Հերթական անգամ հեռուստաընկերության արտոնագիրը փաստացի փոխանցել են այլ անձի: Տվյալ դեպքում՝ խոսքը «Comedy Club»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի մասին է:
Արթուր Ջանիբեկյանն այժմ նաեւ «Ա-TV» հեռուստաընկերության
տնօրենների խորհրդի նախագահն է:
«Երեւան» հեռուստաընկերությունը (կամ ինչպես իրեն վերջերս սկսել է անվանել՝ Ե1-ը) ամեն օր հեռարձակում է SMS-ներով փոխանցված այս կարգի հայտարարություններ. «Կկատարեմ կանանց ամենաամոթալի ցանկությունները, եւ հեռախոսահամար, կամ՝ «Ամուսիններին դավաճանել ցանկացող կանայք՝ զանգահարեք», եւ էլի հեռախոսահամար: Այս հայտարարություններին զուգահեռ՝ ավելի վաղ հաղորդվում էր, թե դրանք գրաքննվում են, եւ դուրս են բերվելու գովազդային ու քաղաքականությանը վերաբերող հաղորդագրությունները: Սա՛ է Հայկական հեռուստատեսության պատկերը՝ կարելի է անպատիժ օրինախախտումներ անել, գովազդել անգամ սեքս ծառայություններ, եւ միայն քաղաքականությունն է գրաքննվում:
Այս զուգահեռի առիթը դարձավ հեռուստաոլորտում հերթական օրինախախտման մասին լուրը, ըստ որի՝ «ԱրմենԱկոբ TV» ՍՊԸ-ին արտոնագրով հատկացված 31-րդ դեցիմետրային կապուղին այսուհետ տնօրինելու է այլ ընկերություն: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքէջում երեկ արդեն փոփոխություն է արվել եւ որպես այդ ալիքի սեփականատեր նշված է «Ա-TV» ՍՊԸ-ն (նշենք, որ 31-րդ կապուղու համար տրված արտոնագրի ժամկետը լրանում է 2010-ի հուլիսի 30-ին):
Սա արտոնագրատիրոջ փաստացի փոփոխության երկրորդ դեպքն է: Առաջինը 37 կապուղով հեռարձակվող «Կենտրոն» հեռուստաընկերությունն է, որն արտոնագիր ստանալուց հետո արդեն 3 տարբեր տերեր է ունեցել:
Մինչդեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 47 հոդվածի համաձայն՝ «Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի»: Նույն օրենքի 55 հոդվածի համաձայն՝ ՀՌԱՀ-ը կարող է արտոնագիրը չեղյալ հայտարարել, եթե «տեղի է ունեցել արտոնագրի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց»: Սակայն ՀՌԱՀ-ը դա չարեց անցած անգամ, չի անի, բնականաբար, նաեւ այժմ: Այս դեպքում էլ ներկայացվում է նույն պատճառաբանությունը, ինչ հնչել էր նաեւ «Կենտրոնի» սեփականատիրոջ փոփոխությունների պարագայում: «Ա-TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը (նա հեռուստադիտողներին հայտնի է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրից) «Առավոտին» հայտնեց. «Արտոնագրի վաճառք չէր կարող տեղի ունենալ, քանի որ դա արգելված է օրենսդրությամբ: Ընդամենը տեղի է ունեցել ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների փոփոխություն՝ օրենքով եւ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժնեմասեր ձեռք բերելու միջոցով: Վերոնշյալ փոփոխությունն օրենքով նախատեսվող ընթացակարգով գրանցվել է պետական ռեգիստրում, ու ՀՌԱՀ-ի կողմից նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության հիման վրա՝ վերաձեւակերպվել ու տրվել է «Ա-TV» անվամբ հեռուստաընկերության հեռարձակման իրավունքի արտոնագիր: Միով բանիվ, օրենսդրության սահմանված կարգով «ԱրմենԱկոբ» անվանումը փոխարինվել է «Ա-TV» անվամբ»: Թվում է՝ գտնված է արտոնագիրը փոխանցելու վերաբերյալ օրենսդրական արգելքը շրջանցելու ճանապարհը: Սակայն մի բայց կա՝ ո՛չ նախկինում «Կենտրոնի», ո՛չ էլ «ԱրմենԱկոբի» պարագայում ավելի վաղ հայտնի չէր, թե դրանք բաժնետիրական ընկերություններ են: Այդ մասին երկու դեպքում էլ խոսվեց միայն սեփականատիրոջ փոփոխությունից հետո: Եվ ի դեպ, եթե արտոնագրատերն իրոք չի փոխվել՝ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է ՀՌԱՀ-ն այժմ ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանի սեփականությունը համարվող «Կենտրոնի» թույլ տված խախտումների համար տուգանում այդ կապուղու արտոնագրատիրոջը՝ «Շարմ» ընկերությանը:
Անդրադառնանք այն հարցին, թե ովքեր են «Ա-TV»-ի սեփականատերերը: Ըստ Վահե Ղազարյանի՝ «Ա-TV հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը 2008-ի հունվարին ձեռք է բերել «Հոպար Մեդիա» ընկերությունը: Որոշակի ժամանակահատված զբաղեցնելով «ԱրմենԱկոբի» գլխավոր տնօրենի պաշտոնը եւ նկատի առնելով հեռուստաընկերության ուրվագծվող խոստումնալից հեռանկարը՝ որոշեցի իմ ներդրումն ունենալ նորացվող հեռուստաալիքի մեջ՝ փոքրիկ բաժնեմասով»: Մեր հարցին, թե արդյոք «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերերն են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, որը նաեւ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է, ու «Comedy Club»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը՝ Վահե Ղազարյանը պատասխանեց. «Արթուր Ջանիբեկյանն «Ա-TV» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: Դա հայեցակարգային պաշտոն է: Նկատի ունենալով հեռուստատեսային ոլորտում նրա գիտելիքները, փորձը, հաջողությունները, անձի հեղինակությունն ու վարկանիշը՝ մենք խնդրել ենք պարոն Ջանիբեկյանին աջակցել մեզ նոր ստեղծվող հեռուստաալիքը կատարյալ դարձնելուն ուղղված մեր ջանքերին ստեղծագործական մասով աջակցելու համար: Նա սիրով համաձայնել է, ինչի համար նրան հայտնում ենք մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը: Հավելեմ նաեւ, որ նա համաձայնել է մեր առաջարկին «Ա-TV»-ի միջոցով հայ հեռուստադիտողին ներկայացնել իր նախաձեռնություններն ու հեռուստածրագրերը, որոնք մեծ պահանջարկ են վայելում ռուսական ծանրակշիռ հեռուստաալիքներում (իրոք մեծ պահանջարկ են վայելում՝ ըստ Արթուր Ջանիբեկյանի իսկ հրապարակած տվյալների՝ 2008-ին իր ղեկավարած ընկերության շրջանառությունը եղել է 57-62 մլն դոլար.- Ա. Ի.): Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ապա նա որեւէ առնչություն չունի «Ա-TV» հեռուստաընկերության հետ»: Սակայն հանրահայտ է Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի մտերմությունը, եւ նրանք նաեւ «Ջազվե» սրճարանային ցանցի համասեփականատերերն են:
Նշենք հեռուստաոլորտում եւս մի փոփոխության մասին՝ «Հայ TV»-ն ռուսական ՀըԽ բիզնես հեռուստաալիքի հետ պայմանագրի շնորհիվ ապրիլի 20-ից վերափոխվել է տնտեսական ուղղվածություն ունեցող ալիքի (նշենք, որ այս հեռուստաընկերության արտոնագրի ժամկետն արդեն իսկ լրացել է ապրիլի 12-ին, սակայն ԱԺ ընդունած օրենքի հետեւանքով, որով արգելվեցին մրցույթները՝ արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2011-ի հունվարը): Տնտեսական ալիքի նորամուտը կարելի էր միայն ողջունել, եթե չլիներ մի էական վերապահում: 2002-ի ապրիլին, երբ «ՇԱՐԿ» ՍՊԸ-ն արտոնագիր էր ստանում 45 կապուղով «Հայ TV»-ն հեռարձակելու համար՝ մրցութային առաջարկում ներկայացված ծրագրային քաղաքականության մեջ խոսք անգամ չկար տնտեսական ուղղվածության մասին: Մինչդեռ այդ նույն օրերին «Ա1+»-ին մերժեցին կապուղի տրամադրել՝ նաեւ պատճառաբանելով, թե ծրագրային քաղաքականությունը մրցութային առաջարկում չի մանրամասնել՝ զրկելով ՀՌԱՀ-ին վերահսկելու հնարավորությունից: Մասնավորապես ՀՌԱՀ անդամ Մուշեղ Հովսեփյանը, որը «2» էր գնահատել «Ա1+»-ին, իսկ «Շարմին»՝ «4», ապրիլի 2-ին «Առավոտին» ասել էր, թե «Ա1+»-ն «ահավոր» առաջարկ է կազմել. «Ստեղծագործական, մանավանդ ծրագրային քաղաքականությունն ինձ չբավարարեց»: Հավելել էր, թե այս պայմաններում «ախր, ես ինչպես կարող եմ 7 տարի վերահսկել «Ա1+»-ին։ Նա կասի՝ ինչ որ գրել եմ, դա եմ կատարում, դրա տերն եմ։ Ես էլ ասում եմ՝ թերի էր դա»։
Հայտնի է, որ ՀՌԱՀ-ն անցած 7 տարում որեւէ հեռուստաընկերության գոնե չի զգուշացրել արտոնագրի պայմանները խախտելու համար: Ավելի՛ն՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը վերջերս ներկայացնելով 2008-ին հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը՝ տեղեկացրել էր, որ ուսումնասիրել են երեւանյան հեռուստառադիոընկերությունների 48576 ժամ տեսաձայնագրություններ, որեւէ հեռուստառադիոընկերության նկատմամբ վարչական տույժեր չեն կիրառել: Այդ պատճառով եմ վերստին պնդում՝ մեր հեռուստաընկերությունները կարող են անպատիժ գործել ցանկացա՛ծ օրինախախտում՝ հսկողություն կա միայն քաղաքականության նկատմամբ: