Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Ապրիլ 22,2009 00:00

\"\"Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մեկ ամսից ստեղծելու է հիփոթեքային ընկերություն, սակայն ընկերության անելիքները դեռեւս անորոշ են:

Կենտրոնական բանկը որոշել է Հայաստանում ստեղծել հիփոթեքային ընկերություն, եւ, չնայած այն հավաստիացումներին, որ մոտ մեկ ամսից արդեն հիփոթեքային հիմնադրամը կգործի, դեռեւս ոչինչ որոշված չէ. ո՞րն է ընկերության հիմնադրման նպատակը, ի՞նչ տոկոսադրույքով եւ քանի՞ տարով են տրվելու վարկերը, նույնիսկ շենքն ընտրված չէ, բայց ԿԲ-ն արդեն բարձրաձայնում է, որ ամենամոտ ապագայում նորաստեղծ հիմնադրամի շնորհիվ կավելանան բնակարանով ապահովված մարդիկ:

Հայտնի է միայն, որ հիփոթեքային ընկերությունը լինելու է պետական-մասնավոր կառույց՝ որպես վարկային կազմակերպություն: Հասկանալի է, որ ընկերությունը չի զբաղվելու բարեգործությամբ, այլ ընդամենը վարկեր է տրամադրելու: ԿԲ-ն, որպես նախնական հիմնադիր, ներդնելու է 5 մլրդ դրամ, ապա ներդրում կարող են կատարել նաեւ Հայաստանի կառավարությունը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները եւ միջազգային հեղինակավոր ներդրողները, որոնց օգնությամբ ԿԲ-ն նախատեսում է տարեվերջին հիմնադրամի կապիտալն ավելացնել մի քանի անգամ: Այսօր էլ Հայաստանում գրեթե բոլոր առեւտրային բանկերը տրամադրում են հիփոթեքային վարկեր՝ 14-20%-ով, առավելագույնը՝ 10 տարով: ԿԲ-ն վստահեցնում է, որ հիփոթեքային ընկերությունը ցածր տոկոսադրույքներով եւ երկարաժամկետ վարկեր է տրամադրելու: Թերեւս երկարաժամկետ ասվածն այս դեպքում պետք է լինի, ասենք, 15-20 տարի, ինչի համար բավականին լուրջ կապիտալ է անհրաժեշտ, եւ նախնական 5 մլրդ դրամը, մեղմ ասած, խնդրի լուծում չէ:

Ըստ ԿԲ-ի հաղորդագրության, երկարաժամկետ նորաստեղծ ընկերության շնորհիվ հիփոթեքային վարկերը կդառնան մատչելի, այսինքն՝ տոկոսադրույքները կլինեն ցածր, իսկ վարկերի մարման ժամկետները՝ երկար: Ուշագրավ է, որ ԿԲ-ն ակնկալում է, որ ընկերության ստեղծման համար ներդրումներ կանեն նաեւ առեւտրային բանկերը: Թերեւս ցանկացած բանկ, որն ունի ֆինանսական միջոցներ, կարող է այդ գումարներն օգտագործել իր բանկի հաճախորդներին ներգրավելու եւ նրանց վարկ տրամադրելու, ոչ թե այլ ընկերությունում ներդրումներ անելու համար:

Սակայն, հնարավոր է նաեւ, որ բոլոր այն բանկերը, որոնք մասնաբաժին կունենան նորաստեղծ ընկերության կապիտալում, ապագայում ինչ-ինչ արտոնություններից կօգտվեն:

ԿԲ-ի տեղեկացմամբ, մեր իշխանությունները՝ հիփոթեքային երկրորդային օպերատորի հիմնադրմամբ, նպատակ են հետապնդում լուծել բնակարանային ապահովվածության խնդիրները: Նշենք, որ այսօր բանկերից հիփոթեքային վարկ ստանալու համար միայն փաստաթղթերի ձեռքբերման վրա ծախսվում է ընդհանուր առմամբ 300 հազար դրամ, որի մեջ մտնում է տան գնահատումը, բրոքերի եւ այլ ծառայությունների գումարները:

Եթե նաեւ հաշվի առնենք, որ ճգնաժամի պայմաններում անշարժ գույքի շուկայում գործարքները խիստ նվազել են, ապա դժվար թե հիփոթեքային նոր ընկերության ստեղծմամբ՝ Հայաստանի իշխանությունները կարողանան բարելավել մարդկանց բնակարանային խնդիրները:

Տնտեսագետներից ոմանց հավաստմամբ, հստակ որոշված չեն ընկերության գործունեության պայմանները, ինչից էլ հետեւում է, որ այս գաղափարը թերեւս կմնա օդի մեջ:

Հիփոթեքային ընկերության ստեղծման վերաբերյալ մեզ հետ զրույցում տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Նմանատիպ տարբեր ծրագրեր են առաջ քաշվել, հետո այդ ամենը մոռացության է մատնվել: Այսօր արդեն ոչ ոք չի խոսում, ասենք, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու մասին: Մի ընդհանուր տենդենց կա՝ հանձնաժողովներ, խորհուրդներ կամ համահայկական բանկեր ստեղծելու: Այս ամենում գիգանտամանիայի էլեմենտներ կան, որի տակ բան չկա»: Պարոն Թեւանյանի խոսքերով՝ մեր իշխանությունները գուցե որոշել են հիփոթեքային ընկերություն ստեղծելով՝ աշխուժացնել այդ շուկան կամ մեղմել այդ շուկայի անկումային միտումները: Սակայն, տնտեսագետի ներկայացմամբ. «Անշարժ գույքի ոլորտում շարժ չկա, այդ շուկան ուղղակի կանգնած է, հունվար-մարտ ամսիներին շինարարական արտադրանքի ծավալները 21,9%-ով անկում են ապրել: Ուստի հնարավոր է, որ իրավիճակը փրկելու համար էլ որոշել են ստեղծել հիփոթեքային ընկերություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել