Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՂ ՄՈՌԱՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

Ապրիլ 22,2009 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը եւ հավելեց, որ ԼՂՀ-ում հասկանում են ՀԱԿ-ի հրահրած ինտրիգը:

– Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ անհնար է հայ-թուրքական սահմանի բացումը. դա ԼՂՀ-ում մտահոգություններ չի՞ առաջացնում:

– Թուրքիայի պարոն վարչապետն ինքը պետք է մոռանա հայ-թուրքական սահմանի բացման մասին, եթե դրա նախապայմանը ղարաբաղյան խնդրի կարգավորման այն տարբերակն է, որն ինքն է պաշտպանում:

– Հայկական քաղաքական շրջանակներում, մասնավորաբար՝ արմատական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գնում են ազատագրված տարածքների վերադարձի գնով ԼՂՀ հարցի լուծմանը եւ որպես արդյունք՝ հայ-թուրքական սահմանի բացմանը: Ի դեպ, ՀԱԿ-ը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել սատար կանգնել Ղարաբաղի ժողովրդին՝ երբ նրանք կընդվզեն:

– ԼՂՀ հարցի կարգավորման այդ մոդելը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ձեւավորվել է Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարության ժամանակ, եւ իրենք էլ գերազանց գիտեն, որ ԼՂՀ խնդրի լուծման որեւէ այլ տարբերակ միջազգային միջնորդները երբեւէ չեն առաջարկել: Միջազգային միջնորդների այդ առաջարկները շրջանառվել են առնվազն 1993 թվականից, երբ առաջին նախագահը Ստեփանակերտում ծանր եւ երկարատեւ բանակցություններ էր վարում, որպեսզի ղարաբաղյան կողմը ստորագրի Քելբաջարից զորքերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչո՞ւ են մոռանում: Սա է միջնորդների մեթոդոլոգիան. այլ բան է՝ իշխանությունները գնո՞ւմ են այդ լուծումներին, թե՞ ոչ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում է, որ ԼՂՀ ժողովուրդն այս պահին պիտի դիմի իր օգնությանը, ապա, մեղմ ասած, դա իրավիճակի թյուրընկալում է: ԼՂՀ ժողովուրդը չի դիմի Տեր-Պետրոսյանի աջակցությանը, որովհետեւ ԼՂՀ ժողովուրդը քաջ գիտի խնդրի կարգավորման այն տրամաբանական շարքը, որը նա դրել էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» իր հայտնի հոդվածում: Այնպես որ, մարդկանց հիշողությունն այնքան էլ կարճ չէ, ինչպես, երեւի, թյուրիմացաբար կարծում են:

– Բայց եթե այն ժամանակ խոսվում էր ազատագրված երեք շրջանների վերադարձի մասին, հիմա խոսքը բոլոր շրջանների մասին է՝ ներառյալ Լաչինի միջանցքը. ստացվում է, որ հիմա հարցի կարգավորման ավելի վատ տարբերակ է առաջարկվում:

– Ես չգիտեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ քանի շրջանի մասին է խոսվել, ինքը չի հրապարակել, Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի հրապարակված տեքստն ինձ չի հուշում, որ նա խոսել է մեկ, երկու, թե քանի շրջանի մասին: Այսօր էլ չեմ կարող ասել, թե քանի շրջանի մասին է խոսքը: Ես, ընդհանրապես, մի բան եմ ասում, որ միջազգային միջնորդները խնդրի կարգավորման մեթոդաբանության մեջ ի սկզբանե դրել են այդ սկզբունքը՝ ԼՂՀ-ի շրջակա տարածքներից զինված ուժերի դուրսբերում, որին պետք է հաջորդեն կողմերի միջեւ բանակցությունները՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի խնդրի շուրջ: Սա որեւէ մեկի համար նորություն չէ, եւ ես զարմանում եմ, որ ինչ-որ մեկը տեսք է ընդունում՝ լինի նա ներկա արմատական, թե ոչ արմատական ընդդիմությունից, թե այսպիսի բան չի եղել, առաջին անգամ են ասում, եւ Հայաստանի իշխանություններն էլ ողջունում են դա: Ոչ, նման բաները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ասել, թե իշխանությունները գնում են այդ լուծմանը եւ եթե ԼՂՀ ժողովուրդը խնդրի՝ ընդդիմությունը սատար կկանգնի նրան… եթե այդ ընդդիմությունը գիտի, որ դա այդպես է, եթե ընդդիմությունը շահագրգռված է, որ ԼՂՀ ժողովրդի շահը պաշտպանի, ապա նա առանց ազդակների էլ պետք է պաշտպանի: Մենք ինտրիգը հասկանում ենք. մեր ձեռքերով դուք ցանկանում եք իշխանափոխություն կատարել, հա՞: Սա լուրջ վերաբերմունք չէ: Մենք երբեւէ Հայաստանում իշխանություն փոխելու, քաղաքական իրավիճակը սրելու խնդիր չենք ունեցել, նույնիսկ 1997-98 թվականներին: Մենք մեր տեսակետն արտահայտել ենք, եւ եթե անհրաժեշտություն լինի՝ եւս մեկ անգամ կարտահայտենք:

– Դուք հիմա կարո՞ղ եք պնդել, որ ԼՂՀ-ում վստահում են ՀՀ իշխանություններին եւ մտավախություններ չկան, որ հայ-թուրքական սիրախաղերից կտուժի ԼՂՀ-ն:

– Ես կարող եմ միանշանակ ասել, որ ԼՂՀ ժողովուրդը վստահում է իր իշխանություններին: Իսկ վերլուծաբանի իմ անձնական տպավորությունն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում ԼՂՀ ժողովրդի շահերը չեն տուժելու: Հայաստանի իշխանությունները չեն գնալու այնպիսի զիջումների, որպիսիք պահանջում է թուրքական կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել