյուղացու բերքը գրեթե չի տուժել: Մեզ հետ զրույցում մարզպետարանների գյուղատնտեսության վարչության աշխատակիցները նույնպես հիմնականում խուսափում էին ճշգրիտ տեղեկություններ հայտնել ցրտահարությունների տոկոսների վերաբերյալ, պատճառաբանելով, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը դեռ չեն ամփոփել, եւ վնասների չափը ճշտվում է: Գյուղատնտեսության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Աշուղյանն էլ «Առավոտին» ասաց, որ մի քանի օրից միայն կկարողանան հայտնել, թե կոնկրետ որ համայնքներում են ցրտահարություններ եղել եւ ինչ չափի:
Չնայած դրան՝ մենք, այնուամենայնիվ, վնասների չափի մասին փորձեցինք որոշ տեղեկություններ ձեռք բերել մարզպետարաններից: Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Յուրա Ազատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզի Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղերում ծիրանի, դեղձի, կեռասի եւ ընկույզի ծաղկած ծառերի մոտ 40%-ը ցրտահարվել է. «Վերջնական արդյունքները պարզ կլինեն 7-10 օրից: Ցրտահարություններ կան նաեւ Նոր Եդեսիայում եւ Սասունիկում»: Նախօրեին Արագածոտնի մարզի ցրտահարությունների մասին տեղեկատվություն էր տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ որի՝ նախնական տվյալներով ցրտահարվել են նաեւ մարզի Թաթուլ, Պարտիզակ, Ուշի, Աղձք, Արուճ, Արագածոտն, Կոշ եւ Արտենի գյուղերի այգիները:
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի տվյալներով, իրենց մոտ ցրտահարված է դեղձը՝ 20-30%-ով. «Մենք դիմումներ ենք ստացել հիմնականում Նոյեմբերյանի շրջանից: Մեզ մոտ ծիրան չկա, միայն դեղձ է, դրա համար էլ միայն դա է վնասվել: Չնայած դրան, ես կարծում եմ, որ այս տարի բերքն ավելի լավ կլինի, քան նախորդ տարիներին»:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության ավագ մասնագետ Կարեն Փարսադանյանն էլ հայտնեց, որ Մեղրիի եւ Կապանի տարածաշրջաններում են ցրտահարություններ եղել. «Վնասվել են բոլոր ծաղկած ծառերը»: Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի խոսքերով՝ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ջերմաստիճանի նվազումը ինչ վնաս է հասցրել իրենց համայնքների այգիներին. «Մենք 35 համայնք ունենք, պետք է բոլորն ուսումնասիրենք, վնասների չափը հաշվարկենք, նոր միայն կարողանանք տեղեկություններ հայտնել: Այս մի քանի օրն է արեւ, մնացած ժամանակ անձրեւ էր, չէինք կարողանում ուսումնասիրություններ անել: Երբ անենք՝ անպայման կհայտնենք ձեզ այդ մասին»: Նա էլ ասաց, որ Վայոց ձորում վնասվել են հիմնականում ծիրանն ու դեղձը:
Կոտայքի մարզում, ըստ գյուղվարչության պետ Մհեր Եղիազարյանի, վնասվել են կորիզավոր պտուղները. «Մեզ 1 շաբաթ է պետք, որ վնասի չափը որոշենք, սակայն նախնական կարող եմ ասել, որ ցրտահարություններ եղել են Նաիրիի շրջանում, Կոտայքի շրջանում՝ ավելի քիչ»: Լոռու մարզպետարանի նույն պաշտոնյան՝ Վոլոդյա Բունիաթյանը, նույնպես նախնական տեղեկություններ հայտնեց. «Ցրտահարվել են Թումանյանի շրջանի գյուղերի ծիրանենին, դեղձենին, ավելի քիչ՝ սալորենին, այսինքն՝ այն բոլոր ծառատեսակները, որոնք այդ ժամանակահատվածում արդեն ծաղկած են եղել՝ ցրտահարվել են»: Թումանյանի շրջանի համայնքներն են Դսեղը, Օձունը, Ճոճկանը, Այրումը եւ այլն:
«Ցրտահարությունների մասին դիմումներ ենք ստացել ընդամենը 2 համայնքից՝ Լուկաշին եւ Մրգաշատ, սակայն մեր հանձնաժողովն ուսումնասիրելու է մարզի բոլոր համայնքները, պարզելու, թե որտեղ է քիչ վնասներ հասցրել ապրիլի կեսի անակնկալ ցուրտը»,- տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը: Նրա փոխանցմամբ՝ իրենց մարզում ցրտից տուժել է միայն ծիրանենին:
Գեղարքունիքում եւ Արարատում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել: Սա մեզ հետ զրուցում մարզպետարանների աշխատակիցները տարբեր կերպ մեկնաբանեցին: Ըստ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի՝ իրենց մոտ ցուրտ չի եղել. «Միայն մեկ օր է փոքր-ինչ ցրտել, այն էլ 1-ի չի հասել ջերմաստիճանը»: Իսկ Գեղարքունիքի փոխմարզպետ Արտյուշ Ղուկասյանի խոսքերով, իրենց մոտ այնքան ցուրտ է, որ ոչ մի ծառ էլ դեռ չի ծաղկել, որ ցուրտը տանի. «Մենք Արարատյան դաշտավայրից 1-1,5 ամիս հետ ենք»:
Նշենք, որ ամեն տարի մարզպետարանների, գյուղապետարանների հայտնած տեղեկություններն այն մասին, թե ինչքան վնասներ են կրում ցրտահարության պատճառով, էականորեն տարբերվում են գյուղատնտեսության նախարարության տվյալներից: Պատճառն այն է, որ որքան մեծ լինի գյուղացու կորուստը՝ պետությունն այնքան շատ փոխհատուցում պետք է տա: