Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ բոլորն են ցանկանում, որ ճշմարտությունը հնչի»

Ապրիլ 22,2009 00:00

Դժգոհում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը

– Դեռ մեկ ամիս առաջ ասել էիք, որ պատրաստվում եք հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Կատարե՞լ եք Ձեր մտադրությունը:

– Եղել է աշխատանքային խորհրդակցություն պարոն Հարությունյանի հետ, այն հարցերը, որ տալիս ենք փոխոստիկանապետերին, տվել եմ նաեւ նրան, ստացել եմ պատասխանները եւ տեղեկացրել հանձնաժողովին: Բայց հանձնաժողովի մոտ էլի հարցեր կան, եւ եղավ առաջարկ, որ, ամեն դեպքում, Հ. Հարությունյանը պետք է հրավիրվի հանձնաժողով: Հանձնաժողովի եզրակացության մեջ անդրադարձ է լինելու մեր առջեւ դրված երեք կետերից երկուսին՝ բռնություններին եւ ոստիկանության գործողությունների իրավաչափությանը: Վերջին 3-4 ամիսներին հանձնաժողովը փորձում էր խորանալ «Չերյոմուխա-7»-ի հարցում, որ գոնե ճշտեր «Չերյոմուխա-7»-ից զոհված երեք քաղաքացիների մահվան հանգամանքները: Ցավոք՝ ապարդյուն: Մենք ուսումնասիրում ենք նաեւ հրազենից զոհվածների մասով բոլոր փորձագիտական եզրակացությունները եւ չենք կարողանում այդ կապակցությամբ եւս որեւէ եզրակացություն անել, որովհետեւ փորձաքննությունների արդյունքում, մասնավորապես, երբ պահպանված է գնդակը, որեւէ ոստիկանի կրած զենքի հետ այդ գնդակը չի համապատասխանում: Սկսեցինք հանդիպել զոհվածների ծնողների, վկաների հետ, որպեսզի փորձենք նրանց միջոցով նոր փաստեր ձեռք բերել: Եվս ապարդյուն էր: Մտահոգիչ է, որ թեպետ իրադարձությունները տեղի են ունեցել հազարավոր մարդկանց ներկայությամբ, սակայն որեւէ մեկը չի ցանկանում տեղեկություն հաղորդել, թեկուզ՝ գաղտնի: Եվ սա գրեթե անհնարին է դարձնում այս պահին մահվան հանգամանքների բացահայտման խնդիրը:

– Փաստահավաք խումբը ստեղծվեց ձեր հանձնաժողովին աջակցելու համար, սակայն տեւական ժամանակ է՝ այդ խմբից ձայն չկա: Խմբի որոշ անդամներ շրջում են թիկնապահներով: Դուք տեղյա՞կ եք՝ այդ ինչ բացահայտումներ են անում, որ վախենում են իրենց անձի համար: Այս ընթացքում ի՞նչ կարեւոր ինֆորմացիա եք ստացել խմբից, ի՞նչ կարգի շփումների մեջ եք;

– Ես փաստահավաք խմբի հետ խո սում եմ մամուլի միջոցով, որովհետեւ իրենց կողմից կոնտակտի մեջ մտնելու որեւէ ցանկություն չտեսա: Եթե իմ կողմից նախաձեռնությունը շատ է լինում՝ կարող է այլ կերպ ընկալվել նրանց կամ նրանց նշանակողների կողմից: Այդ իսկ պատճառով, բաց լինելով, նախաձեռնությունը թողել եմ իրենց: Բազմիցս կրկնել եմ, որ բոլոր մյուս հարցերի հետ կապված հանձնաժողովն ունի բավարար նյութեր, բաց է մնում զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը: Քանի որ իրենք մասնագետներ են, եւ իրենց միակ զբաղվածությունը պետք է լինի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը, լավ կլիներ, որ կենտրոնանային դրա վրա: Գուցե ինչ-որ նյութ իրենք ունեն, որը շատ հետաքրքիր կլիներ, եթե ես իմանայի եւ փորձեի հրապարակային հետաքննել: Գուցե անհրաժեշտ էր համագործակցել, նրանք՝ իրենց պրոֆեսիոնալիզմով, հանձնաժողովն՝ իր հրապարակայնությամբ: Ինչ նյութ իրենք ցանկացել են, կամ ինքս մտածել եմ, որ դա իրենց համար կարող է օգտակար լինել, ես տվել եմ: Որեւէ բան իրենցից չեմ ստացել, համագործակցության որեւէ առաջարկ չի եղել: Հրավիրել եմ մեր նիստերին՝ չեն եկել, ավելին, իրենք կարող են իրենց ուզած հարցը տալ, մենք ուղղենք հանձնաժողով եկած փոխոստիկանապետերին կամ այլոց. չի եղել նման բան: Հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացրեցին՝ սպասելով խմբի ինֆորմացիային, բայց իմ մեջ փոքր-ինչ մտահոգություն կա:

– Դուք ինչո՞վ եք բացատրում, որ փաստահավաք խումբը հակված չէ համագործակցության, եւ ինչո՞ւ եք մտահոգ:

– Վերջնական եզրակացության մեջ ես ասելու եմ այն մտքերը, որ այս ամիսների ընթացքում կուտակվել են, ասելու եմ, որ ոչ բոլորն էին ցանկանում, որ ճշմարտություններ հնչեն: Եթե հանձնաժողովին մասնակից լինեին ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, ապա իրոք վերջակետ կդրվեր այս ամենին, այդ վերջակետ դնելու ցանկությունն է, որ բացակայում է:

– Ուզում եք ասել, որ փաստահավաք խո՞ւմբը չի ուզում վերջակետ դնել:

– Աստված տա, որ փաստահավաք խումբը կարողանա վերջակետ դնել, ես դա ուզում եմ, բայց այս աշխատաոճը եւ ամեն ինչը, այս երկար ժամանակը… Աստված տա՝ ես սխալվեմ, բայց այս ամենը մտահոգություններ է առաջացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել