Երեկ Գործարարության աջակցման խորհրդի նիստում քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված ավելի քան մեկ տասնյակ առաջարկություններ: Խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի ներկայացմամբ, այդ առաջարկությունները հիմնականում վերաբերել են հարկային ու մաքսային ոլորտներում, առեւտրի բնագավառում, մասնավորապես՝ գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում եւ մի շարք օրենքներում ակնկալվող փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշվել է Պետեկամուտների կոմիտեում կազմակերպել դասընթացներ՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ներմուծողներին ընձեռվող որոշակի հնարավորությունների պարզաբանման, ինչպես նաեւ մաքսազերծման գործընթացն առավել հեշտ եւ հրապարակային դարձնելու նպատակով: