ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը պնդում է, թե իշխանության մաս դարձած ուժը չպիտի բերանը փակած նստի
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ մեր թերթում արտահայտած կշտամբանքին, թե ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն «գործադրում է իր գործընկերների կողմից վաղուց կիրառվող քարոզչական հնարքը, այն է՝ «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, որն արդեն հայտնի, եթե չասեմ՝ մաշված ընտրական տեխնոլոգիա է»՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն ասաց. «Կարծում եմ, կշտամբելու կարիք չկա՝ մենք այդ առիթը չենք տվել: Ընտրություններից առաջ կամ ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք ոչ թե ընդդիմանում ենք իշխանությանը կամ իշխանավորներին, այլ խոսում ենք երկրի թերությունների, իշխանավորների թերացումների մասին. դրանք կարող են նաեւ մեզ վերաբերել, քանի որ այդ իշխանության մեջ մենք էլ կանք: Այսինքն՝ եթե նույնիսկ մեզ է վերաբերվում՝ էլի չենք խորշում խոսել այդ մասին: ՀՅԴ-ն ունեցել եւ այսօր էլ ունի նախարարներ, այսինքն՝ մենք իշխանության մաս ենք, բայց մենք խոսել ենք իշխանությունների թերությունների եւ այն բացթողումների մասին, որոնք իսկապես խանգարել են մեր երկրի առաջընթացին: Խոսել ենք շատ հրաշալի ձեւակերպումներով այն բոլոր ծրագրերի մասին, որոնք մնացել են թղթի վրա, չեն իրականացվել՝ տարբեր պատճառներով, ու նաեւ՝ այո՛, հենց իշխանության թերացման պատճառով: Բայց երբ նույնիսկ իշխանության մեջ գտնվող որեւէ քաղաքական ուժ խոսում է թերությունների մասին՝ սա երբե՛ք չի նշանակում, թե ընդհանրապես դեմ է դուրս գալիս իշխանական համակարգին: Կարծում եմ, սա նորմալ երեւույթ է: Եթե որեւէ քաղաքական ուժ դառնում է իշխանություն կամ իշխանության մաս, եւ ինքն այլեւս բերանը փակած պիտի նստի՝ ուրեմն, մտածում եմ, որ մեր երկիրը վերջանում է»:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 9-ին «Հայելի» ակումբում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ բանավեճի ընթացքում էլ էր Ռուզան Առաքելյանը նշել, թե կոալիցիայում գտնվելը չի նշանակում ծափահարել իշխանության տեսակետներին եւ միշտ լինել նրան համախոհ. «Կոալիցիա նաեւ նշանակում է լինել իշխանության մեջ եւ, այո՛, այլակարծիք լինել իշխանության մեջ, ունենալ տարբեր տեսակետ, տարբեր կեցվածք, եթե, անշուշտ, դրանք վերաբերում են մեր գերակա խնդիրներին, որոնք ճակատագրական կարող են լինել»: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չի դառնում այն դասական ընդդիմությունը, որի բացակայության մասին խոսում է Ռուզան Առաքելյանը՝ նա պատասխանել էր. «Դաշնակցությունը դասական ընդդիմություն է կոալիցիայի մեջ»: Այսինքն՝ օգտագործել էր հենց այն ձեւակերպումը, որն այժմ կիրառել է պրն Աշոտյանը:
Իսկ երեկ «Փաստարկ» ակումբում Ռուզան Առաքելյանը պատասխանելով ներկոալիցիոն պայքարի վերաբերյալ հարցին՝ ասաց. «Կարծում եմ, որ եթե մենք գործ ունենք առողջ քաղաքական ուժերի հետ՝ նրանք պիտի մի՛շտ լինեն պայքարի մեջ՝ եթե նրանց պայքարի նպատակը երկիրն ու ժողովուրդն են: Իսկ եթե կոալիցիոն ուժերն իրար դեմ պիտի պայքարի դուրս գան եւս մի իշխանական լծակ վերցնելու համար՝ ասում եմ, որ այդ պայքարը չի կարող օգտակար լինել մեր ժողովրդի համար»: